Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՇՏԱՊԵՔ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 15,1998 23:04

Անտուան դը Սենտ Էքզյուպերին կարծում էր, որ չարժե նեղանալ մեծահասակներից։ Նրա փոքրիկ իշխանի համար հեշտ էր։ Փոքրիկ իշխանի մոլորակի վրա չկար մաքսային ու հարկային օրենսդրություն։ Չկային գործարաններ ու արտադրություն։ Ոչ մեկը այլմոլորակային վարկեր չէր վերցրել այն հույսով, որ փոքրիկ երեխաները հետագայում կվերադարձնեն դրանք։

Այս պարագայում բոլորովին էլ բարդ բան չէ մեծահասակների նկատմամբ ներողամիտ լինելը։ Մանավանդ, եթե ծանոթ չես մեր տնտեսական ղեկավարությանը։ Նրանք կյանքում ամեն ինչից առավել սիրում են հարկային օրենսդրություն փոփոխել։ Մի քանի ամիսը մեկ նոր օրենքներ են գրում, Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրում, քննարկում ու անպայման ընդունում դրանք։ Մենք էլ ամեն անգամ, առանց հաշվի առնելու, թե ինչ օրենքներ են ընդունվում, փնթփնթում ու բողոքում ենք դրանից։ Տնտեսական կյանքում, ավելի ճիշտ՝ այդ տնտեսությունները կառավարողների գլխում (կամ հոգեբանության մեջ) ինչ-որ լուրջ տեղաշարժեր են եղել։ Մեր հարկային օրենսդրությունն ընդունվել էր ընդամենը վեց ամիս առաջ։ Կես տարին մեկ օրենքներ փոխելն ինքնին վատ երեւույթ է։ Հարկային անկանոն դաշտը խիստ զգուշավոր է դարձնում թե՛ մեր, թե՛ արտասահմանյան տնտեսավարողներին։

Գործարար մարդիկ միշտ էլ նախընտրել են աշխատել կանխատեսելի ու կայուն պայմաններում։ Այսօր արդեն մեր տնտեսական ղեկավարությունն է բարձրաձայն խոսում այն մասին, որ արտասահմանյան տնտեսական կառույցների գնահատմամբ Հայաստանը ռիսկային բարձր գոտի է համարվում։ Նրանց կարծիքով, այսպիսի բնութագիրը մի քանի պատգամավորի ելույթներն են։ Ոչ ոք չի ուզում ընդունել, որ մեր երկիրը ներդրողների համար ռիսկային է այն պատճառով, որ, սպիտակեղեն փոխելու արագությամբ, նույն այդ ղեկավարները հարկային օրենսդրություն են փոխում։ Առաջին հերթին հենց այս պատճառով։ Նման պայմաններում, ընդունենք, ամենեւին էլ դժվար չէ չնկատելը, որ մեր տնտեսական ղեկավարությունը սկսել է երբեմն-երբեմն լավ բաներ անել։ Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստի ընթացքում նոր օրենքի նախագիծ էր ներկայացվել, որ հարկային արտոնյալ պայմաններ է խոստանում հայրենական արտադրողների համար։ Փաստն այնքան անհավատալի էր, որ ոչ ոք չհավատաց։ Պատգամավորների մի մասն, անգամ, փորձեց մութ պատճառներ տեսնել այդ քայլի հետեւում։ Համաշխարհային տնտեսության պատմության մեջ մեր երկրի տնտեսական օրենսդրությունը հավանաբար համանմանը չունի։ Չկա եւ չի կարող լինել մի պետություն, որն իր սեփական օրենսդրությամբ չի փորձում պաշտպանել սեփական արտադրողների շահերը։ Նեոազատական տնտեսագիտության դիրքերից մեր տնտեսական ղեկավարությունը հայրենական արտադրողներին երկրի ներքին շուկայում առաջարկում է մրցակցել արտասահմանյան արտադրողների հետ։ Ներմուծվող բոլոր ապրանքները սահմանի վրա համարյա համահավասար չափով են մաքսվում։

Մաքսային քաղաքականություն մշակողները չեն փորձել օգնել տեղական արտադրողներին։ Մենք չենք հովանավորի տեղական անորակ արտադրությունը, աջուձախ հայտարարում էին մեր տնտեսական ղեկավարները։ Արդյունքում իտալական ու հնդկական կոշկեղենը հեղեղեցին ներքին շուկան, համարյա ոչնչացնելով տեղական արտադրությունը։ Եվ այսպես՝ տնտեսության համարյա բոլոր ոլորտներում։ Բայց, ի տարբերություն տնտեսական ղեկավարության, արտադրողներն ու հասարակությունը ապրում են ուրիշ օրենքներով։ Նրանք երկար չեն կարող անգործ մնալ։ Արտադրության կազմակերպմանը զուգահեռ նրանք փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը ղեկավարության վրա։ Լոբբինգ կոչված այս երեւույթի արդյունքում այսօր մենք ունենք առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի մի նախագիծ, որը պաշտպանում է տեղական արտադրողի շահերը։ Այս փաստը, սակայն, միանշանակ չընկալվեց։

Պատգամավորներից ոմանք դեմ արտահայտվեցին այս օրենքին։ Նրանց կարծիքով, մեր տնտեսագետ ղեկավարները հենց այնպես չեն խելոքացել։ Վերջիններս առանց անձնական շահի չէին պաշտպանի արտադրողների շահերը։ Հնարավոր է, որ բարձրաձայն հնչած այս մեղադրանքներն իրական հիմք ունեն։ Հայկական ժամանակակից տնտեսագիտական մտքից օտարված էր «տնտեսական հովանավորչություն» տերմինը։ Մեր տնտեսական ղեկավարները գերադասում էին ներքին շուկայում անգամ անհավասար պայմաններ ստեղծել սեփական արտադրողների համար։ Ի սկզբանե անհավասար պայմանները՝ բարձր տուրքերով, հարկերով ու սակագներով, իսկապես խանգարում են մեր արտադրողներին։ Նրանք առաջին անգամ փորձում են արգելակել «շուկայական տնտեսություն» անվան տակ քողարկվող անկանոն տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Հասարակությունն էլ առայժմ միանշանակ չի ընկալել այս փորձը։

Օրենքի նախագիծը զանգվածային լրատվությունն էլ որակեց որպես պատվերով օրենք կամ պատվերով համերգ։ Պատճառը շատ պարզ էր։ Նույն Էքզյուպերին փոքրիկ իշխանի մոլորակի մասին գրում է. «Այդ փոքրիկ մոլորակը միայն մի անգամ տեսել է թուրք մի աստղագետ։ Աստղագետն իր սքանչելի հայտնագործության մասին հայտնեց աստղագետների միջազգային կոնգրեսում, բայց նրան չհավատացին եւ միայն այն պատճառով, որ նա թուրքական տարազ ուներ հագին»։

Հենց այսպես, ուրեմն ոչ միայն հայտնագործությունն է կարեւոր, այլեւ թե ո՞վ է ներկայացնում այդ հայտնագործությունը։ Թուրքական ֆես դրած մարդուն հավատալը աստղագետների համար բարդ բան էր։ Նմանատիպ վիճակում մեր պատգամավորներն էին։ Հայրենական արտադրության շահերը սկսել են պաշտպանել անսահման ազատ շուկայի տեսությունը պաշտպանող նույն տնտեսագետ ղեկավարները։ Նույն մասնագետները մի ժամանակ գերազատական շուկայի գաղափարն էին պաշտպանում բուհի երեկոյան բաժնի հոգնած դասախոսի ծորուն ու անկյանք ձայնով։ Հիմա նրանք կերպարանափոխվել են։ Նույն ձայնով արտադրողի շահերն են պաշտպանում։ Փոքրիկ իշխանի մոլորակի «Բախտից թուրքական սուլթանը մահվան սպառնալիքով իր հպատակներին հրամայեց եվրոպական հագուստ հագնել։ Թուրք աստղագետը նորից զեկուցեց իր հայտնագործության մասին։ Այս անգամ նա հագնվել էր վերջին նորաձեւության համապատասխան, եւ բոլորը նրա հետ համաձայնեցին»։

Էքզյուպերիի նկարագրած աստղագետների համար հեշտ էր։ Մեր համար է դժվար, մեր տնտեսական ղեկավարները տրամագծորեն հակառակ ելույթներ ունենում են վերջին նորաձեւության համաձայն հագնված։ Կերպարանափոխությունն առաջին հայացքից նկատելի չէ։ Հետեւաբար դժվար է կողմնորոշվել, թե երբ են նրանք ճիշտ մտքեր արտահայտում, երբ՝ ոչ ճիշտ։ Դժվար է, բայց պետք է կողմնորոշվել, որովհետեւ մեր տնտեսագետ ղեկավարների մի մասը դեռ երկար է մեզ ղեկավարելու։ Փոքրիկ իշխանը ճիշտ էր՝ չարժե նեղանալ մեծահասակներից։ Նրանք սիրում են կերպարանափոխվել։ Բայց նրանց կերպարանափոխությունը երբեմն օգտակար է լինում տնտեսության համար։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031