Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է.
Հայ ժողովուրդը՝ հայաստանյան եւ սփյուռքյան զանգվածներով, այսօր կանգնած է մի շարք մարտահրավերների դեմհանդիման. պետականակերտում, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում եւ կիրառում, հայ ժողովրդի մարդկային, քաղաքական, իրավական ու պատմական իրավունքների վերահաստատում ցեղասպանության, տեղահանության եւ գրավման պատճառով իրենից կողոպտված Արեւելահայաստանի մի հատվածի եւ Արեւմտահայաստանի վրա։
Հակառակ վերը նշված մարտահրավերներին՝ հայ քաղաքական գետնի տիրական ուժերը շատ քիչ են կարողացել տալ այդ խնդիրների դիմագրավման հստակ պատկերացում, ուստի եւ ծրագիր։
Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական ուժերի աթոռամարտը դարձել է իրենց աշխատանքները զսպանակող գլխավոր գործոնը։ Քաղաքական խոսքի եւ գործի դաշտը լցված է պատեհապաշտներով, պոռոտախոսներով, շահամոլներով եւ հատվածապաշտներով։ Գաղափարախոսությունը անցյալ փորձի, ներկա իրականության եւ ապագա տեսլականի շաղկապումն ու մարմնավորումն է, իսկ նրա քաղաքական արժեքը նրա սահմանած ուղեծրով քաղաքական դրոշակի շահերի եւ նպատակների իրականացման արժեքն է։ Վերջին ամիսներին, ի տես եվրոպական որոշ երկրների կողմից Հայկական ցեղասպանության ճանաչման իրողության՝ հայ քաղաքական իրականության մեջ պետական, թե կուսակցական հանգամանքներով գործող որոշ ուժեր, շահատակորեն հաղթողի պատմուճանը հագած, իրենց լծակից մտավորական, լրագրողական, գործարարական ամբողջ ավագանին գործի դնելով, փորձում են հայ ժողովրդի պատմական փորձով ամրագրված համոզումները վերադասավորել ըստ իրենց պատեհապաշտական դիտավորությունների ու շահամոլական նկրտումների։
Կարդացեք նաև
Արդեն իսկ քիչ-քիչ ամեն տեղ, երբեմն փսփսալով, երբեմն բարձրաձայն, սկսել են հնչել մտքեր, որոնք միջազգային ընտանիքի կողմից (որ տակավին չի իրականացել) ցեղասպանության փաստի ընդունումը նկատում են հայ ժողովրդի պահանջատիրական պայքարի վերջնական նպատակը։ Հայաստանից Սփյուռք կան նաեւ հայկական գործարար շրջանակները ներկայացնող անձնավորություններ, որոնք հայաստանյան պետական որոշ շրջանակների ներշնչմամբ եւ աշխարհաքաղաքական այդ շրջանում հիմնական շահ ունեցող գերուժերի օգնությամբ, հայ-թուրքական առեւտրատնտեսական, մասամբ նաեւ մշակութային փոխանակումների սերտացմամբ ու զորացմամբ փորձում են անհրաժեշտ դաշտ ստեղծել՝ մեր ժողովրդին պարտադրելու համար հայևթուրքական հարաբերությունների գծով գերկառույցային նոր մոտեցումներ ու համոզումներ։
Այս բոլորը, եթե դիտարկվի այն ենթահողի վրա, թե Հայաստանի պետական որոշ այրեր, հակառակ իրենց գործածած հռետորական բառացանկի, օտար շրջանակների հետ քաղաքական հանդիպումների ընթացքում հայկական ազատագրական պայքարի մարտական կազմակերպություններին հակակշռելու եւ նրանց գործունեության ընթացքը սահմանափակելու, նույնիսկ խափանելու որոշ խոստումներ են տալիս, համարձակվում նաեւ հանձնարարություններ վերցնել, պատկերն ավելի քան ամբողջական ու պայծառ է դառնում։
Տեղահանությունը, մեր հողերի հայաթափումը լոկ միջոցներ էին թուրքական ազգային-քաղաքական հիմնական նպատակի իրականացման՝ մեր հողերի վերջնական յուրացման համար։ Ուստի եթե միջազգային ընտանիքը մի օր քաղաքական կամք դրսեւորի ոչ միայն ճանաչելու ցեղասպանությունը (որ քաղաքականից ավելի մարդկայինևբարոյական նշանակություն ունի), այլեւ դարմանելու հետեւանքը, պետք է ճանաչի եւ սրբագրի նաեւ պատճառը, որն ուրիշ բան չէ, եթե ոչ մեր պատմական հողերի հափշտակումը։
Բոլոր նրանք, ովքեր գիտությամբ թե անգիտությամբ, խոսքով ու գործով սատարում են, որ Հայկական հարցը քաղաքական խնդրից վերածվի լոկ պատմական իրողության ճանաչման մի հարցի, կամ պատմական իրողությունը (լինի կայացած, թե՝ ոչ)՝ բնաբանով ու տրամաբանական զարգացող մի բանավեճի, ջրաղացին ջուր են լցնում՝ սատարելով թուրքածին խաղին, եւ փաստորեն նպաստում մեր իրավունքների քաղաքականևիրավական բովանդակության ու արժեքի ջլատմանն ու անէացմանը։ Հայկական քաղաքական կյանքը կազմող բոլոր ուժերը պետք է հասկանան, որ հայկական իրավունքների վերահաստատման ճանապարհին որեւէ առաջադիմություն արտացոլումն է մեր հավաքական կամքի տվյալ պահի արժեքի ու կշռի։ Սրա համար է, որ Ֆրանսիայի խորհրդարանը հինգ-վեց բառով ճանաչեց Հայկական ցեղասպանությունը եւ չստանձնեց որեւէ պատասխանատվություն ու հանձնառություն պատմական մի իրողության սրբագրման գծով։ Պարզապես մենք ազգովին այսօր չենք ներկայացնում քաղաքական այն արժեքը, որը կարողանար պարտադրել այդ բանը։ Ուստի հոխորտալուց ու գոռգոռալուց ավելի պետք էր մտմտալ ու խոկալ։
Հայկական քաղաքական մտածողությունը, մասնավորապես, պետք է նկատի ունենա, որ գործ ունի մի պետության հետ, որը ստեղծված է ռազմական ուժի՝ բանակի կողմից, եւ մի ազգի հետ, որը ստեղծված է պետության կողմից։ Հայ ժողովուրդը իր իրավունքների վերահաստատման պայքարում, դեմհանդիման ունի մի հաստատություն, որն իր բնույթով ու պաշտոնով հավատում ու կիրառում է ուժի հասկացողությունը։ Հայ ժողովուրդը միայն ուժով կարող է դիմագրավել եւ ստեղծել այն պայմանները, որոնք կարող են նպաստել իր իրավունքների ճանաչմանն ու վերահաստատմանը։ ՀԱՀԳԲ-ն հավատում է այդ ուժին, հետեւողականորեն ու անխափան կիրառում է ու պիտի կիրառի ուժից ծնվող իրավունքի քաղաքականությունը, մինչեւ որ համայն աշխարհը ճանաչի նրա անժամանցելի իրավունքի ուժը եւ սատարի սրբագրելու նրա դեմ գործված անարդարությունը։
7 հուլիսի 1998 թ.
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ
Քաղաքական Դիվան