Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՅՍՕՐԸ

Հուլիս 15,1998 00:26

ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ

Այն օրվանից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ իշխանությունից, հասարակության մեջ երեւալու ընդամենը 2 առիթ է ունեցել։ Մեկ, որ ներկա եղավ Ռոբերտ Քոչարյանի նախագահական երդման արարողությանը եւ երկրորդ՝ երբ Վահագն Խաչատրյանի ու Բաբկեն Արարքցյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը։ Իսկ դա հունիսի 12-ին էր՝ Ռուսաստանի անկախության հռչակման տարեդարձի օրը։ Այս ամբողջ ընթացքում Հայաստանի նախկին նախագահը լրագրողներին ընդամենը մեկ նախադասություն է ասել։ Այն է՝ երեք ամիս չխոսելու իր պայմանի ժամկետի ավարտը դեռ չի նշանակում, թե դրանից հետո խոսելու է։

Ինչեւիցե, Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը շարունակում է մնալ քաղաքական, մասնակիորեն նաեւ հասարակական հետաքրքրության կենտրոնում, ուստիեւ նրա վերաբերյալ թեկուզեւ փոքրիկ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով հանպատրաստից մի այցով հյուրընկալվեցինք Տեր-Պետրոսյանների ներկայիս առանձնատանը։ Այն գտնվում է Երեւանից օդանավակայան տանող ճանապարհի ձախ կողմում՝ պտղատու այգիների մեջ։ Զինվորական ոստիկանության հարեւանությամբ տեղակայված շենքն անցյալում ներքին գործոց նախարարության, իսկ հիմա Երեւանի քաղաքապետարանի ընդունելությունների տունն է։ Ինձ, իհարկե, Տեր-Պետրոսյանի մոտ չուղեկցեցին, սակայն մեծագույն սիրով հյուրասիրեցին այն ծիրանից, որը նրա առանձնատան տարածքում է աճում։ Նախկին նախագահի թիկնապահները, որոնք թվով 6-ն են, այնքան էլ առատախոս չէին։

Արմեն Համբարձումյանն էր միայն, որ մեկական նախադասություն ասաց իրենց ծառայության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակի մասին։ «Մեզ մոտ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել՝ սկսած փետրվարի 6-ից, երբ տեղափոխվեցինք այստեղ, իսկ իր առողջական վիճակը շատ նորմալ է՝ ինչպես միշտ»։

Այսքանի կողքին մեկ բան էլ կարողացա պարզել՝ նախկին նախագահն աշխարհաթող չի եղել եւ որոշակի պարբերականությամբ հանդիպում է իր մերձավորներին։ Իսկ նրանցից շատերին կարելի է գտնել հայոց խորհրդարանում։

Վանո Սիրադեղյանն, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանին հանդիպել էր նախորդ շաբաթ. «Խոսում ենք Հայաստանի վիճակից, Ղարաբաղից, տնտեսությունից, ամեն ինչից, ինչի մասին այսօր խոսում են քաղաքական գործիչներն ու հասարակության քաղաքականացված մասը։ Խոսում ենք ՀՀՇ-ի մասին»։ Իսկ իր եւ ՀՀՇ-ի ապագա հարաբերությունները, Վանո Սիրադեղյանի վկայությամբ, նախկին նախագահին պատկերանում են այսպես. «Տեր-Պետրոսյանն ասաց, անկախ նրանից, ղեկավար մարմնում կլինի, թե՝ ոչ, ինքը ամբողջ կյանքում մնում է շարքային ՀՀՇ-ական»։

Ավելի համառոտ էր Դավիթ Շահնազարյանի խոսքը։ Դրանից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ որակով են սովորաբար հարաբերվում քաղաքական Օլիմպոս հասած խնամիները. «Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ 1995 թվականից սկսած ես Տեր-Պետրոսյանի հետ քաղաքական շփումներ չեմ ունեցել եւ մինչեւ օրս էլ չունեմ։ Մեր շփումներն անձնական են, կարելի է ասել՝ ազգակցական։ Բայց ոչ քաղաքական»։ Առհասարակ, ամենադժվարը զրուցակիցներիցս ներքաղաքական արդի զարգացումների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի տեսակետների մասին որեւէ լուր կորզելն էր։ Այստեղ կամ ոչինչ էր ասվում կամ էլ առկա էին ենթատեքստեր։

Վահագն Խաչատրյանի հետ մեր զրույցը մի առանձնահատկություն է ունեցել։ Հայտնի է, որ վերջինս կոնյակի գործարանի սեփականաշնորհման դեմ պայքարող ամենաակտիվ գործիչներից էր։ Պարզվում է, խնդրո առարկայի վերաբերյալ Տեր-Պետրոսյանը որեւէ տեսակետ չի արտահայտել։

Իսկ Տեր-Պետրոսյանի առօրյան ընդհանրապես հագեցած է։ Վահագն Խաչատրյանը թեպետ չգիտեր, թե այս փուլում ինչ գիրք է կարդում նախկին նախագահը, բայց գիտեր, որ վերջինս շատ զբաղված է. «Եվ մասնագիտական գրականություն է կարդում, եւ գեղարվեստական։ Միաժամանակ մեծ է ցանկությունը տիրապետել մամուլին եւ հեռուստատեսությանը, տեղեկատվությանը։ Ինքս իմ վրա եմ վերցնում, թե դա որքան ժամանակ կարող է խլել»։

Իհարկե, ֆուտբոլի աշխարհի առաջնությանն էլ էր հետեւում Տեր-Պետրոսյանը։ Համակրությունների մեջ սահմանափակումներ չկան, ավելի շատ խաղի դիտարժանությունն է գնահատում։ Հավանել է Նիգերիայի՝ լավ տեխնիկայով աչքի ընկնող թիմին։

Իսկ ընդհանրապես, Վահագն Խաչատրյանը, ֆուտբոլից բացի, բազմաթիվ այլ հարցերի մասին էլ է զրուցում նախկին նախագահի հետ. «Հիմնականում խոսում ենք այսօրվա իրավիճակից, քննարկում ապագային առնչվող հարցեր։ Հիշում ենք, թե մոտ, թե հեռավոր անցյալը։ Հիշենք այն հանգամանքը, որ ես Լեւոն Տեր-Պետրոսյանին 10 տարուց ավելի եմ ճանաչում»։

Տեր-Պետրոսյանի վաղեմի բարեկամներից է նաեւ մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանը։ Նա նախկին նախագահին հանդիպում է առնվազն շաբաթը մեկ։ Իհարկե, նախապես համաձայնեցվում է այցի ժամանակը, բայց կազմակերպվում է պրոտոկոլային արարողակարգից դուրս։ Օգնո՞ւմ է, արդյոք, Երջանիկ Աբգարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին այգեգործության մեջ. «Ճիշտն ասած, ես առայժմ չեմ զգացել, որ նման օգնության կարիք կա»։

Երջանիկ Աբգարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան զրույցների թեման էլ բազմազան է. «Խոսում ենք եղանակից, ասենք՝ այսօր լավ չէ, մրգերի հասունացման շրջանն է՝ ինչի վրա ազդեց, ինչի վրա չազդեց։ Այսպես, մինչեւ Քլինթոնի սիրային արկածները»։

Իսկ ինչպես է Քլինթոնի սիրային արկածներին վերաբերում ՏերևՊետրոսյանը. «Նա, սովորաբար, բարեհոգի մարդ է»։ Իսկ երբ հայ պաշտոնյաներն էին կանանց նկատմամբ թուլություն ցուցաբերում, նախկին նախագահը, Երջանիկ Աբգարյանի վկայությամբ, անդրադառնում էր բացասաբար։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031