Աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել Հրայր Կարապետյանի՝ Արագածոտնի մարզպետ նշանակվելուց հետո։ Նրան է զանգահարել տվյալ տարածքի նախկին մարզպետ Հրաչ Գրիգորյանը եւ շնորհավորել։ Հրայր Կարապետյանն էլ իր հերթին մարզպետարանի կոլեկտիվին հանդիպելիս գովեստի խոսքեր է ասել նախկին մարզպետի մասին։
Մինչդեռ, ըստ «Առավոտ» հասած տեղեկատվության, Հրայր Կարապետյանին սվիններով են ընդունել փոխմարզպետ Ռաֆայել Մկրտչյանի կողմնակիցները, որը Էդվարդ Եգորյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ է։ Փորձ է արվել Աշտարակում հանրահավաք եւ քայլարշավ կազմակերպել դեպի ՀՀ կառավարության շենք, ինչը, սակայն, չի հաջողվել։
Ասենք նաեւ, որ առաջիկա հինգշաբթի սպասվում է եւս մեկ դաշնակցականի մարզպետ նշանակվելը։ Տվյալ դեպքում, սակայն, Պավլիկ Ասատրյանը կարող է հանգիստ լինել։