Գործարար աշխարհի համար դիվանագիտական պայմանավորվածությունները դեռեւս վերջին խոսքի արտոնությամբ օժտված չեն, թեեւ քաղաքականությունը տնտեսության համար շարունակում է մի դեպքում խթանիչ, մեկ այլ դեպքում խոչընդոտ լինել։ Հայ-թուրքական ներկա հարաբերությունները դրա լավագույն վկայությունը կարող են հանդիսանալ, երբ տնտեսական առնչությունները մի քանի քայլ առաջ են անցել քաղաքականից։ Վերջին շրջանում այդ հարաբերություններում ի հայտ են գալիս միանգամայն նոր երանգներ, որոնք հետագայում կարող են կանխորոշիչ դեր խաղալ մերձեցման փուլում։ Խոսքը վերաբերում է այն նկատելի ակտիվությանը, որ հանդես է բերում թուրք գործարար աշխարհը։ Շփման եզրերն ընդարձակելու նպատակով վերջիններս շարունակում են որոնել առավել նոր մոտեցումներ, որոնցից մեկն առանձնակի ուշադրության է արժանի։
Իբրեւ միջնորդ կողմ՝ թուրքերը փորձում են այս անգամ նախապատվությունը տալ ոչ թե ինչ-որ երրորդ երկրի, այլ սփյուռքահայության գործարար հատվածին։ Առաջին հերթին ակնարկելով ամերիկահայությանը՝ թուրք ձեռներեցները համոզված են, որ հայերն իրենց տնտեսական հզորության շնորհիվ կարող են մեծ ներդրումներ կատարել սահմանային շրջաններում, ակտիվ աջակցություն ցույց տալ Թուրքիայի տարածքում հայկական մշակութային արժեքների վերականգնման գործին, ինչն էլ կնպաստի զբոսաշրջիկության տարածմանը այդ հատվածում։
Իբրեւ ասվածի վկայություն, արձանագրենք, որ բազմաթիվ թուրքական տուրիստական կազմակերպություններ արդեն հատուկ ծրագրեր են ներկայացրել հայ-թուրքական գործարարների հանձնախմբին։ Հանձնախումբն իր հերթին շատ ավելի առաջ է գնացել՝ դիմում հղելով երկրի նախագահ Ս. Դեմիրելին՝ վերջինիս առաջարկելով վերանայել սփյուռքահայերի նկատմամբ մինչ այժմ կիրառվող «պատմության խոչընդոտների» քաղաքականությունը։ Դիմումում առաջարկ է արվում «վերստին գրի առնել պատմությունն այնպես, որ այն չվնասի երկու երկրներին»։ Անշուշտ, նման առաջարկներում չի կարելի չտեսնել անհաջող քողարկված քաղաքական մտադրությունները, որոնց նպատակն է հայերին հեռացնել պահանջատիրության ուղուց եւ թուլացնել միջազգային ատյաններում սփյուռքահայության ճնշումը։ Սա հավասարապես վերաբերում է նաեւ Ղարաբաղյան խնդրին։ Հանրահայտ է, որ հատկապես Թուրքիայի գործարար աշխարհում շարունակում է տիրապետող մնալ այն մտայնությունը, ըստ որի՝ «չարժե 2 գրոշի համար վշտացնել ադրբեջանցի եղբայրներին»։ Բայց ահա, հայ-թուրքական գործարարների հանձնախմբի Թուրքիայի նախագահ Քայան Սոյաքի սենսացիոն հայտարարությունը համարյա թե ի վիճակի է վշտացնել Բաքվի արյունակիցներին։
Խոսելով Բաքու-Ջեյհան նավթամուղի եւ այդ առնչությամբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին եւ նշելով, որ հակառակ Անկարայի պնդումներին, Ալիեւը դեռեւս որեւէ փաստաթուղթ չի ստորագրել, Ք. Սոյաքը պնդում է, թե ինքը վստահ է, որ եթե սփյուռքահայերը ցանկանան, կարող են ԱՄՆ-ի կառավարության եւ նավթային ընկերությունների վրա ճնշում բանեցնելով 24 ժամում ստանալ նավթամուղի վավերացումը, պայմանով, որ այն անցնի Հայաստանով։ Թե ինչն է խանգարում հայերին հանուն մեծ գործի զոհաբերել այդ 24 ժամը, Սոյաքն այդ մասին ոչինչ չի ասում։ Փոխարենը թե՛ նա եւ թե՛ նրա գործընկերները մնում են այն համոզմունքին, որ Հայաստանի կոշտ քաղաքականությունը մեծապես վնասում է տնտեսական հարաբերություններին։
Կարդացեք նաև
Մասնավորապես Թուրքիայի նախկին ավագ դեսպաններից Ջ. Քրջան այն կարծիքին է, թե Թուրքիան Հայաստանին բազմաթիվ արտոնություններ է ընծայում երկիր մուտք գործելու, օդային թռիչքներ իրականացնելու համար, մինչդեռ Հայաստանը չի պատրաստվում դիմել փոխադարձ քայլերի։
Ասենք նաեւ, որ մեր երկիրը թուրքերին հետաքրքրում է ոչ միայն այն պատճառով, որ արտահանման բարենպաստ շուկա է, այլ որովհետեւ տնտեսական աղբյուրներով աղքատ երկիր լինելով հանդերձ ունի շատ կարեւոր մի ներուժ, որն է մտավոր պոտենցիալն ու դրա բարձր որակը, ինչպես նաեւ արհեստների եւ արվեստների ոլորտում շեշտված ընդունակությունների պաշարը։ Այս առավելությունները հաշվի առնելով՝ թուրք գործարարները մշակել են առանձին ծրագիր, որն իրականացնելու նպատակով դիմել են Երեւանի պետական համալսարանի ղեկավարներին՝ խնդրելով Թուրքիա գործուղել պատմաբաններ, միջազգային հարաբերությունների ու քաղաքական գիտությունների մասնագետներ։ Ամենայն հավանականությամբ, այդ խմբին կմիանան նաեւ սփյուռքահայ գիտնականները։
Ինչպես ասում են՝ վիճակը նետված է։ Ժամանակն իր հերթին ցույց կտա, թե քաղաքականությունը որքանով կնպաստի դրան։
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ