ՀՀՇ-ն առաջարկել է բասկետբոլային հանդիպում անցկացնել կառավարության թիմի հետ, որն առաջնորդում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Շաբաթ օրը նախատեսվող այդ խաղի վերաբերյալ արդեն ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն։
ԴԱՐՁՅԱԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի հուշարձանների պահպանության պատվավոր ու ազգանվեր խնդիրը, ինչպես երեւում է, վերջնականապես դրված է ՊՆ-ի զորավոր ուսերին։ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի ճակատամարտերը հավերժացնող հուշարձանները վերանորոգելուց հետո նախարարությունը ստանձնել է նաեւ հայ-ռուսական բարեկամության (Արմավիրի մարզ) հուշարձանի բարեկարգումը։ Այս միջոցառումը, սակայն, ոչ թե որեւէ հոբելյանի հետ է կապված, այլ ՌԴ պաշտպանության նախարար Իգոր Սերգեեւի՝ այսօր Հայաստան այցելելու հետ։ Սպասվում է, որ Սերգեեւն այցելելու է հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող։
ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԸ ԴԵՍՊԱ՞Ն
Կարդացեք նաև
Որոշ տեղեկությունների համաձայն, շուտով ԱԺ սոցիալական, առողջապահության եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահի պաշտոնը կթողնի Գեղամ Ղարիբջանյանը։ Հանգստացեք, նրան ոչինչ չի սպառնում։ Պարոն Ղարիբջանյանը, ըստ երեւույթին, դեսպան կնշանակվի Սիրիայում, եթե չստացվի՝ Իրանում։ Մինչդեռ, ըստ որոշ տեղեկությունների, պարոն Ղարիբջանյանը նախընտրում էր Լիբանանը։ Նշենք, որ նախագահական արտահերթ ընտրություններում նրա համակրությունը Կարեն Դեմիրճյանի կողմն էր։