ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ օրերս Կառավարության նիստերի դահլիճում, աշխատանքային պայմանների հարմարության նկատառումով տեղափոխվեց մեկ այլ դահլիճ։ Հուլիսի 11-12-ին Դիվանի եւ հանձնախմբերի ընտրությունից եւ ժողովի օրակարգի հաստատումից հետո լսվեց ԳՄ-ի հաշվետվությունը՝ հաշվետու ժամանակաշրջանում ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գործունեության վերաբերյալ։
Այնուհետեւ սկսվեց տեղեկագրի քննարկումը, որն ընթանում է առողջ քննադատության մթնոլորտում։ Այսօր, ժամը 10.00-ին Գերագույն ժողովը կշարունակի իր աշխատանքը։ Այդքանը մեզ պաշտոնապես հաղորդեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գ Գերագույն ժողովի Դիվանը։ Այլ աղբյուրներից «Առավոտին» հաջողվեց պարզել, որ խորհրդավոր «այլ դահլիճը», որտեղ շարունակվում է ժողովը, Կապի նախարարությունն է։ Մեր ունեցած տվյալներով, սպասվածի համեմատ բանավեճն առանձնապես թեժ չէ։