Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Հուլիս 11,1998 01:12
Ruben torosyan

Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Մարդու իրավունքներ-96» միության եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցան լսումներ՝ «Ի պաշտպանություն պառլամենտական ընտրությունների» թեմայով։ Լսումներին հրավիրված էին 30-ից ավելի պետական, հասարակական-քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ։ Սակայն հրավիրյալների շրջանում ոգեւորությունն այնքան էլ մեծ չէր։ Քանի որ «Առավոտը» հուլիսի 9-ի համարում արդեն իսկ անդրադարձել է այս միջոցառմանը մասնակցող-չմասնակցողների ցանկին, միայն որոշ լրացումներ անենք։ Դատախազությունից, որը համարվում էր ամենապարտաճանաչներից մեկը, ոչ ոք չներկայացավ։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնել էր, որ Սահմանադրական դատարանը քաղաքականությամբ չի զբաղվում, հետեւաբար՝ չի ցանկանում մասնակցել այս միջոցառմանը։

Մի խոսքով, միջոցառման հանդեպ նման վերաբերմունքը (հատկապես նրանց, ովքեր խոստացել ու չէին եկել) «Մարդու իրավունքներ-96» միության նախագահ Ռուբեն Թորոսյանը (լուսանկարում) որակեց որպես էթիկայի նորմերի խախտում։ «Մարդիկ կարող էին ասել հա, կամ չէ»։ Ինչպես արդեն մեկ անգամ նշել ենք, լսումներն ունեին երկու նպատակ։ Նախ՝ թե ի՞նչ գնահատական են տալիս հիշյալ կազմակերպությունները անցած ընտրություններին (խոսքը 1995, 96 եւ 98 թթ. ընտրությունների մասին է)։ Եվ երկրորդ՝ նախկին փորձի հիման վրա, ի՞նչ միջոցներ պիտի ձեռնարկվեն, որպեսզի կանխվեն առաջիկա պառլամենտական ընտրություններին սպասվող խախտումները։ Ռ. Թորոսյանը նախ 95-ի ընտրությունները գնահատեց որպես «ամենադաժան»։ Ավելին՝ «դա այն ընտրությունն էր, որից մեր ժողովուրդը խայտառակվեց ամբողջ աշխարհով եւ ցույց տվեց, որ մենք վայրենի ժողովուրդ ենք… Իսկ ժողովուրդը պատրաստ չէր, չէր պատկերացնում, որ իր հանդեպ նման տեռոր կկազմակերպվի»։

Շարունակելով՝ պրն Թորոսյանը նշեց, որ եթե 95-ի ընտրությունները լեգիտիմ չէին, հետեւաբար՝ ԿԸՀ-ի անդամները հանցագործներ են, որոնք էլ այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Իսկ 96-ի մասին խոսելով՝ ընդգծեց, որ քայլ կատարվեց դեպի հակաժողովրդավարություն, ավելացան նոր որակներ եւ գործում էր մի սկզբունք. «Դու իմ օգտին կեղծիր, հետո համաներում կստանաս»։

Գալով 1998-ի ընտրություններին, որը Ռոբերտ Քոչարյանը որակել էր իբրեւ «եվրոպական ոճ», բերվեց մի արձանագրություն. «Առավոտյան ընտրատարածքի դեմ, նվագախմբի ուղեկցությամբ, խփեցին ցուլը, շարեցին խնջույքի սեղաններ… գյուղացիների հոսք՝ դեպի ընտրատարածք։ Թե՛ աջից, թե՛ ձախից կանգնած էին տղամարդկանց խմբեր, որոնք ընտրողներից պահանջում էին ընտրել Ռոբերտ Քոչարյանին… Անօրինական գործողություններին ակտիվ մասնակցում էր գյուղապետը… Ընդդիմադիր անդամների նկատողություններից նրանք դիմում էին խմբակային վիճաբանության… Իրավիճակն անկառավարելի էր…»։ Պարոն Թորոսյանը եկավ մի եզրակացության. «Մեղավորների անպատժելիության պատճառով խախտումները ձնագնդիկի նման աճելու են, եւ եթե այդ մարդիկ իրենց պատիժը չկրեն, բնական է, որ նման ընտրությունները շարունակվելու են։ Այսօր մենք լեգիտիմության հարց չենք դնում եւ ճիշտ էլ չի լինի, որովհետեւ առանց այն էլ շատ ծանր վիճակում է գտնվում Ռոբերտ Քոչարյանը (կարծես գործունեությունը լավ չի ստացվում). գուցե մենք դրանով ավելի վնաս տանք, իմաստ չունի։ Բայց մենք դնում ենք պատժելիության խնդիրը, եւ այդտեղ միաժամանակ ամեն հարց էլ կլուծվի»։

Երկրորդ եզրակացությունն այն էր, որ մեղավորները հովանավորվում էին ինչպես նախկին իշխանավորների կողմից, այնպես էլ՝ ներկա։ Երրորդ. «Քրեական եւ վարչական մեխանիզմների բացակայությունը գուցե ինչևոր առումով ազդում է ընտրությունների ընթացքի վրա»։ Եվ չորրորդ՝ «Առողջ ուժերի կողմից (ով ոնց ուզում է՝ թող հասկանա, թե ովքեր են առողջ) դեռեւս գտնված չեն մեթոդներ՝ պայքարելու ընտրահանցագործների դեմ»։

Առաջարկվեց ստեղծել համակարգող կենտրոն՝ ի պաշտպանություն պառլամենտական ընտրությունների։ Կենտրոնի առաջին նպատակը լինելու է՝ հետամուտ լինել մեղավորների պատժմանը։ Երկրորդ՝ աջակցել օրենսդրական կարգավորմանը, քրեական եւ վարչական մեխանիզմների ստեղծմանը եւ երրորդ՝ կազմակերպել ընտրությունների ցուցահանդես. «Ինչ լավ կլինի, եթե Լեւոն ՏերևՊետրոսյանի շամպայնի բաժակն այնտեղ լինի, կամ, ասենք, Կոբզոնի ելույթը՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, 131-րդ դպրոցի արկղը…»։ Թեմայի առնչությամբ իր կարծիքը հայտնեց ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանը։

Անպատժելիության փաստերից ելնելով՝ նա նախ մի հետեւություն արեց. «Հայաստանում ընդհանրապես ընտրությունները, այսպես ասած, ավարտվում են պետական հեղաշրջմամբ։ Ովքեր պայքարում են արդար ընտրությունների համար, նրանք պետական հեղաշրջման փորձ անելու համար ձերբակալվում են, իսկ ովքեր պետական հեղաշրջումն անում են, նրանք հայտնվում են իշխանության գլխին։ Հայաստանում հատուկ աշխատում է այս մեխանիզմը»։ «Արջերին» եւ «արջի ծառայություններին» անդրադառնալով՝ պրն Բերիկյանն ընդգծեց. «Այդ մարդիկ իրականում մեղավոր չեն, նրանք կատարել են բարձր պաշտոնյաների հրահանգները, ընդհուպ՝ կատարել են նույնիսկ շանտաժի ու տեռորի տակ։ Նրանց ասվել է՝ եթե դուք սա չանեք, ձերբակալվելու եք, ձեր գրպանը նարկոտիկ ա գցվելու։ Մեր համայնքային շտաբի մի կին անդամի սպառնացին՝ որ դու ունես երեք երեխա… քրեական հեղինակություններ, Մոսկվայից եկած, որոնք կանչվել էին հավանաբար։ Ես չգիտեմ, թե այդքան զանգվածային ինչու հետաքրքրվեցին, եկան…

… Քանի դեռ պետության ուժային լծակները լինելու են իշխանության թեկնածուների ձեռքում (Հայաստանում արդեն այդ տրադիցիան կա), Հայաստանում այլեւս արդար ընտրություններ չեն լինելու, ներքին գործերը աշխատելու է բոլոր իր լծակներով՝ կոշտ, կոպիտ, բռնի, երկրապահներն աշխատելու են ներքին գործերի ոճով, եւ դատական համակարգ, ընդհանրապես չկա. դատավորների, դատախազների մեծ մասի վրա կոմպրոմատներ կան…»։

Եվ Ֆ. Բերիկյանն առաջարկեց դիմել կտրուկ միջոցների. «Երկրի ղեկավարությունը հիմնական կուսակցությունների հետ հայտարարեն, որ այս պառլամենտը ցրվի… եւ նույնիսկ ընտրությունների ժամանակ ներքին գործերի նախարարությունը կոլեգիալ ղեկավարվի…»։

Այս ամենին Սախարովի ֆոնդի նախագահ, ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Աղասի Արշակյանն ավելացրեց միայն մի բան. «Անօրինական ընտրությունները Հայաստանում սկսվել են ոչ թե 95 թվականի հուլիսի 5-ից, այլ 95 թվականի կաթողիկոսական ընտրություններից։ Առաջին «զենքով ընտրությունները» եղել են կաթողիկոսի ընտրության ժամանակ»։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031