Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Վեհափառը տանը չէ

Հուլիս 14,1998 22:39

Վերջին օրերին հայ եկեղեցու առանձին բարձրաստիճան այրերի հետ բոլոր պայմանավորված
հանդիպումները փայլուն ձախողման արժանացան։

Իհարկե, նման բացահայտ խուսափողականությունը խիստ անհամատեղելի էր օրեր առաջ գերիշխող տրամադրության հետ, երբ որոշ հոգեւորականներ իրենց կրակոտ ելույթներով պատրաստ էին հայրենի մամուլը դասել երկրի ու եկեղեցու թշնամիների շարքում, իսկ անհաջողությունների մեղքը բարդել հատկապես սրբություններ չճանաչող լրագրողների վրա։ Բայց, երեւում է, Ասողիկ սրբազանն իր աշխարհիկ գայթակղություններով սառը ջուր լցրեց ոգեւորության կրակին, եւ անգամ Գուգարաց թեմի առաջնորդն այլեւս նախկին համոզվածությամբ չի պնդի, թե միայն մամուլն է հայոց եկեղեցու շինության գործը խանգարում։

Սակայն, շրջանցելով առանձին մտասեւեռումներ, վերադառնանք անպատասխան հարցերին, որոնց շարքում առաջին հերթին Գարեգին Ա Վեհափառի բացակայության հանգամանքն է։

Շաբաթներ առաջ մեր մի ենթադրությունը, թե կաթողիկոսի մեկնումը միայն առողջության հետ կապված դրդապատճառներով չէր պայմանավորված, բուռն հակազդեցության արժանացավ։ Բայց, թե հակառակ փաստարկները որքանով էին հիմնավոր, ցույց տվեց ժամանակը։ Վստահեցումներն այն մասին, որ Վեհափառը Հայաստան կվերադառնա հունիսի վերջին, փաստորեն, չիրականացան։ Հուլիսն է կիսվում։ Եկեղեցին շարունակում է ձեռնպահ մնալ նոր մեկնաբանություններից ու պատասխաններից։ Եվ նման դեպքում այլ բան չի մնում, քան փորձել սեփական հարցերի համար գտնել սեփական պատասխաններ։

«Ինչո՞ւ Հայաստան չի վերադառնում կաթողիկոսը» հարցին կարելի է տրամաբանական 3 պատասխան ենթադրել.

ա) ինքնազգացողությունն այնքան էլ վերահսկելի չէ, որքան հավաստիացնում էին,

բ) երկարաձգվել է բուժման կուրսը,

գ) բացակայության պատճառը միայն առողջականը չէ։

Մոտ 100 օր Մայր Աթոռը թափուր է։ Վստահելի աղբյուրների համաձայն, ամեն օր տասնյակ հեռախոսազանգեր են հնչում Էջմիածնում՝ անհանգստացած Գարեգին Առաջինի հապաղումից (եւս մի վկայություն այն բանի, որ Վեհափառի որպիսությունը միայն առանձին արտոնյալների հոգածության առարկան չէ)։

Նման անորոշությունն արդեն իր նախադեպն է ունեցել նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի դեպքում։ Այն ժամանակ գտնվեց նախընտրելի տարբերակը եւ ուղիղ կապի ապահովմամբ փարատվեցին կասկածները։ Թե ինչ կառաջարկվի այս անգամ, հայտնի չէ։ Համենայն դեպս, լավագույնը կաթողիկոսին վերստին Հայրենիքում տեսնելն է։ Հուսանք եւ սպասենք։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031