– Դուք կարծում եք, որ ես գյուղապետի շահը պաշտպանելու միտո՞ւմ ունեմ…
– Չէի ուզենա մեր զրույցը այսպես սկսել…
Երկխոսությունը լրագրողի եւ Բնապահպանության փոխնախարար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Բալոյանի միջեւ է։ Հարցի նախապատմությունը հետեւյալն է։ Մշտապես անցնելով Բնության պետական թանգարանի Ղուկասավանի մասնաճյուղի կողքով (գեղեցիկ շենք է, 1 հա 700 մ հողատարածքով, լողավազանով), եւ իմանալով, որ 10 տարուց ի վեր թանգարանը չի գործում, մտածեցի՝ նախարարությունում պարզել, որ, եթե շենքը իբրեւ թանգարան չի ծառայում, եւ անհայտ է, թե ե՞րբ կգործի, իսկ չօգտագործվելու դեպքում հնարավոր է, որ շինությունը վնասվի եւ բոլորս տուժենք, ավելի հարմար չէ՞ որ շենքը ծառայի շրջակայքում ապրող երեխաների մյուս կարիքներին. լինի սպորտդպրոց կամ երաժշտական դպրոց եւ այլն։
«Եկեք ձայնագրման սարքով»
Կարդացեք նաև
09 տեղեկատու հեռախոսից նախարարության հասցեն ճշտած լրագրողին բնապահպանության փոխնախարար պրն Բալոյանը ընդունեց կասկածամտությամբ, ասաց, որ ինձ ուղարկել է գյուղապետը, որ ես եկել եմ նրա շահերին հետամուտ լինելով։
– Դուք հնարավոր չե՞ք համարում, որ մեկը, առանց շահախնդրության, մտածի շենքի առավել արդյունավետ օգտագործման մասին, եւ իր համար միեւնույն լինի, թե կառույցը ում բալանսում կլինի՝ նախարարությա՞ն, թե՞ համայնքի։
– Ես կուզեի, որ մեր խոսակցությունը լինի գործնական, ու խնդրեցի ձայնագրող սարքով գալ, որ հարցի կարեւորությունը առավել եւս շեշտենք։ Դուք անցել եք շենքի կողքով եւ շենքը տեսել անմխիթար վիճակում, այո՞։
– Փա՛կ վիճակում։
Պարոն Բալոյանի խոսքից պարզվեց, որ շենքը եւ շենքին կից շինությունը պատկանում են բնության պետական թանգարանին, նրա մասնաճյուղն են։ Մի մասնաճյուղ էլ նախարարությանը հաջողվել է ստեղծել Գյումրիում, 1992 թ. դժվարին ժամանակում, որը այսօր էլ գործում է, ու գործում է առանց մուտքի վճարի։
Հնարավոր հարմար պատառ փախցնելու մտայնություն
– Մարդկանց մտածողությունը շատ է փոխվել, բացասական իմաստով։ Նրանք մտածում են միայն հնարավոր հարմար պատառ փախցնելու մասին։ Այս պրոբլեմը կա ոչ միայն Ղուկասավանի, այլեւ Գյումրիի մեր մասնաճյուղի վերաբերմամբ։ Թեեւ ամենամեծ խնդիրը վերաբերում է մայր թանգարանին, որը շենք չունի։ Իսկ սա մի քիչ այլ բնույթի թանգարան է, ցուցադրական նյութը պահանջում է՝ հարցին փոքրևինչ այլ մոտեցում։ Ներկայումս հարցը քննարկվում է Երեւանի քաղաքապետարանում։ 80-ական թվականների վերջում արդեն սկսվել էր Ղուկասավանի մասնաճյուղին կից շինության կառուցումը, որով նախատեսվում էին բաց ու կենդանի հավաքածուների ցուցադրություններ։ Շինարարությունը դադարեցվեց ֆինանսավորում չլինելու պատճառով, բայց դա չի նշանակում, որ գործը հեռանկար չունի, կամ չի շարունակվելու։ Այդպես մտածելու դեպքում մենք այսօր շատ ազգային արժեքներից կզրկվենք։
Միակը՝ Անդրկովկասում
Պարոն Բալոյանը թանգարանը եւ ցուցանմուշներն անխաթար պահելու կարեւորությունը շեշտում է նաեւ այն հանգամանքներով, որ թանգարանը իր ցուցանմուշներով ոչ միայն Հայաստանն է ներկայացնում, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանը։ Որովհետեւ այդ կենդանիները միգրացվող են (տեղափոխվող), դրանք կան ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Իրանում, ե՛ւ Թուրքիայում։ Իսկ այս թանգարանը առաջին հերթին մեր երեխաների համար է, որպեսզի մեզ շրջապատող աշխարհը ճանաչելի լինի նրանց։
Պետության կողմից ֆինանսավորում եղել է միայն աշխատավարձի չափով, եւ այս թանգարանն էլ, ինչպես հանրապետության, առանց բացառության, բոլոր գրադարաններն ու թանգարանները, գոյատեւում է միայն աշխատակիցների նվիրումի, էնտուզիազմի, անշահախնդիր մոտեցման շնորհիվ։ Իսկ ֆոնդերի պահպանման համար հատկացվող գումարը, ինչպես ենթադրվում է, չնչին է։
Գյուղապետի հետ կոնտակտը չհաջողվեց
Պարոն Բալոյանին գյուղապետն անձամբ չի դիմել, այլ ընկերների, ծանոթների միջոցով է փորձել հարցերը լուծել։ Փոխնախարարը փորձել է նրան տեսնել, չի հաջողվել, ինքը խնդրել է ծրագիր ներկայացնել, թե տարածքի հետ կապված ինչ նկատառումներ կան. գուցե թե հնարավոր լինի թանգարանի տարածքը ծառայեցնել իր նպատակին։
– Հետագայում պարզեցի՝ բանն ինչն է։ Նրանց հիմնականում հետաքրքրում է հողային տարածքը։ Կանաչապատ, ծառաշատ տարածք է, ջերմատներ կան, որոնք կոսմետիկական վերանորոգումից հետո կարելի է օգտագործել, ասենք, լոլիկ կամ ծաղիկ աճեցնելու համար։ Բայց ոչ մեկը չի մտածում՝ ինչի՞ հաշվին։ Հո չի՞ կարելի ամեն ինչ վաճառել եւ փոշիացնել։ Պիտի աշխատենք գոնե այս վիճակով պահպանել, որ վաղը, հնարավորության դեպքում, ծաղկեցնենք ի նպաստ մեր երեխաների։ Գյուղապետի համար, հնարավոր է, այս բացատրություններն ընդունելի չեն, եւ նա գուցե իսկապես համայնքի շահերից ելնելով է գործում։ Պարոն Բալոյանը շատ կտրուկ ու ֆանտաստիկ ելք է առաջարկում։
– Համայնքի շահերը պահանջում են, որպեսզի գյուղապետը նախաձեռնություն ցուցաբերի, գա եւ ասի. «Հարգելի բնապահպաններ, մենք ուզում ենք համատեղ ուժերով օգնել ձեզ եւ հասնել նրան, որ թանգարանը ծառայի իր նպատակին»։
– Ծանր պարտականություն չե՞ք դնում հասարակ գյուղապետի վրա։ Դուք քաղաքացիական պահվածք եք պահանջում գյուղապետից այն դեպքում, երբ պետական առաջին այրերը շահագրգռություն չունեն։
– Գյուղապետը նույնպես համարվում է պետական այր, քանի որ ներկայացնում է տեղական իշխանությունը։
Պետական այրերի բարի գործերից
Պարոն Բալոյանը լավատես է պետական այրերի քաղաքացիական պահվածքի հարցում, եւ իբրեւ իր ասածի հաստատում, պատմում է Գյումրիի մասնաճյուղի առնչությամբ ծագած պրոբլեմի հանգուցալուծման մասին։ Բնության պետական թանգարանի Գյումրիի մասնաճյուղը տեղավորված է «Արագած» մարզամշակութային պալատում, որը զբաղեցնում է Մետաքսագործների մշակույթի պալատի մի մասը։ Պալատի ղեկավարությունը նկրտումներ է ունեցել սեփականաշնորհել տարածքը եւ այնտեղ բար ու ռեստորան բացել։ Թնջուկը լուծել է «բարի ցարը»։
– Մենք այդ հարցով դիմեցինք մարզպետին եւ այսօր հարցին դրական լուծում է տրված։ Մարզպետը շինությունը ընդգրկել էր սեփականաշնորհվող օբյեկտների ցանկում, բայց հանրապետության նախագահը հենց միայն անվանումը նկատի ունենալով, հանել էր սեփականաշնորհվող օբյեկտների ցանկից։ Այնպես որ, այս հարցերը պետական այրերը շատ լավ գիտակցում են։
Պարոն Բալոյանն իր խոսքը եզրափակում է այնպես, կարծես լրագրողները ուրախ չեն լինի, որ երկրում դրական գործեր արվեն, ինչպես այս մեկը։ Կենսաբանական գիտությունների դոկտորը նշեց, որ բնության պահպանությունը փիլիսոփայություն է, որ բնության ճանաչողությունը սերունդ դաստիարակելու կարեւոր գործոն է եւ այլ հարցերի մասին, որոնց հետ, իհարկե, բոլորս համաձայն ենք, բայց որոնք չեն առնչվում այս հոդվածի «բուն նյութին»։
Սա այն գյուղն է, որտեղ ծնվել է Աղվան Վարդանյանը
Բնության պետական թանգարանի տնօրեն տիկին Իրեն Ֆրանգյանի, ինչպես եւ Աղվան Վարդանյանի հետ զրույցը այս խնդրի շուրջ՝ հաջորդ համարներում, եթե պարոն Վարդանյանն ունենա «հատուկ կարծիք» ու այդ կարծիքն արտահայտելու ցանկություն։
ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ