Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵՑԻՆՔ ՍԵՎԱՆԸ

Հուլիս 14,1998 22:14

«Սագերը Հռոմը փրկեցին։ Այսքան լրագրողներով մի սագի չափ չկա՞նք, որ Սեւանը չփրկենք»,- տեսախցիկի առջեւ աքլորացավ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցուհին, որը «Ազգ», «Առավոտ» եւ «Գարուն» պարբերականների, Ինտերֆաքս եւ Ֆրանսպրես գործակալությունների, «Ար» հեռուստաընկերության աշխատակիցների հետ միասին մասնակցում էր «Փրկենք Սեւանը» եռօրյա սեմինարին։

Ջրից ծանր

Սեմինարի անվանումը մի քիչ պայմանական է։ Լրագրող Մարիետա Մակարյանի («Ազգ», Թեքեյան մշակութային միության լրատվականի պատասխանատու)՝ ՀՌԱԿ-ի աջակցությամբ նախաձեռնած այս հավաքի նպատակն այն էր, որ լրագրողները ծանոթանան Սեւանի հիմնախնդիրներին, փորձեն լուսաբանել դրանք։ Իրոք, օգտակար նախաձեռնություն էր, քանզի մամուլը շատ է զուտ մայրաքաղաքային։

«Առավոտը» սեմինարին մեկ օր ուշացումով միացավ։ Մեր գործընկերներն այդ ընթացքում հասցրել էին Սեւանի քաղաքապետարան այցելել, հանդիպել քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանին եւ քաղաքի ղեկավարությանը, տեղեկանալ, որ 1998-ի հունիսի 1-ին կառավարական 12 հոգանոց հանձնաժողով է ստեղծվել, որը պիտի ուսումնասիրի առափնյա տարածքում իրավիճակը (ղեկավարը Դավիթ Զադոյանն է)։ Միայն 220 կմ առափնյա տարածքի ուսումնասիրումից շուրջ 45 անօրինական օբյեկտներ, վագոն-տնակներ էին «հայտնաբերվել» Սեւանի ափին։ Ապօրինի այս կառույցների տեղադրումը ծառահատումների տեղիք է տալիս։ Խիստ տարածված են ուղեփակոցները՝ բետոնե ցանկապատեր, փշալարեր եւ այլն։ Դրանք եկամուտի թեթեւ ու կայուն աղբյուր են անհատների համար. ասենք 1000 դրամ չվճարես՝ լողափին մոտ չեն թողնում։ Շուրջ 56 հեկտարի են հասնում զավթված տարածքները։ 13 արձանագրություն է կազմվել ապօրինի շինարարությունների մասին։

Այս ամենից բացի՝ արդեն իսկ մշտական դառնալու վտանգով հղի այլ հիմնահարցերից են կոլեկտորի բացակայությունը, որ հնարավորություն կտար կեղտաջրերը հեռացնել, որսագողությունը, վերահսկողության շատ թույլ լինելը եւ այլն։ Իսկ թե Սեւանի մակարդակի իջնելը որքան լուրջ հիմնահարց է՝ առիթ ունեցանք ինքներս համոզվել։ Ճայերի կղզի անվանյալ տարածքի մերձակա ողջ ափը մամռակալել էր, ջրից ճահճի նեխած հոտ էր գալիս։

Ջրից թեթեւ

Որքան էլ լուրջ հիմնախնդիրներ թվային սրանք՝ այնուամենայնիվ քաղաքի տապից ու քաղաքական կյանքից գերհոգնած՝ պիտի փորձեինք փրկարարական մեր առաքելությունը զուգակցել Սեւանի վայելքներին։ Եվ Սեւանը փրկելու ազգաշահ այդ առաքելությունը լրագրողները մեծ մասամբ իրականացնում էին «ինքզինքը լիճը ձգելով» եւ սույնով Սեւանի մակարդակը փոքրիշատե ու ժամանակավորապես բարձրացնելով։
Ի դեպ, հայտնաբերեցինք, որ «Պապլավոկ» սրճարանը Սեւանում քույր կառույց ունի՝ «Ֆլամինգո» լողափը, որտեղ կիրակի կարող էիր հանդիպել քաղաքական բազմաթիվ նախկին ու ներկա աստղերի։ Այստեղ էր մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետ, ԱԺ պատգամավոր Վահան Զատիկյանը։ Այստեղ էր «Շամիրամի» համանախագահ եւ դարձյալ ԱԺ պատգամավոր Շողեր Մաթեւոսյանը։ Նրա ամուսնուն՝ նախկին նախագահի մամուլի նախկին քարտուղար Լեւոն Զուրաբյանին «Ազատության» թղթակից Ռուզան Խաչատրյանը տվեց իր ավանդական հարցը, թե արդյոք ի՞նքը չէր «ԱԺՄ մի շարք գործիչներ» ստորագրությամբ նամակի հեղինակը, որ մի ժամանակ տպագրվել էր «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթում։ Ես էլ ի՛մ ավանդական հարցը տվեցի, թե արդյոք ի՞նքը չէր «Եվգենի Կուրղինյան» կեղծանվամբ հոդվածներ գրում։ Նախկին խոսնակը խոստացավ, որ բոլոր հարցերին կպատասխանի, եթե իր հետ 2 կմ լողացող լինի։ 3-4 կմ լողալու «առեւտրից» հետո «Ինտերֆաքսի» Հայաստանի թղթակից Տիգրանն առաջարկեց 5 կմ լողալ, պայմանով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն հարցազրույց տա։

«Ֆլամինգոյում» կիրակի օրը կարելի էր եւս մի մամուլի ակումբ բացել՝ այստեղ էին նաեւ «Բիզնես TV»-ի աշխատակիցները՝ Բագրատ Սարգսյան, Համլետ Ղուշչյան եւ այլք։ Նրանք էլ էին ինչ-ինչ հարցեր փորձում պարզել Լեւոն Զուրաբյանի հետ։ Այնպես որ, երբ վերջինիս մոտեցած եւս մի լրագրող հարցրեց. «Այստեղ հանգստանո՞ւմ եք»,- պատասխանեց. «15 րոպե է՝ այլեւս ոչ»։

Կեսօրից հետո Սեւանի թերակղզում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը՝ «Պապլավոկի» քույր կառույցից նախընտրելով պետական ամառանոցը։ Ի դեպ, այս անգամ մեզ չհաջողվեց նրա զբոսանավով շրջել, ինչը վաղուց լրագրողներին խոստացվել է «Առավոտի» միջոցով։ Փոխարենը գործընկերներս քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի աջակցությամբ սեմինարի առաջին օրը, կեսգիշերին, կիթառի հնչյունների ներքո զբոսնել էին «Գլորիա» առագաստանավով, իսկ հաջորդ օրը մենք էլ «Ֆլամինգո» զբոսանավով լճում շրջելու հաճույքը վայելեցինք։ Վերադարձին ալիքներ բարձրացան, քամի էր ու գրեթե փոթորիկ, զբոսանավը կարծես անսարք էր՝ թեք էր լողում, եւ ուժգնացավ ցանկությունն, ասենք, Ծաղկաձորի գրողների հանգստյան տունը փրկելու։

Նույն Մարիետա Մակարյանի նախաձեռնությամբ շամպայնի շիշ գցեցինք լիճը, որի մեջ մեր անուններն էին եւ «ակցիայի» նպատակը։ Նախապես բոլորս ձեռքներս վրան էինք դրել ու գոռացել. «Փրկե՞նք Սեւանը։ Փրկե՛նք»։ Չգիտեմ, թե այս հրապարակումն արդյոք դույզն-ինչ այդ նպատակին կծառայի՞։

Այն էլ ասեմ, որ իմ այս առաջին սեմինարի մասին նոթերն առանց առանձնակի ոգեւորության գրեցի, քանզի Սեւանը չեմ սիրում՝ ջուրը սառն է, միշտ քամիներ են, արեւն այրում է… Ճիշտ է, սա չի նշանակում, թե կուզենայի, որ այս լիճը շարունակեր դանդաղ, բայց հաստատուն տեմպերով ճահիճի վերածվել, սակայն առավել մեծ ոգեւորությամբ կփրկեի առանձին վերցրած որեւէ ծովափ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031