Երեկ կեսօրին խմբագրությունն ահազանգ ստացավ։ «Էլեկտրոն» գործարանի կոլեկտիվը խուճապի մեջ էր. սեփականաշնորհում էին գործարանին պատկանող մանկապարտեզը, որ կառուցվել էր կոլեկտիվի անդամների ջանքերով։
Զանգի հետքերով
Մանկապարտեզի բակում խռնված ամբոխից ընտրեցի ու մոտեցա մի ոստիկանի, քանի որ ահազանգով հայտնել էին, թե «ոստիկանները ծեծում են խաղաղ բնակչությանը»։ Ոստիկանն, իհարկե, հերքեց այդ փաստը, սակայն բացատրություն էլ չհասցրեց տալ. թաղապետարանի աշխատակիցը (հետո ասացին՝ ռեժիմի պետը) ծաղրանքով ու զայրույթով ընդհատեց՝ «ինտերվյու ես տալիս, հա՞…»։ Մոտեցա «խաղաղ բնակչությանը»։ Նշում եմ նրանց բացատրությունները։
«64 թվից ես աշխատել եմ գործարանում, 18 տարի բնակարանի հերթի մեջ եմ, իսկ հիմա էլ 28 քառակուսի մետրի մեջ յոթ նաֆարով ապրում ենք։ Մանկապարտեզն էլ ազատ է, չի գործում, բոլորս էլ ուզում ենք օգտվել։ Իմացել ենք, որ սեփականաշնորհում են, եկել ու նստել ենք մեջը։ Իսկ ոստիկանները ծեծելով դուրս են հանում։
Կարդացեք նաև
15 տարի է՝ աշխատում եմ գործարանում, այսօր երեխաներիս հետ դրսում եմ քնում։ Մեծացնում եմ հայրենիքի երկու զինվոր, բայց օրգանի աշխատողները նրանց թեւից բռնում ու դուրս են շպրտում։ Մանկապարտեզի շենքը կառուցվել է գործարանի աշխատողների ամսական վճարումների հաշվին, իսկ այսօր ուզում են սեփականաշնորհել, վաճառել պարսիկներին։
10 տարի է՝ մանկապարտեզը չի աշխատում, դարձել է խոլերայի բուն, միջի ունեցվածքը վաճառեցին, հիմա էլ պատերի քարերն են տանում… Մանկապարտեզը մեր քրտինքով է կառուցված, մենք մեր քրտինքն ենք պահանջում…»։
Պաշտոնական
Պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Շենգավիթի թաղապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Հարություն Պետրոսյանին. «Ահազանգ է ստացվել թաղապետարան, որ «Էլեկտրոն» գործարան» փակ բաժնետիրական ընկերության տիպային մանկապարտեզը բնակիչների կողմից ուզում է բնակեցվել։ Ասեմ, որ շենքը թաղապետարանի բալանսում չի գտնվում, այլ «Էլեկտրոն» գործարանինն է։ Մեր քաղաքականությունը բխում է նրանից, որպեսզի այս տարածքում տիպային մանկապարտեզը ծառայի որպես մանկապարտեզ։ Ամիս առաջ մենք դիմել ենք «Էլեկտրոն» գործարանի տնօրինությանը՝ շենքը որպես սեփականություն համայնքին հանձնելու առաջարկով, սակայն մերժվել ենք։ Այսօր էլ ես առաջարկում եմ. եթե շենքը կհանձնվի որպես թաղապետարանի սեփականություն, ուրեմն կծառայի իր նպատակին՝ կդառնա մանկապարտեզ, եթե չէ՝ իրենց խնդիրն է, իրենք պիտի որոշեն»։
Իսկ ժողովուրդը գոռում է. «Չե՜նք տա թաղապետարանի՜ն…»։ Բաժնի պետը շարունակում է. «Ժողովրդին թվում է, որ եթե ասում ենք թաղապետարան, նշանակում է որոշակի անձանց նկատի ունենք։ Բայց ես ասում եմ՝ հանձնելով համայնքին՝ շենքը նույն իրենց երեխաների համար կծառայեցվի։ Այստեղ անձի խնդիր չկա։ Իսկ բնակարան տրամադրելու հարցը մեր պրոբլեմը չէ, այլ գործարանինը. կա բնակարանների հերթացուցակ, որով պետք է պաշտոնական ուղղություն ցույց տրվի։
Գործարանը որպես պետական փակ բաժնետիրական ընկերություն արդեն ակցիաներ ունի, որոնցից 20 տոկոսը, իրենց ասելով, գտնվում է ժողովրդի ձեռքին։ Խոսքը պետական մանկապարտեզի մասին է։ Կառավարությունը որոշումներ ունի տարբեր գործարանների հետ, ըստ որոնց, սեփականաշնորհելով գործարանը, մշակութային հիմնարկներն ու մանկապարտեզները չեն սեփականացվում, այլ հանձնվում են որպես համայնքի սեփականություն։ Եթե գործարանն այս շենքը հանձնի, կհանձնի որպես համայնքի սեփականություն, եթե չէ՝ իրենք պետք է տնօրինեն»։
«Հանձնեն համայնքին, որ հետո էլ համայնքը ծախի՞…»,և լսվում է ժողովրդի ձայնը։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ