Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սրբերի կյանքից

Հուլիս 15,1998 22:23

Մարդիկ ընդհանրապես իրենց մասին ավելի լավ են մտածում, քան կան իրականում: Մանավանդ՝ պաշտոնյաները եւ մանավանդ՝ Հայաստանում: Այդ է պատճառը, որ իրենց խորապես խոցում է իրենց մասին արտասանված կամ գրված ցանկացած բացասական արտահայտություն: Բնական է, որ նման բառերից հետո նրանք պատրաստ են մոտ մեկ ժամ բացատրել, թե որքան են իրենք նվիրված ազգին եւ հայրենիքին եւ ինչպես են իրենք օրնիբուն աշխատում հանուն դրանց բարօրության:
Պաշտոնյաների ինքնարդարացնող եւ ինքնափառաբանող այդ ճառերից կարելի է եզրակացնել, որ գործ ունենք մտքի այնպիսի տիտանների եւ բարոյականության այնպիսի նվիրյալների հետ, որ պատմական սարսափելի անարդարություն է եւ անհեթեթություն՝ առ այսօր նրանց սրբերի շարքին չդասելը: Սակայն նրանց հերոսական առօրյան շնորհակալ հետնորդների դատին հանձնելու համար (եթե նույնիսկ մեզ մոտ այդպիսի ցանկություն լիներ) մեզ փաստեր են պետք եւ ոչ թե իրենց սեփական կամ շողոքորթ շքախմբի գովասանքները: Երեւանի որոշ գերատեսչություններում դա կարծես սկսել են հասկանալ: Բայց Երեւանը դեռ ամբողջ Հայաստանը չէ:
Հետաքրքիր է, որ ոչ մի մարզպետարանի մամուլի պատասխանատու, եթե նման պաշտոն ընդհանրապես գոյություն ունի, այս տարիների ընթացքում փորձ չի արել կապ հաստատել մեր թերթի եւ, վստահ ենք, մնացած խմբագրությունների հետ: Գուցե իսկապե՞ս մարզպետների անձնուրաց աշխատանքի շնորհիվ սովորական մարդկանց կյանքը վերջին շրջանում ավելի բարեկեցիկ է դարձել: Ասենք, գյուղացիներն արդեն կարողանում են մուծել ջրի վարձը: Կամ՝ աղետի գոտում 10 տարի ժամանակավոր տնակներում ապրող մարդիկ տվյալ մարզպետի ջանքերով վերջերս բնակարան են ստացել: Գուցե այդ ամենը կա՞, եւ միայն մեզ է թվում, որ մարդիկ շարունակում են տանջվել եւ ստորացվել: Չգիտենք, մարդկանց դժգոհությունը հասնո՞ւմ է մարզպետարաններ, թե՝ ոչ, բայց խմբագրություն գալիս են մարդիկ շրջաններից (առավել հաճախ՝ Տավուշից եւ Շիրակից) եւ պատմում իրենց չարքաշ կյանքի եւ մարզերում արմատավորված ֆեոդալական բարքերի մասին:
Իհարկե, իշխանավորների համար կան պատրաստի բացատրություններ. ա) այս ամենը սուտ է, հերյուրանք է եւ իրենց պայծառ անձը վարկաբեկելու համար իրականացված թշնամիների պատվեր, բ) այս ամենն ունի օբյեկտիվ պատճառներ: Ենթադրենք, երկու պատճառաբանություններն էլ ճիշտ են: Սակայն դրանցից, ցավոք, մարդկանց կյանքը չի լավանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031