Հուլիսի երկրորդ տասնօրյակը Հայաստանի ներքաղաքական կյանքում բավականին հետաքրքիր իրողություններ է արձանագրում։ Հայկոմկուսից հետո Ազգային ժողովրդավարական միությունը երկրորդն էր, որ հուլիսի 13-ին գումարած վարչության նիստում Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծվող Քաղաքական խորհրդի աշխատանքներին չմասնակցելու որոշում ընդունեց։ Ինչո՞վ է պայմանավորված դա, որո՞նք են ԱԺՄ-ի դիրքորոշման հիմքերը։
Մեր առաջին զրուցակիցն ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանն (լուսանկարում) էր։ Նրա մատուցմամբ, Քաղաքական խորհուրդ ասվածը խորհրդարանն է։ Այլ բան, որ մեզանում Ազգային ժողովը ոչ օրինական մարմին է եւ չի արտահայտում քաղաքական ուժերի հարաբերակցությունը։ Կար ԱԺՄ-ի համար ընդունելի տարբերակ. լուծարել խորհրդարանը եւ արտահերթ պառլամենտական ընտրություններ անցկացնել։ Սակայն, երբ Քաղաքական խորհուրդ ստեղծելն է դիտվել նպատակահարմար, ԱԺՄ-ն, իբրեւ Հայաստանի ազդեցիկ կուսակցություններից մեկը, իր գործունեության հիմքում դրել է այլ հայեցակարգ։ Կուսակցությունը պատրաստ է երկրի համար կարեւոր բոլոր հարցերի շուրջ քաղաքական խորհրդատվություններ անցկացնել քաղաքական իշխանության թե օրենսդիր, եւ թե գործադիր թեւերի հետ։
Այսքանն ըստ բովանդակության։ Սակայն ԱԺՄ-ն տեսակետներ է մշակել նաեւ Քաղաքական խորհրդի կազմավորման ձեւի շուրջ։
Վերաբերմունքն, իհարկե, բացասական է։ Ֆիլարետ Բերիկյանն այնպես մատուցեց, որ այդ մարմնի ստեղծումն առանց իրենց ներկայացուցչի հետ քննարկման է իրականացվել եւ այն էլ՝ նախագահի հրամանագրով։ Իսկ նախագահի հրամանագրերն օրենսդրական ակտեր են՝ ենթակա պարտադիր կատարման. «Առանց մեր կամքը հարցնելու, ԱԺՄ-ին ընդգրկել են այդ կառույցում։ Հիմա չգիտեմ, մեզ օրինական պատասխանատվության կկանչեն այն բանի համար, որ մենք նախագահի հրամանագիրը չենք կատարում, թե՝ ոչ։ Իրականում ստեղծվում է աբսուրդ իրավիճակ։ Կոռեկտ չէ հրամանագիրը»։
Քաղաքական խորհրդի կազմավորման որդեգրված մոտեցումից դժգոհ է նաեւ ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը։ Նրա կարծիքով, ոտնահարվել են ժողովրդավարության եւ մեխանիզմները, եւ թե սկզբունքները։ Քաղաքական ուժերի մրցակցության եւ գործունեության ասպարեզը պառլամենտն է. «Ընդ որում՝ այստեղ լինում է հստակ բաժանում՝ կա իշխող բլոկ, որը ձեւավորում է կառավարություն եւ նրա միջոցով իրականացնում սեփական ծրագրերը։ Այդ ուժը հասցեագրված պատասխանատվություն է կրում։ Երկրի ապագայի համար պատասխանատվություն ենք կրում բոլորս, իսկ գործադիր իշխանության համար նրանք, ովքեր աջակցել են Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու գործին»։
Կարդացեք նաև
Քանի որ Հայաստանում հիշատակված մեխանիզմը չի գործում, գուցե թե, իսկապես, Քաղաքական խորհուրդ ստեղծելու կարիք կար։ Սակայն, մինչ այդ պետք է հստակվեին նպատակները, որոնք դրվելու էին Քաղաքական խորհրդի առաջ։ Քանի որ երկրի ներկա վիճակի պատճառներն ավելի արմատական են եւ պետությունը քաղաքական ու կառուցվածքային բարեփոխումների կարիք է զգում, կարող էր գործակցության հրավեր արվել. «ստեղծել ժողովրդավարական սահմանադրություն, համատեղ աշխատանք կատարել ապագա խորհրդարանական ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու համար։ Դրանք բոլորին միավորող խնդիրներ են, որոնք հնարավորություն չեն տա խուսափել հասցեագրված պատասխանատվությունից»։
Քաղաքական խորհրդի կազմի վերաբերյալ էլ դիտողություններ ունի ԱԺՄ-ն։ Այդ կառույցում, Ֆիլարետ Բերիկյանի դիտարկմամբ. «1,5 հոգիանոց կուսակցություններ կան, բայց շատ ազդեցիկ ուժեր դուրս են մնացել»։
Այդ կուսակցություններին որոշակիացնելու մեր առաջարկը մնաց անպատասխան. «Չեմ ասի, որովհետեւ այնտեղ կան 0,5-ից մինչեւ 1,5 անդամ ունեցող կուսակցություններ»։ Իսկ գոնե ակնարկով նրանց առանձնացնելու առաջարկը հավանության արժանացավ. «Վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե ո՞ր կուսակցությունները եւ ո՞ր կուսակցությունների ղեկավարներն ինչ վարկանիշ ունեն։ Համենայնդեպս կան ավելի մեծ կշիռ ունեցող կուսակցություններ, որոնք չեն ընդգրկվել Քաղաքական խորհրդում»։
Քաղաքական խորհրդի կազմից դուրս մնացած համեմատաբար ազդեցիկ ուժ համարվեց Էդվարդ Եգորյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը՝ մանավանդ ակնարկված քաղաքական կազմակերպությունների խորապատկերի վրա։
Ընդհանուր պատկերը, որ մատուցվեց, հետեւյալն էր. եթե հանենք ընդդիմադիր Հայկոմկուսին ու ԱԺՄ-ին, ու նրանց հետ էլ նախագահական արտահերթ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին ոչ բացահայտ աջակցած ՀՀՇ-ին ու «Շամիրամին», ապա կմնան միայն «Արդարություն եւ միասնություն» համագործակցության անդամ կազմակերպությունները, որոնք «պարբերաբար հավաքվում են։ Է՜, թող էլի հավաքվեն։ Պարտադիր է՞, որ դրա անունը Քաղաքական խորհուրդ դնեն»։
Ֆիլարետ Բերիկյանի այս դիտողություններին էլ գումարվում է Շավարշ Քոչարյանի այն փաստարկը, թե «այդ խորհրդի ձայների երկու երրորդը պատկանում է «Արդարություն եւ միասնություն» համագործակցությանը։ Իսկ որոշումներն ընդունվելու են ձայների պարզ մեծամասնությամբ»։ Փաստորեն, կարող է այնպես պատահել, որ հենց Քաղաքական խորհրդում էլ կասեցվեն ԱԺՄ-ի ծրագրերն ու առաջարկները, իսկ նախագահի հետ հաղորդակցվելու համար ստեղծվում է միջնորդավորված ճանապարհ։
Իսկ ամենաէականը, ինչպես ներկայացրեց Շավարշ Քոչարյանը, այն է, որ այսպիսով ժողովրդի մեջ կարող է կեղծ պատրանք ստեղծվել, թե առկա է միասնություն։
Այն էլ ասենք, որ մեր զրուցակիցները նշեցին, որ Հայկոմկուսի հետ գործողությունների համադրման որեւէ պայմանավորվածություն չի եղել, իսկ ԱԺՄ վարչությունը նշյալ վճիռն արել է ձայների բացարձակ մեծամասնությամբ։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ