Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՂԱՐԻՉ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ԲԱՅՑ… ԲԱՆՆ ԷԼ ՀԵՏՆ Է ՈՒԶՈՒՄ

Հուլիս 16,1998 00:27
Vasak Darbinyan

«Հենց այս պահից առանց մաղարիչի աշխատանքի կվերցնեմ երիտասարդ եւ բանիմաց տնտեսագետի եւ իրավաբանի»։

ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀՀ հարկային տեսչության պետ «Առավոտ», 15 հուլիսի

Մինչ այս պահը պարոն Թումանյանին հանդիպած անձինք եղել են.

ա) երիտասարդ, բայց ոչ բանիմաց,

բ) բանիմաց, բայց ոչ երիտասարդ,

գ) երիտասարդ եւ բանիմաց, բայց ոչ տնտեսագետ եւ ոչ էլ իրավաբան,

դ) տնտեսագետ կամ իրավաբան, բայց ոչ երիտասարդ, ոչ էլ բանիմաց,

ե) տնտեսագետ, իրավաբան եւ երիտասարդ, բայց ոչ բանիմաց,

զ) տնտեսագետ, իրավաբան, բանիմաց, բայց ոչ երիտասարդ,

է) ոչ տնտեսագետ, ոչ իրավաբան, ոչ երիտասարդ, ոչ էլ բանիմաց…

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԻ ԲԱԽՏԸ ԲԵՐԵՑ

«Եթե այսօր չենք ուզում զինված հեղաշրջում, ուղղակի բռնության մեթոդներ կիրառել, բայց հիմնական եւ մյուս օրենքների խախտումով բարձրագույն իշխանավորները արհամարհում են սեփական ժողովրդին եւ առանց հրապարակայնության, առայսօր անգլերեն լեզվով է այդ (Կոնյակի գործարանի վաճառքիև Վ. Դ.) գործարքը…, այս պայմաններում մենք պետք է փորձենք գոնե դեմոկրատական շղարշից ձերբազատվել»։

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ ԱԺ պատգամավոր, ԱԺՄ վարչության անդամ «Առավոտ», 15 հուլիսի

Եթե բարձրագույն իշխանավորները սեփական ժողովրդին ոչ թե արհամարհեին, այլ սիրեին, ու Կոնյակի գործարանի գործարքն էլ եթե լիներ ոչ թե անգլերեն, այլ հայերեն՝ Արշակ Սադոյանն, անշուշտ, հակառակ խորհուրդը կտար. դեմոկրատական շղարշից ձերբազատվելու փոխարեն զինված հեղաշրջում անել եւ բռնության մեթոդներ կիրառել։

ՉՈՐ Է ԿՅԱՆՔԻ ԾԱՌԸ, ԲԱՐԵԿԱՄՍ, ԲԱՅՑ ԿԱՆԱՉ Է ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

«Ասում են՝ պետպլանի մի խելոք ղեկավար ասել է. «Ժուռնալիստիկան հոդված գրել չէ, բոլոր գրագետ մարդիկ հոդված կգրեն»։ Դժբախտաբար այս մտայնությունը դեռեւս հաղթահարված չէ, եւ դրանում, թերեւս, մեղավոր են նաեւ լրագրողները, քանի որ այսօրվա մեր ժուռնալիստիկան կարծես թե հոդված գրելուց վեր չի բարձրանում։ Մինչդեռ ժուռնալիստիկան գիտություն է, որը մեզանում միայն առաջին քայլերն է անում»։

ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի վարիչ, բանասիրության դոկտոր «ՀՀ», 15 հուլիսի

Հաշվի առնելով Գառնիկ Անանյանի այս իմաստուն դիտողությունը՝ լրագրողներն այսուհետ ոչ մի հոդված չեն գրի։ Փոխարենը նրանք կպաշտպանեն դիսերտացիաներ ժուռնալիստիկայից եւ կնպաստեն գիտության այս ճյուղի զարգացմանը։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հ. Գ. Այն լրագրողները, ովքեր գերազանցության դիպլոմով են ավարտել մայր բուհի ժուռնալիստիկայի բաժինը, ուրբաթ օրվանից Ազատության հրապարակում կսկսեն անժամկետ հացադուլ «Փակել բոլոր թերթերը, զարգացնել ժուռնալիստիկան որպես գիտություն» պահանջով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031