Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՆԱ ԷՐ

Հուլիս 15,1998 00:13
Sergeev

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, մարշալ Իգոր Սերգեեւը երեկ կեսօրին ժամանեց Հայաստան։ Պարոն մարշալի այցը, որքան հասցրինք իմանալ, պաշտոնական է՝ Հայաստանի պաշտպանության նախարարի հրավերով։ Կստորագրվեն փաստաթղթեր, որոնց մասին կիմանաք վաղը, իսկ մինչ այդ փորձենք ներկայացնել պաշտպանության նախարարի այցի նախապատրաստությունը եւ բուն այցը։
Օդակայանի խճուղին, հասկանալի է՝ լեփ-լեցուն էր համազգեստավորներով։ Մուտքի մոտ եւ տարածքում ասեղ գցելու տեղ մի կերպ կարելի էր գտնել։ Պաշտպանության նախարարին դիմավորելու էին եկել ռուս զինվորական ղեկավարները, Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ուռնովը։ Հայկական կողմը ներկայացնում էին միայն ուժային նախարարությունները՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ։
Շոգ է, շոգ է քաղաքում
Իսկ օդակայանի ասֆալտին՝ ավելի շոգ էր։ Երկնքից ինքնաթիռի հետ նաեւ կրակ էր թափվում ու դժվար էր մասնագիտական եւ քաղաքացիական պարտքը կատարել։ Սակայն զինվորականի համար շոգ եւ ցուրտ չկա։ Այդ է պատճառը, որ պարոն մարշալի ինքնաթիռի վայրէջքից մեկ րոպե առաջ բոլոր զինվորականները Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ հագան իրենց զինվորական համազգեստների վերեւի մասը՝ պիջակը (ներքեւի մասը, բարեբախտաբար, հագած էին եկել)։

Զինվորական պատիվը՝ ըստ հայեցողության
Հնչեց զինվորական նվագախմբի ձայնը, հնչեցին երկու բարեկամ ժողովուրդների հիմները։ Թեպետ շոգը խեղդում էր (ոչ միայն շոգը), բայց հասցրինք նկատել, որ զինվորական պատիվ տալ հայ զինվորական մեծամեծերն այնքան էլ չեն սիրում։ Հիմնը հնչեց՝ ռուսական կողմը պատիվ տվեց, իսկ հայկական կողմում շոգ էր։

Նա ընկավ մասնագիտական պարտքը կատարելիս
Պաշտոնական ընդունելությունների ժամանակ գալիս է մի պահ, երբ խելահեղ վազք է սկսվում։ Վազողները դարձյալ խեղճ ու չարքաշ լուսանկարիչներն ու օպերատորներ էին։ Մինչ լրագրողները սպասում էին կարմիր գծից անդին, իրենց հարցերը հայերենից ռուսերենի թարգմանելով, լուսանկարիչներն ու օպերատորները վազվզում էին, չլինի մի կարեւոր պահ չհասցնեն նկարել։ Հենց այդ վազվզոցի մեջ էլ, մարտական գործողությունների ամենաթեժ պահին, արեւից թե հրմշտոցից, վայր ընկավ ճերմակահեր եւ ճերմակաբեղ մի զինվորական լուսանկարիչ։ Մի պահ անհարմար բան ստացվեց։ Ավելի ուշ իմացա, որ նա հատուկ այս առիթով եկել է Թբիլիսիից։ Աշխատում է զինվորական ամսագրում, անունը չուզեց ասել, սակայն ասաց, որ իրեն լավ է զգում, պարզապես հրմշտոցն էր մեղավոր։

Հարցեր պաշտպանության նախարարին
Այսօր տեղի է ունենալու փաստաթղթերի ստորագրում եւ մամուլի ասուլիս, սակայն երեկ, այնուամենայնիվ, երկու հարց հասցրինք ուղղել ՌԴ պաշտպանության նախարար, մարշալ Սերգեեւին։ «Առավոտի» առաջին հարցը հետեւյալն էր.
-Պարոն մարշալ, ճի՞շտ է, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանում տեղակայել S-300 տիպի հեռահար հրթիռներ։
Պարոն մարշալը պատասխանեց.
«Մենք այսօր խոսելու ենք հարցերի մեծ շրջանակով, եւ այցից հետո, հավանաբար, կարող ենք ավելի որոշակի պատասխան տալ»։
Թեպետ այս Հայաստանի պաշտպանության նախարարը ինձ զգուշացրեց, որ այլեւս հարցեր չտամ, բայցեւայնպես, չէի կարող պարոն մարշալին չհարցնել, թե ինչո՞ւ անցյալ տարվա նոյեմբերին Արմավիրում կայանալիք հայ-ռուսական զինավարժություններն այդպես էլ չանցկացվեցին։ Այս հարցին մարշալ Սերգեեւը պատասխանեց. «Այդ զորավարժությունները չկայացան մի շարք պատճառներով, այդ թվում՝ ֆինանսա-տնտեսական»։
Կարծում ենք, այն, ինչ չհասցրինք հարցնել ՌԴ պաշտպանության նախարարին, կհասցնենք այսօր։

Իսկ լրագրողները պաշտպանության կարիք չունեն
Երեւի սա էր պատճառը, որ երեկ լրագրողներին տրանսպորտային որեւէ միջոց չէր տրամադրվել։ Օդակայան հասնել եւ այնտեղից՝ խմբագրություն՝ լրագրողների խնդիրն էր։
Իհարկե, մի կողմից՝ ես եւ իմ գործընկերներն «ասֆալտին չմնացինք», մյուս կողմից էլ՝ բա եղա՞վ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031