Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԻՐՈՒՆԱՏԵՍ, ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ ԵՎ ԾԱԳՈՒՄՈՎ»

Հուլիս 16,1998 01:36
Gexam Gharibjanyan

Այսպես բնորոշեց Գեղամ Ղարիբջանյանն ինքն իրեն

«Ուրախ եմ, որ ձեր վերջին զոհն եմ»,- ասուլիսն այսպես սկսեց ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գեղամ Ղարիբջանյանը, որին թվացել էր, թե երեկվանից սպառվել է խորհրդարանական լրագրողների հավատարմագրման ժամկետը։ Բայց այսօր էլ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն է ասուլիս հրավիրել, այնպես որ, պրն Ղարիբջանյանը միայն նախավերջին զոհն է։ «Ուրեմն ես մատաղ եմ, զոհ չեմ»,- արագ վերաորակավորեց իր կարգավիճակը նա։

Չնայած առավել ճիշտ կլիներ հետեւյալ ձեւակերպումը, որ լրագրողներս ենք այս ասուլիսների զոհը։ Օրինակ, ինչքան էլ հումորով մարդ է Գեղամ Ղարիբջանյանը, եւ սովորաբար հաճելի է նրան լսել, բայց նույն զգացողությամբ երբեք հանձնաժողովի կատարած աշխատանքների հաշվետվություն չես լսի։ Հասկանալի է, որ պիտի աշխատեին, որոշ օրենքներ կարողանային անցկացնել, իսկ որոշներն էլ՝ ոչ։ Այս ամենը բնական եւ օրինաչափ աշխատանքային ընթացք չէ՞։

Գեղամ Ղարիբջանյանի հայտնած առավել հետաքրքրական տեղեկություններից էր, որ հանձնաժողովի ստացած մոտ 900 դիմումների շուրջ 99 տոկոսը նյութական օգնության խնդրանքներ են կամ չինովնիկների ապաշնորհ գործողությունների դեմ բողոքներ։ «Մարդկանց ընդամենը իրենց լսող է հարկավոր, բայց հանրապետությունում կտրուկ նվազել է լսողների քանակը։ Ավելի շատ են խոսողները»,- իր եզրակացությունը ներկայացրեց պրն Ղարիբջանյանը։

«Շամիրամ» խմբի մի պատգամավորուհի քաղաքացիների ընդունելությունից հետո մի քանի օր շարունակ չէր կարողանում հուզմունքը զսպել։ «Առավոտի» այն հարցին, թե ինքն իրեն ինչպե՞ս է զգում օգնություն խնդրող մարդկանց հետ հանդիպումներից հետո, Գեղամ Ղարիբջանյանը պատասխանեց. «Ցանկացած երեւույթ, երբ հաճախակի է լինում (թմրամոլության պես) այլեւս ազդեցությունն այն չի լինում։ Քանի որ մինչ ԱԺ-ում հայտնվելը 4 տարի սոցապնախարարությունում էի աշխատել՝ այդ զգացումները, ծանր տպավորությունն ինձ մոտ դեռեւս 1991-ին էին եղել։ Չեմ կարծրացել, բայց նաեւ սթափ եմ մոտենում»։ Ի դեպ, պարզվեց, որ ԱԺ նախագահն այս հանձնաժողովի միջոցով ամիսը մոտ 30 հոգու 8 հազարական դրամ օգնություն է ցույց տալիս, որոնց վերաբերյալ նախապես ուսումնասիրություններ են կատարվում։

Ինչեւէ, շտապենք թոշակառուներին ուրախացնել Գեղամ Ղարիբջանյանի հայտնած մի տեղեկությամբ։ Նախորդ օրը նա վարչապետի հետ էր հանդիպել, եւ ազդարարեց, որ աշնանը կառավարությունը նախատեսում է բարձրացնել կենսաթոշակները, ինչը 1 տարուց ավելի է, չէր եղել։ Բյուջետային հիմնարկների աշխատավարձերի բարձրացում, ըստ երեւույթին, միայն հաջորդ տարի կլինի։ Չնայած պրն Ղարիբջանյանն էլ արձանագրեց, որ դրանք այնքան չնչին են, որ ավելացումն էլ ոչինչ չի տա։ Հնարավոր ելքերից մեկը համարում էր նվազագույն սպառողական զամբյուղի մասին օրենքի ընդունումը, որի արժեքը Գեղամ Ղարիբջանյանը 55 դոլար գնահատեց։

«Վերջին ոլորտն, ինչպես միշտ, բնապահպանությունն է»,- այստեղ «շատ տխուր» վիճակ արձանագրելուց զատ՝ Գեղամ Ղարիբջանյանն առաջարկում էր Սեւանից ջուր բաց թողնել միայն համապատասխան օրենքներից հետո. «Եվ այլեւս ծիրանի ու լոլիկի բերքը փրկելու կամ ատոմակայանը հովացնելու համար եթե ԱԺ-ն պիտի որոշի չորացնել Սեւանը, ուրեմն պատասխանատվությունն էլ 131 պատգամավորներինը կլինի»։

Նյութի սկզբում նշեցինք, որ Գեղամ Ղարիբջանյանին սովորաբար հաճելի է լսել։ Անհրաժեշտ է վերապահում անել, թե խոսքը բարձրախոսով նրա ելույթներին չի վերաբերում, երբ անգամ նրա ձայնի հնչերանգն է փոխվում ու միապաղաղ դառնում։ Երբ ասուլիսում նրան ասացի այդ մասին՝ հումորով մարդու իր վարկը «փրկելու» համար մի անեկդոտ պատմեց։ Մեկն արծաթե ձկնիկ է բռնում եւ ցանկություն հայտնում, որ Ղարաբաղը տան հայերին. «Դա ոսկե ձկնիկի լիազորության հարց է»,- պատասխանում է արծաթեն։ Բայց երբ մարդն առաջարկում է իր աղջկան ամուսնացնել եւ լուսանկարն է ցույց տալիս՝ ձկնիկը երկար նայելուց հետո ասում է. «Մի աշխարհի քարտեզը բեր՝ տեսնեմ այդ Ղարաբաղը որտե՞ղ է»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Հարկ է երեւի նաեւ վերնագիրը պարզաբանել։ Պրն Ղարիբջանյանը նշում էր, թե իրենց հանձնաժողովում աշխատանքի բաժանում կա, եւ «միայն հանձնաժողովի նախագահի սիրունատես դեմքը չի երեւում»։ «Առավոտի» խնդրանքով նա պարզաբանեց, որ խոսքն իրոք իր դեմքի մասին է. «Կարծում եմ, ճշմարտության դեմ չեմ մեղանչել։ Ծագում ունեցող եւ ներկայանալի անձնավորություն եմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031