Կառավարության 1998 թ. հունվարի 16-ի որոշմամբ, ՀՀ նախագահի վավերացմամբ եւ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանագրով հունիսի 20-ին ՀՀ զինված ուժերի բարձրագույն ռազմական բազմաբնույթ ուսումնարանը դարձավ ինստիտուտ:
Հուլիսի 11-ին Ռազմական ինստիտուտը, որ հիմնադրվել է 4 տարի առաջ, ունեցավ իր առաջին շրջանավարտները: Ավելի քան 300 երիտասարդների շնորհվեց սպայական լեյտենանտի կոչում, միեւնույն ժամանակ շրջանավարտները ձեռք բերեցին նաեւ քաղաքացիական մասնագիտություններ: Սպայի կոչում եւ ռազմական բժիշկի դիպլոմ ստացան 12 կանայք: Այս հանդիսությանը Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից բացի (եւ բացառությամբ նախարար Վազգեն Սարգսյանի, որը բացակայում էր հանրապետությունից), որքան էլ տարօրինակ թվար, չկային ո՛չ հանրապետության նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ այլ պաշտոնյաներ, այդ թվում եւ քաղաքապետը՝ գեներալ Սուրեն Աբրահամյանը: Ներկա չէր նաեւ Էդվարդ Միլիտոնյանը:
Մինչդեռ, անգամ բարձրաստիճան զինվորականներից ոչ ոք չպատասխանեց մեր հարցին, թե Հայաստանում մեկ էլ երբ էր, որ շրջանավարտները սպաներ էին, այլ ոչ թե, ասենք, իրավաբան կամ տնտեսագետ՝ մենեջմենթի ու մարքեթինգի գծով: Ոմանք նկատելի բացակայությունները բացատրեցին պաշտպանության նախարարի բացակայությամբ, ոմանք էլ այսպիսի մեկնաբանություններ հնչեցրին. «Հո, Արարատի ոսկու հանքերը, կամ «Կոտայք» գարեջրի գործարանը չի, որ գային»: Իսկույն հավելելով նաեւ. «Կամ «Ոսկե ձկնիկ» ռեստորանը»:
Մենք մեր կողմից այն կարծիքն արտահայտեցինք, որ եթե պատերազմ տեսած նախագահն ու քաղաքապետը չեն եկել, ուրեմն ավելի լուրջ խնդիրներ ունեին, քան Ռազմական ինստիտուտի առաջին շրջանավարտները: «Լավ էլի, ինչ խնդիր, ինչ բան»,- մերժեց ենթադրությունս բարձրաստիճան մի զինվորական:
Կարդացեք նաև
Ռազմական ինստիտուտի բազմամարդ բակում բարձրաստիճան զինվորականների շարքից առանձնանում էր սեւ կոստյում հագած ինստիտուտի պետը՝ գնդապետ Աշոտ Պետրոսյանը, որը, կտրականապես մերժեց մեր ձայնագրիչին որեւէ բան ասել: «Եթե պարոն Պետրոսյանը թույլ տա»,- սեփական հրաժարականը բացատրեց նա: Բայց այսքանը, այնուամենայնիվ, կորզեցինք. «Եթե վերցնենք ընդհանրապես մեր ամբողջ աշխարհի եւ Սովետական միության /իմա՝ ԱՊՀ-ի – Ա.Բ./ մակարդակով, նման ուսումնական զինվորական հաստատություններ չեն եղել, որոնք ունեն 8 մասնագիտական ֆակուլտետ եւ… մնացածը հետո»,- խոսքը կիսատ թողեց նա: Այդ պահին բակ մտավ ՊՆ համարանիշերով մի մեքենա. ինստիտուտի /ուսումնարանի/ հիմնադիր գեներալ-մայոր Սերգեյ Մարտիրոսյանի գալուստը շրջանավարտները ողջունեցին ուժգին ծափահարություններով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ հենց ինքը, գեներալ- մայոր Մկրտիչ Աբրահամյանը. «Չնայած ունեցած դժվար պայմաններին եւ չլուծված կարգապահական հարցերին, այսօր ունենք շրջանավարտներ, որոնց թվում 8 գերազանցիկ, ովքեր ստանում են այսօր Կարմիր դիպլոմ եւ 89 լավ եւ գերազանց ավարտած շրջանավարտներ»,- փաստեց պարոն Աբրահամյանը: Այս գերազանցիկներին առաջին հերթին տվեցին Կարմիր դիպլոմներն ու ուսադիրները: Ազդարարվեցին նաեւ ոչ այնքան հաճելի թվեր՝ 14 կուրսանտ դուրս են մնացել ուսումնական հաստատությունից, «պետական քննությունները վատ հանձնելու եւ անկարգապահության պատճառով»: Այս 14-ը չորակավորվեցին, չստացան սպայական կոչում եւ շուտով կմեկնեն մեր զորքերը՝ հետագա ծառայությունը, որպես ժամկետանց ծառայողներ շարունակելու:
Հետո սկսվեց ամենահուզիչ պահը՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կուրսանտներին սպայի վկայականներ ու լեյտենանտի ուսադիրներ հանձնեցին: Չափից ավելի հուզված էին ծնողները, որոնց անընդհատ կշտամբում էին ռազմական ոստիկանության ներկայացուցիչները՝ «հըլը, բոռդյուրից էն կոմ գնացեք»:
Վարդուհի Զադոյան՝ լեյտենանտ Արտակ Խաչատրյանի մայրը. «Դե, իհարկե, ուրախ ու հպարտ եմ: Տղաս իր ցանկությամբ ընդունվեց, գերազանց ավարտեց ուսումնարանը:»: Բայրամյան Լեւոն՝ լեյտենանտ Վարդանի հայրը. «Շատ, շատ ուրախ եմ: Վարդանս սպա է դարձել, շտուրման է»: Լեւոնի մյուս որդին սովորական բուհի ուսանող է, իսկ ահա այս մեկը՝ «զինվորական գծով գնաց, որ մեր հայրենիքը պաշտպանի»:
Շրջանավարտների ծնողները լրագրողների հետ ազատ ու անկաշկանդ էին, նախ՝ որովհետեւ ուրախ ու երջանիկ էին որդիների ինստիտուտն ավարտելու ու սպայի կոչում ստանալու համար, իսկ երկրորդը՝ ռազմական պաշտոնյա չէին, որ ձայնագրիչից խրտնեին: Ի դեպ, սա վերաբերում է, ոչ միայն հայ զինվորականներին, այլ նաեւ օտարերկրյա: Մեր փորձերը գեներալներ Տրետյակովից ու Անդրեեւից, որոնք մասնակցեցին հանդիսությանը, մի երկու խոսք պոկել, մատնվեցին անհաջողության: Անդրկովկասում Ռուսաստանի զորախմբի հրամանատար գեներալ- լեյտենանտ Անդրեեւը կարճ կապեց. «Ոչ, ես լրագրողների հարցերին չեմ պատասխանելու»:
Տհաճ պահը մեղմեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը. «Բոլոր ձեր հարցերը՝ ամսի 15-ին»,- ՌԴ Պաշտպանության նախարարի այցը նկատի ունենալով՝ ասաց նա: Հուրախություն մեզ, բարյացկամ եւ ինչպես միշտ լրագրողի հանդեպ բարեկիրթ էր փոխնախարար Վահան Շիրխանյանը. «Զինված ուժերի շինարարությունը գնում է իր բնականոն ընթացքով: Ոչ մի երկիր չի կարող պահել սեփական Զինված Ուժեր, եթե չունի սեփական սպայական կազմի պատրաստման ուսումնական հաստատություններ: Հետագայում ռազմական ինստիտուտը շարունակելու է սպայական կադրերի պատրաստումը, հնարավոր է, որ որոշակի փոփոխություններ տեղի ունենան մասնագիտությունների ցանկում: Նկատի ունեմ, այն, որ բանակը օրեցօր տեխնիկապես ավելի հագեցված է դառնում՝ հակաօդային պաշտպանության, հրետանու, ռադիոտեխնիկական եւ այլ որակյալ մասնագետների կարիք ունենք: Համոզված եմ, որ այս ինստիտուտը իր շատ լուրջ դերը կունենա Զինված ուժերի հետագա ամրապնդման եւ զորացման համար»:
Իսկ փոխնախարարներից մեկը հայտնեց նաեւ, որ թիկունքի պարենային ծառայության պետ Գասպարյան Վաղարշակի կինը նույնպես շրջանավարտների թվում է, նա ռազմական բժիշկ է: Թե ինչպես են տեղաբաշխվելու Ռազմական ինստիտուտի առաջին շրջանավարտները՝ պարզել չկարողացանք, ասացին միայն, որ այս հարցը ինքը՝ նախարարը պիտի որոշի:
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ