Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՆՈՂԸ ԵՐԵԽԱՅԻՆ ՈՒՂԱՐԿԵՑ ԲԱՆԱԿ

Հուլիս 15,1998 00:00
zinvor

Ի՞նչ մտահոգությամբ, ի՞նչ նախապաշարմունքով 18 տարի ընտանիքում մեծացած, շատ դեպքերում էլ՝ փայփայված տղան հայտնվում է բանակի չորս պատերի ներսում։ Ճիշտ է, Սախալին չեն տանում, եւ Հայաստան աշխարհի ցանկացած անկյուն կարելի է հասնել մի քանի ժամում, բայց բանակը մնում է բանակ։ Ծնողը, որի հետ զրուցում եմ, հայտնում է իր առաջին մտահոգությունը. տղան արվեստասեր, նրբազգաց երեխա է, եւ ինքը չի ուզում, որ հանգամանքները, բանակային առօրյան նրան դարձնեն կոպիտ, նյարդային, անմարդկային, որ հանկարծ չսկսի ճնշել իրենից թույլերին։ Տղան ծառայում է Մարտունու հակաօդային պաշտպանության վաշտում, արդեն կես տարի է։ Այդ կես տարին էլ բավական է, որ մայրը ծանոթ լինի հայկական բանակի լավ ու վատին։ Եվ նրա խոսքում սեւն ու սպիտակը հերթագայում են միմյանց։

Կարգապահություն կա՛, մաքրություն՝ կա

– Ինքնաճանաչման համար ուզում էի, որ տղաս բանակ գնա։ Ուզում էի, որ առանձին, ինքնուրույն կյանքով ապրի, իմանա՝ ինքն ինչի է ընդունակ։ Կարգապահություն կա վաշտում, մաքրությունից էլ դժգոհ չի, ընկերների հետ փոխհարաբերություններն էլ նորմալ են։ Իմ աչքի առաջ, շաբաթից՝ շաբաթ ֆիզիկապես կոփվում է, փոխվում դեպի լավը։ Քչով բավարարվող երեխա է, ուստի սննդից էլ չի դժգոհում։ Այն, ինչ հսկվում է վերին ատյանների կողմից. սպիտակեղենը, մաքրությունը, հագուստը, առաջին հայացքից իդեալական է, հիմնականում ամեն ինչ տեղը տեղին է, բայց… Եթե նախադասության մեջ բայց կա, ուրեմն կարեւոր ասելիքը սկսվում է դրանից հետո։

«Սխալ է երեխեքին գաղութի ռեժիմով պահելը»,- ասում է ծնողը եւ հիմնավորում իր պնդումը։

– Ազատ ժամերին վաշտից դուրս գալու իրավունք չունեն, ոնց որ գաղութում։ Իսկ սովետական բանակում շաբաթական 1-2 ժամ թույլ էին տալիս, որ զորամասից դուրս գան, տուն զանգեն, իրենց կարոտն առնեն։ Հետո, որ երեխան ծնողի կարոտն առնի, փախչելու մասին չի մտածի։ Գուցե բարձր ոլորտներում մտածեն այս մասին։ Չէ՞ որ հայկական բանակը կարճ կենսագրություն ունի, եւ փոփոխությունները, սրբագրումները հնարավոր են, նույնիսկ՝ անհրաժեշտ։ Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ, միեւնույն է, շատ ցանկանալու դեպքում զինվորը դուրս է գալիս, բայց՝ «հաշիվ» տալով։ Սա չար լեզուներն են ասում, թեեւ խելքին մոտ պնդում է։

Տեսակցության, նամակի ու նկարի մասին

Կապի բացակայությունը հունից հանում է զինվորին, իսկ ծնողին կտրում է բան ու գործից, քանի որ ծնողը շտապում է տեսակցության գնալ իր երեխային։ Թվում է, թե թող գնա տեսնի ու գա, բայց…

– Թույլ չեն տալիս, որ ես իմ երեխայի հետ առանձին խոսեմ։ Պահակային սենյակը ծնողի ծախսը շատացնում է։ Հո չե՞ս կարող երկու կտոր խմորեղեն տանել, բոլորն էլ տնից-տեղից, ծնողներից կտրված երեխեք են։ Եթե ես անձնագիր թողնեմ եւ երեխայիս հետ 2 ժամով դուրս գամ, ավելի ճիշտ չի՞ լինի։ Միեւնույն է, դրսում զինվորներ շատ կան։ Սա էլ մի այլ ճեղք է, որը բարեխոսելու ու «բախշիշի» տեղ է թողնում։ Թեեւ ծնողի ամենամեծ մտահոգությունը լուրի, տեղեկության պակասն է։

– Եթե ես ամիսը մեկ երեխայիցս մի նամակ ստանամ, մեջն էլ՝ նկար, կարոտս կառնեմ, եւ բանուգործս թողած, փող պարտք չեմ անի, որ գնամ-տեսնեմ։ Իսկ եթե զինվորները հնարավորություն ունենան զանգելու, տնից նամակ ստանալու, ապա կարոտից խեղդված չեն մտածի ամեն գնով փախչելու եւ մեկ-երկու ժամով հարազատներին տեսնելու մասին, այլ հանգիստ խղճով կծառայեն։ Սրանք հարցեր են, գուցե՝ մանրուքներ, բայց շատ էական ու լուծման կարոտ։

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031