Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՎԼԻԿԻ ՑԻՑՆ ՈՒ ԹԱԳԸ

Հուլիս 16,1998 23:52

Անշեղորեն կենսագործելով Երկրապահ կամավորների միության վերջին համագումարի պատմական որոշումները, Տավուշի քաջարի մարզպետ Պավլիկ Ասատրյանն անցած ուրբաթ օրը գումարեց մարզպետարանի նիստ: Օրակարգի գլխավոր հարցերից մեկն էր՝ ինչպես հաշվեհարդար տեսնել «Առավոտ» թերթի հետ: Հավանաբար, պրն Ասատրյանը նախօրոք հանձնարարություն էր տվել իր ստորադասներին, որոնք մարզպետի նման գիշեր-ցերեկ մեկը մեկից սարսափելի պատիժներ էին մտմտում թերթի աշխատակիցների համար: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, պրն Ասատրյանը որոշեց, որ ամենաարդարացի պատիժն է լինելու մեր «վզներից ցից կապելը»:
Հարցն այստեղ «Առավոտը» կամ նրա աշխատակիցները չեն, որոնց Տավուշի մարզպետը, բնականաբար, ոչ մի վնաս չի կարող տալ: Ճիշտ այնպես, ինչպես մշակույթի մի «կարկառուն գործիչ», որը հոխորտում էր «Լրաբերով», թե մեզ դատի կտա, սակայն հետո, ինչպես եւ սպասում էինք, միտքը փոխեց: Խնդիրն այստեղ ավելի խորն է. թե՛ կոմունիստական, թե՛ ՀՀՇ-ական, եւ թե՛ այսօրվա՝ երկրապահա – դաշնակցական դարաշրջաններում տարածքների /սկսած գյուղերից/ տեր են դառնում միեւնույն տեսակի փոքրիկ իշխանիկները: Նրանք կարող են կոչվել «աղա», «բեյ», «խան», «ռայկոմի քարտուղար», «գյուղապետ» կամ «մարզպետ», սակայն նրանց էությունը նույնն է. անպատիժ թալանել, խոշտանգել մարդկանց՝ առանց որեւէ վերահսկողության: Նման մարդիկ կարող են օրը ցերեկով բանկի մոտակայքում ավտոմատավորներ կանգնեցնել, որոնք օգնություն ստացած, վախեցած եւ ստորացված գյուղացիներից խլում են գումարի կեսը: Ո՞վ կարող է նրանց բան ասել: Այդպիսի մարդկանց թագավորները չեն սիրում, բայց միշտ մոտներն են պահում՝ «կատարողական բարձր կարգապահության» համար: Պատահական չէ, որ պրն Ասատրյանը միշտ չափազանց հաճելի է բոլոր իշխանությունների համար:
Ի դեպ, թագավորների մասին: Տավուշից մեզ հայտնեցին, որ նախորդ իշխանությունների ժամանակ Պավլիկ Ասատրյանը ձեռներեցներից 1000-ական դոլար էր հավաքում՝ իբր Լեւոն Տեր-Պետրոսյանի համար թագ սարքելու նպատակով: Իհարկե, ոչ մի թագ սարքելու մտադրություն մարզպետը չուներ: Սակայն փող հավաքելու պատրվակն ինքնին խորհրդանշական է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031