Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՉԳՈՌԱԼ

Հուլիս 15,1998 00:39
virahatutyun

– Բժիշկ,- ասաց նա վիրահատարան մտնելով, ուր տարածված էր յոդի ու մնացած դեղերի հոտը, ուր կար վիրաթոռը, երկաթյա մաքուր գործիքները, մի երեք սպիտակ խալաթավոր։

– Ես ձեզ մոտ եմ եկել, դուք ինձ պիտի աբորտ անեք։

– Բարձրացի՛ր,- ասաց բժիշկը,- այստեղ եկողները պարահանդես չեն գալիս, առանց նախաբանի բարձրացիր։

– Բժիշկ, ձեր գուլպաներն արդեն հագել եմ, կբարձրանամ, կթողնե՞ք մի քիչ նայեմ այս վիրաթոռին, այս գործիքներին, ձեր աչքերին… մի քիչ ջուր կտա՞ք… ախ, մենք ոնց ենք մենակ, բժիշկ… Անկողինը, հասկանում եք, տղամարդունը նույնպես է, բայց այս սենյակը, այս վախը, այս ցավը, որ ձեր ձեռքերից շուտով ինձ է անցնելու, մեզ…

– Բժիշկ,- ասաց նա, երբ արդեն բարձրացել էր,- բժիշկ, այստեղ մի քանի րոպե առաջ հինգ հոգի էլ բարձրացան, այստեղ հինգ կյանք է եղել այսօր, հիմա չկան, կա մի աման արյուն ու մսեղիք…

– Գլուխդ մի՛ բարձրացրու, առա՛ջ արի։ Առա՛ջ արի,- բարկացավ բժիշկն ու ձեռքի գործիքով թեթեւ խփեց նրա ոտքին։

– Առաջին անգամը հո չի՞… Քանի՞ անգամ ես արել…

– Տասներկու,- ասաց կինը։ Տասներկու անգամ գիշերը մղձավանջում տեսել եմ ձեր գործիքները, տասներկու անգամ կռվել եմ ամուսնուս հետ ու եկել եմ։

– Սկսում եմ,- ասաց բժիշկը՝ վերցնելով արգանդի վզիկը առաջ քաշող կեռ գործիքը, – թե ուզում ես՝ խոսա, բայց չգոռաս, կարեւորը՝ ոտքերդ հետ չքաշես։

– Չեմ գոռա, բժիշկ,- համարյա թե գոռալով ասաց նա, որ դողում էր եւ սանիտարը բռնեց նրա ձեռքը։

-Չեմ գոռա… Դրսում ինչ պայծառ օր էր, որ գալիս էի… ձեր ծաղկամանում ի՜նչ շքեղ վարդեր ունեք, ձե՞զ են նվիրել, թե՞ բուժքրոջը… շուտով ազատվելու եմ, հա՞… տղա կլիներ կամ աղջիկ, չէ, էլ ուրիշ ինչ… կգար ձեզ մոտ աբորտի…

– Խոր շունչ քաշիր,- խոսեց բժիշկը, – պտուղն եմ կտրում։

– Ախ դուք պտո՜ւղն եք կտրում… Ամերիկացիները կինո են հանել, թե պտուղը ոնց է զգում գործիքի մոտենալն ու դեսուդեն խփվելով փորձում թաքնվել… կինոյից հետո բժիշկներն էլ չեն ուզեցել աբորտ անել, դուք պտո՜ւղն եք կտրում… Նա փոքրիկ աղջիկ է, թաթիկները պարզած խնդրում է ձեզ՝ չսպանել իրեն, չխառնել մյուս մսագնդերին ու արյանը… Դուք պտո՜ւղն եք կտրում…

– Չեմ կտրո՛ւմ, իջի՛ր,-հոգոց հանելով մի քիչ հեռու կանգնեց բժիշկը։ Եվ շարժում արեց ձեռնոցները հանելու, նույնիսկ ծխախոտ փնտրեց հայացքով։

– Ախ, կտրեք, բժիշկ, կտրեք, մի՛ բարկացեք, թույլ տվեք ինձ խոսել։ Կտրեք, բժիշկ, միեւնույն է, արդեն ամբողջ գիշեր կտրել եք… Խնդրո՜ւմ եմ…

Կինը ուզում էր նստել։ Ուզում էր վերեւից միանգամից ցատկել եւ բժշկի ձեռքերը բռնելով նույնը խնդրել, բայց գործիքները հանված չէին, եւ բժիշկը մոտ եկավ, կանխեց։ Նա մի ակնթարթում իր աքցան գործիքով կտրեց պտուղը։ Տաք ցավը շամփրեց կնոջը, փորից տարածվե՜ց-տարածվե՜ց ու ամբողջ մարմինն սկսեց վառվել։

– Բժիշկ,- ասաց նա մի քիչ հետո, շունչը տեղը բերելով։

– Դուք լավն եք։ Եթե դուք չլինեիք, մի քանի ամիս հետո մի դժբախտ էլ կավելանար… ոչ գիշերները արթուն կնստեմ, ոչ էլ ծննդյան օրերին տորթ կթխեմ։

Ներկված լուսամուտի ետեւում տղամարդու սիլուետ երեւաց։

– Ով է, է՜,- ասաց սանիտարը,- չեն զգում ինչ տեղ է…

– Ախ դա իմ ամուսի՜նն է,- արտիստիկ ներկայացրեց կինը։

– Պատուհանը բացեք, շնորհավորեք նրան, ասեք ձեր կինը ձեզ հանգիստ կթողնի, ասեք չկա հղիությունը, ասեք թող իր կնոջը այստեղ ներկայացումներ սարքելու չուղարկի…

– Բժիշկ,- ասաց կինը,- ձեր գործը լավն է։ Ձեր գործը դագաղագործի գործից լավն է, նա պետք է սպասի, թե ով է մեռնելու, իսկ ահա տեսեք մենք վտառներով ենք լողում դեպի ձեզ…

– Սա շոկի մեջ է,- ասաց բժիշկը բուժքրոջը։

– Հաշվիր մինչեւ տասը,- ասաց բժիշկը կնոջը,- վերջացնում եմ։

– Մեկ,- ասաց կինը գլուխը բարձրացնելով, – դուք հիմա քերելու եք։ Քերեք, քերեք, ես էլ եմ ամբողջ օրը մուր քերում… քերեք, ուրիշ տեղ աբորտը նարկոսով են անում, դուք մեզ բաց աչքերով եք մորթում, նարկոսը փող արժե, ես աղքատ եմ, քերեք…

– Երկու,- ասաց կինը,- անիմաստ էր, բժիշկ, թող այդ մսագունդը ների մեզ երկուսիս, բայց անիմաստ էր…

– Երեք,- ասաց կինը,- մի քիչ ձեր երաժշտությունը բարձրացրեք, ախր Ֆրեդի Մերկուրին է։ Բոհեմի իմ տղան է…

– Չորս,- ասաց կինը։

– Հինգ,- հաշվեց կինը,- վեց։

– Իջի՛ր,- ասաց բժիշկը, գործիքները հանելով ու վիրադաշտը յոդելով,- սպանեցիր։

– Ախ, դուք վերջացրի՜ք, բժիշկ… Դուք տասն էիք ասել, վեցո՜ւմ վերջացրիք.. բժիշկ… ահա… հիմա կհանեմ ձեր գուլպաները… չեմ պառկում՝ գնում եմ… դուրսը արեւ կա, ձեր ամանով արյունը չկա… գնում եմ հղիանամ, մի երկու ամսից գամ… դուք որտե՞ղ եք թաղում էդ ամանը, բժիշկ…

– Տար պառկեցրո՛ւ,և գոռաց համբերությունից դուրս եկած բժիշկը սանիտարին…

-Օգնի, նրա պտուղը մեծ էր, դեմքի քրտինքը սրբի, ջուր տուր… Նայի չվատանա…

– Հաջորդը,- կանչեց բժիշկը,- հուսով եմ սրա տեսակը չի լինի, հաջորդը…

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031