ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ
Այն օրվանից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ իշխանությունից, հասարակության մեջ երեւալու ընդամենը 2 առիթ է ունեցել։ Մեկ, որ ներկա եղավ Ռոբերտ Քոչարյանի նախագահական երդման արարողությանը եւ երկրորդ՝ երբ Վահագն Խաչատրյանի ու Բաբկեն Արարքցյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը։ Իսկ դա հունիսի 12-ին էր՝ Ռուսաստանի անկախության հռչակման տարեդարձի օրը։ Այս ամբողջ ընթացքում Հայաստանի նախկին նախագահը լրագրողներին ընդամենը մեկ նախադասություն է ասել։ Այն է՝ երեք ամիս չխոսելու իր պայմանի ժամկետի ավարտը դեռ չի նշանակում, թե դրանից հետո խոսելու է։
Ինչեւիցե, Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը շարունակում է մնալ քաղաքական, մասնակիորեն նաեւ հասարակական հետաքրքրության կենտրոնում, ուստիեւ նրա վերաբերյալ թեկուզեւ փոքրիկ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով հանպատրաստից մի այցով հյուրընկալվեցինք Տեր-Պետրոսյանների ներկայիս առանձնատանը։ Այն գտնվում է Երեւանից օդանավակայան տանող ճանապարհի ձախ կողմում՝ պտղատու այգիների մեջ։ Զինվորական ոստիկանության հարեւանությամբ տեղակայված շենքն անցյալում ներքին գործոց նախարարության, իսկ հիմա Երեւանի քաղաքապետարանի ընդունելությունների տունն է։ Ինձ, իհարկե, Տեր-Պետրոսյանի մոտ չուղեկցեցին, սակայն մեծագույն սիրով հյուրասիրեցին այն ծիրանից, որը նրա առանձնատան տարածքում է աճում։ Նախկին նախագահի թիկնապահները, որոնք թվով 6-ն են, այնքան էլ առատախոս չէին։
Արմեն Համբարձումյանն էր միայն, որ մեկական նախադասություն ասաց իրենց ծառայության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակի մասին։ «Մեզ մոտ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել՝ սկսած փետրվարի 6-ից, երբ տեղափոխվեցինք այստեղ, իսկ իր առողջական վիճակը շատ նորմալ է՝ ինչպես միշտ»։ Այսքանի կողքին մեկ բան էլ կարողացա պարզել՝ նախկին նախագահն աշխարհաթող չի եղել եւ որոշակի պարբերականությամբ հանդիպում է իր մերձավորներին։ Իսկ նրանցից շատերին կարելի է գտնել հայոց խորհրդարանում։
Կարդացեք նաև
Վանո Սիրադեղյանն, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանին հանդիպել էր նախորդ շաբաթ. «Խոսում ենք Հայաստանի վիճակից, Ղարաբաղից, տնտեսությունից, ամեն ինչից, ինչի մասին այսօր խոսում են քաղաքական գործիչներն ու հասարակության քաղաքականացված մասը։ Խոսում ենք ՀՀՇ-ի մասին»։ Իսկ իր եւ ՀՀՇ-ի ապագա հարաբերությունները, Վանո Սիրադեղյանի վկայությամբ, նախկին նախագահին պատկերանում են այսպես. «Տեր-Պետրոսյանն ասաց, անկախ նրանից, ղեկավար մարմնում կլինի, թե՝ ոչ, ինքը ամբողջ կյանքում մնում է շարքային ՀՀՇ-ական»։
Ավելի համառոտ էր Դավիթ Շահնազարյանի խոսքը։ Դրանից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ որակով են սովորաբար հարաբերվում քաղաքական Օլիմպոս հասած խնամիները. «Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ 1995 թվականից սկսած ես Տեր-Պետրոսյանի հետ քաղաքական շփումներ չեմ ունեցել եւ մինչեւ օրս էլ չունեմ։ Մեր շփումներն անձնական են, կարելի է ասել՝ ազգակցական։ Բայց ոչ քաղաքական»։ Առհասարակ, ամենադժվարը զրուցակիցներիցս ներքաղաքական արդի զարգացումների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի տեսակետների մասին որեւէ լուր կորզելն էր։ Այստեղ կամ ոչինչ էր ասվում կամ էլ առկա էին ենթատեքստեր։
Վահագն Խաչատրյանի հետ մեր զրույցը մի առանձնահատկություն է ունեցել։ Հայտնի է, որ վերջինս կոնյակի գործարանի սեփականաշնորհման դեմ պայքարող ամենաակտիվ գործիչներից էր։ Պարզվում է, խնդրո առարկայի վերաբերյալ Տեր-Պետրոսյանը որեւէ տեսակետ չի արտահայտել։ Իսկ Տեր-Պետրոսյանի առօրյան ընդհանրապես հագեցած է։ Վահագն Խաչատրյանը թեպետ չգիտեր, թե այս փուլում ինչ գիրք է կարդում նախկին նախագահը, բայց գիտեր, որ վերջինս շատ զբաղված է. «Եվ մասնագիտական գրականություն է կարդում, եւ գեղարվեստական։ Միաժամանակ մեծ է ցանկությունը տիրապետել մամուլին եւ հեռուստատեսությանը, տեղեկատվությանը։ Ինքս իմ վրա եմ վերցնում, թե դա որքան ժամանակ կարող է խլել»։ Իհարկե, ֆուտբոլի աշխարհի առաջնությանն էլ էր հետեւում Տեր-Պետրոսյանը։ Համակրությունների մեջ սահմանափակումներ չկան, ավելի շատ խաղի դիտարժանությունն է գնահատում։ Հավանել է Նիգերիայի՝ լավ տեխնիկայով աչքի ընկնող թիմին։ Իսկ ընդհանրապես, Վահագն Խաչատրյանը, ֆուտբոլից բացի, բազմաթիվ այլ հարցերի մասին էլ է զրուցում նախկին նախագահի հետ. «Հիմնականում խոսում ենք այսօրվա իրավիճակից, քննարկում ապագային առնչվող հարցեր։ Հիշում ենք, թե մոտ, թե հեռավոր անցյալը։
Հիշենք այն հանգամանքը, որ ես Լեւոն Տեր-Պետրոսյանին 10 տարուց ավելի եմ ճանաչում»։ Տեր-Պետրոսյանի վաղեմի բարեկամներից է նաեւ մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանը։ Նա նախկին նախագահին հանդիպում է առնվազն շաբաթը մեկ։ Իհարկե, նախապես համաձայնեցվում է այցի ժամանակը, բայց կազմակերպվում է պրոտոկոլային արարողակարգից դուրս։ Օգնո՞ւմ է, արդյոք, Երջանիկ Աբգարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին այգեգործության մեջ. «Ճիշտն ասած, ես առայժմ չեմ զգացել, որ նման օգնության կարիք կա»։ Երջանիկ Աբգարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան զրույցների թեման էլ բազմազան է. «Խոսում ենք եղանակից, ասենք՝ այսօր լավ չէ, մրգերի հասունացման շրջանն է՝ ինչի վրա ազդեց, ինչի վրա չազդեց։ Այսպես, մինչեւ Քլինթոնի սիրային արկածները»։ Իսկ ինչպես է Քլինթոնի սիրային արկածներին վերաբերում Տեր-Պետրոսյանը. «Նա, սովորաբար, բարեհոգի մարդ է»։ Իսկ երբ հայ պաշտոնյաներն էին կանանց նկատմամբ թուլություն ցուցաբերում, նախկին նախագահը, Երջանիկ Աբգարյանի վկայությամբ, անդրադառնում էր բացասաբար։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ