ԹՌԵՔ «ԱԵՐՈՖԼՈՏԻ» ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՈՎ Երեկ ՌԴ դեսպանատանը ընդունելություն էր «Աերոֆլոտ-ռուսական ավիաուղիներ» ընկերության պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու առիթով։ «Աերոֆլոտի» գլխավոր տնօրեն եւ նախագահ Վալերի Օկուլովին (որը նաեւ Բորիս Ելցինի փեսան է) պատվելու էին եկել Շահեն Կարամանուկյանը, Սուրեն Աբրահամյանը, Վահան Հովհաննիսյանը, Արամ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Շահնազարյանը, Հրանտ Բագրատյանը, Ալբերտ Բազեյանը եւ այլք։ Լուսանկարչական ռեպորտաժը՝ «Առավոտի» վաղվա համարում։ ՑՈՒՅՑԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՍՈՒԼԻՍ Ասուլիսներից մեկում Արշակ Սադոյանի խոստումներից կարելի էր եզրակացնել, որ հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը հարամ է լինելու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համար, քանի որ «Կոնյակ» կոմիտեն այդ օրն այդտեղ պիկետներ եւ բողոքի գործողություններ է անցկացնելու։ Փորձեցինք պարզել, թե արդյոք այդ խոստումներն ուժի մե՞ջ են մնում. «Ես իրավունք չունեմ միայնակ որոշումներ կայացնել,- ի պատասխան ասաց Արշակ Սադոյանը։- Ցավոք, պատգամավորական նախաձեռնող խումբը չէր կարողացել նիստեր գումարել։ Նոր ենք միայն մեր գործողությունները որոշում։ Հուլիսի 14-ին միայն մամուլի ասուլիս կանցկացնենք, որտեղ մեր համաձայնեցված տեսակետները կհայտնենք»։ «ՍՊԱՐԱՊԵՏՆ ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՆ Է» Արմավիրի մարզպետ նշանակվելուց հետո Ալբերտ Հերոյանը կադրային «սողացող» ջարդ է իրականացնում։ «Երկրապահ» պատգամավորի հերթական «զոհը» դարձավ ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» խմբակցության անդամ, մարզպետարանի քարտուղար Դավիթ Մելիքյանը (վերջինս կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելուն կողմ էր քվեարկել)։ Դավիթ Մելիքյանին աշխատանքից հեռացնելով՝ Հերոյանը նրա փոխարեն նշանակել է Վազգեն Սարգսյանի մի համակուրսեցու։ Մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։