Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Հուլիս 15,1998 22:30
Vasak Darbinyan

«Կարծիք կար, թե Լ. Տեր-Պետրոսյանը լավն էր, վատն էր շրջապատը։ Նա իշխանությունից հրաժարվեց, իշխանության եկավ նրա շրջապատը»։

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԺՄ վարչության նախագահ «Երկիր», 10 հուլիսի

Հենց որ կարծիք ձեւավորվի, թե Ռոբերտ Քոչարյանը լավն է, վատն է Վազգեն Մանուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի իշխանությունից, եւ իշխանության կգա Վազգեն Մանուկյանը։

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՓՈՐՁ

«Նախկինում կատարված 16 սպանության դեպք է բացահայտված եւ 6 սպանության փորձ։ Դրանք բոլորը վտանգավոր բնույթ ունեն, որովհետեւ ղեկավարվել են մի տեղից եւ հանդիսացել որոշակի թելադրանքի եւ պատվերի արդյունք»։

ՀԵՆՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր «Ազգ», 13 հուլիսի

Մի պրոֆեսոր տեսակետ հայտնեց, թե Հենրիկ Խաչատրյանը հավանաբար ձեռքի տակ ունի նաեւ անվտանգ բնույթ կրող սպանությունների եւ սպանության փորձերի նմուշներ։ Դրանք այն դեպքերն են, երբ որոշակի թելադրանքի ու պատվերի արդյունք չեն հանդիսանում եւ ղեկավարվում են ոչ թե մի, այլ երկու տեղից։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

«-Պրն Սանդոյան, ՀՀ մաքսային վարչության նոր պետը նշանակված է արհեստավարժությա՞ն, թե՞ պրոֆեսիոնալիզմի չափանիշներով։ Հնարավո՞ր է, որ մի երեք ամիս հետո կադրային փոփոխություն տեղի ունենա։
– Հումորը հումոր, բայց ես եւս սիրում եմ պրոֆեսիոնալիզմ ասածը եւ չեմ սիրում արհեստավարժ բառը։ Այս տեսակետից Ձեզ հետ համաձայն եմ, եթե դուք նույնը նկատի ունեք…»։

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար ԷԴՎԱՐԴ ՍԱՆԴՈՅԱՆԻ հետ հարցազրույցից «Իրավունք», թիվ 32

Հումորը հումոր, բայց, ըստ տեղեկությունների, պարոն Սանդոյանը չի սիրում նաեւ «պարոն» բառը, սիրում է «գասպաձին» բառը, սիրում է «մինիստր» ասածը եւ չի սիրում «նախարար« բառը… Այս տեսակետից նա համաձայն չի լինի, որ իրեն ասեն «արհեստավարժ նախարար պարոն Սանդոյան», համաձայն կլինի, եթե ասեն «պրոֆեսիոնալ մինիստր գասպաձին Սանդոյան»։

ԵԼՔ

«Ընդհանրապես կադրային քաղաքականությունը համարում եմ ազգային անվտանգության կարեւորագույն խնդիր եւ կարծում եմ՝ սակավահումք երկրների զարգացումը հնարավոր է կադրերի ճիշտ գնահատմամբ»։

ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆ ԱԺ փոխխոսնակ «Իրավունք», թիվ 32

Ոչ միայն սակավահումք, այլեւ առհասարակ աղքատ, թշվառ ու անտեր երկրներում, անկասկած, օրախնդիր հարց է կադրերի ճիշտ գնահատումը։
Միայն այդ դեպքում տվյալ երկիրը դուրս կգա ճգնաժամից, կավելանա կովերի կաթնատվությունը, կփոքրանա սպառողական զամբյուղի արժեքը, կբարձրանան աշխատավարձերն ու կենսաթոշակները, կթեթեւանան հարկերը, կգրանցվի գյուղատնտեսական եւ արդյունաբերական արտադրանքի աննախադեպ աճ, կծաղկի մշակույթը, կապահովվի ազգային անվտանգությունը… Երկիրն, առհասարակ, իր զարգացման տեմպերով կգերազանցի ամենահարուստ պետություններին։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031