Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՀՈԳՍԵՐԻ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Հուլիս 11,1998 01:04

Վերջին տարիների մեր ձմեռները կարծես սովորականից շատ ավելի ցուրտ են։ Եվ մեր գարուններն ուշ գալիս ու շուտ են գնում։ Եվ մեր ամառները պարզապես տժժացնում են մեզ։ Աշունները՝ անպտուղ, անձրեւոտ ու արագընթաց։ Իրականում այդպե՞ս է, թե՞ մեզ է թվում։ Մե՞զ է թվում, թե՞ հենց այդպես էլ կա։ Թե՞ մենք ենք ավելի փնթփնթան ու դժգոհող դարձել։ Սրանք այն հարցերն են, որոնց դժվար է կարճ ու միանշանակ պատասխաններ տալ։ Եթե ակնկալվող առաջին իսկ պատասխանը տանք, ապա դա կլինի մոտավորապես հետեւյալը. մարդկանց կյանքն այնքան է վատացել, որ նրանց աչքին ոչ գարուն է երեւում, ոչ էլ՝ աշուն։

Բայց չէ՞ որ լավ ապրողների մեջ էլ դժգոհներ կան։ Եվ, որքան էլ տարօրինակ է, հատկապես վերջին տասնամյակում հարստացածների շարքերում էլ թունդ դժգոհողներ կային եւ կան. թե՛ Լեւոնի օրոք եւ թե՛ հիմա։ Կնշանակի՝ ապրուստի ու կարիքի մեջ չէ՞ ողջ գաղտնիքը։

Կնշանակի նաեւ՝ այս նոր հարստացածները, որ արագորեն ինչքի տեր դարձան, նաեւ հասցրին հոգեւոր պահանջնե՞ր էլ կուտակել։ Այլապես ինչո՞ւ պիտի դժգոհեին։ Սակայն վերադառնանք մեծամասնությանն ու մահկանացուներին, քանզի նրանց մարդկային (գերմարդկային) զրկանքներն ու տրտունջները շատ ավելի պատկերացնելի ու հասկանալի են մեզ։

Դարասկզբին «Զուր ես գալիս, ա՛յ գարուն» բանաստեղծության հեղինակի սուր զգացողություններն անշուշտ ի խորոց սրտի կիսել է նաեւ սույն բանաստեղծությունը երգ դարձրած երգահանը, այլապես այդ երգն իր ողբերգականության մեջ այդքան կատարյալ չէր լինի։ Եվ եթե այս երկուսը ներդաշնակորեն զգացել են գարնան գալստյան ողջ անհեթեթությունը, կնշանակի՝ նույն ժամանակաշրջանում այլ հայեր նույնպես ապրած կլինեն այս երկուսի զգացածը, մանավանդ որ՝ նախորդ տողում հստակ ասված է. «Քեզ սպասող չմնաց»։

Իսկ գարունը, եթե դեռեւս չեք մոռացել, ջերմություն է, սեր ու բնության զարթոնք, եւ հակված ենք կարծել, որ «Քեզ սպասող չմնաց» ասելով՝ բանաստեղծը նկատի ուներ ոչ միայն բյուր նահատակներին, այլեւ՝ ինքն իրեն, ինչպես նաեւ՝ երգահանին ու մյուս ապրողներին։

Մենք էլ այսօր գարնան գալուն առանձնապես սրտատրոփ չենք սպասում։ Որոշ մտավորականներ, հասկանալի է, իսկույն կընդվզեն իմ այս համեմատության դեմ։ Կընդվզեն, քանզի իրենք, մտավորական լինելով հանդերձ, նաեւ մի քիչ էլ գրող են, մի քիչ էլ քաղաքական գործիչ են, մի քիչ էլ գրականագետ են եւ գիտեն, որ Հովհաննես Հովհաննիսյանը վերոհիշյալ տողերը գրելիս նախեւառաջ նկատի է ունեցել ցեղասպանության նահատակներին։ Կնշանակի՝ մեր համեմատությունը շատ էլ տեղին է։ Չէ՞ որ այս նույն մտավորականներն այս էլ քանի տարի աղաղակում են, որ Հայաստանում վերջին տարիներին ցեղասպանություն է իրագործվել, եւ շուրջ մեկ միլիոն հայեր տեղահանվել են Հայաստանից։ Իհարկե՝ մինչեւ փետրվարյան հայտնի իրադարձությունները։

Մի քիչ ավելի ողջամիտ գտնվելու դեպքում կարող էինք ըմբռնել, որ վերջին տասնամյակում այդ մեկ միլիոն մարդիկ ոչ թե Հայաստանից տեղահանվել են, այլ՝ հաջողացրել են տեղահանվել։ Եվ եթե այս մեկն ըմբռնենք, կարող ենք նաեւ ըմբռնել, որ՝ եթե Ամերիկան ու մյուս երկրները շարունակեին դրսեւորել սկզբնական շրջանի գրկաբաց հյուրընկալությունը, այդ մեկ միլիոն թիվը հեշտությամբ կարող էր կրկնապատկվել։ Եվ այսօր էլ նույն հաջողությամբ կարող է կրկնապատկվել։

Մի խոսքով կարող ենք հանգիստ լինել, քանզի օտարները մեր տեղահանության դեմն արդեն վերջնականապես առել են։ Գնացողները գնացին, եւ մնացողներս, որ մնացել ենք, բոլոր իրավունքներն ու հնարավորություններն ունենք մեր մնալը վերջնականապես բացատրել բուռն հայրենասիրական գործոններով։

Եթե մարդ արարածը փող չունի, բայց ունի հույս՝ նա սրտանց շարունակում է ապրել եւ սրտանց էլ սպասում է գարնանն ու մյուս եղանակներին։ Իսկ եթե նա ոչ փող ունի եւ ոչ էլ հույս՝ բնականաբար այլեւս ոչ մի բանի չի սպասում։

Եթե ես հետեւողականորեն պնդեմ, թե հայ մարդն այսօր ոչ մի հույս չունի, իրավամբ կարող են ինձ ծայրահեղական անվանել եւ շատ էլ ճիշտ կանեն, քանզի անձամբ ինքս էլ դեռեւս որոշակի հույսեր ունեմ։ Զորօրինակ. եթե մենք բոլորս միասի՛ն, ազգովի՛ որոշենք ժամանակավորապես տեղահանվել մեր երկրից՝ այդուհանդերձ չզլանալով վճարել օդի տուրքը, մեր բյուջեն վերջնականապես չի՞ լցվի։ Ի վերջո, կարող ենք, չէ՞, պայմանավորվել. բոլորս մեկ առ մեկ հերթով տեղահանվում ենք եւ հերթով էլ հետ ենք վերադառնում։ Յուրաքանչյուրս, ճիշտ է, տասը հազար դրամի չափով կտուժենք, բայց պետությունը, փաստորեն, կկայանա։ Միայն չասեք, թե՝ այդ տասը հազարը ոմանք կդժվարանան ճարել, որովհետեւ միայնակ թոշակառու են կամ՝ բյուջետային հիմնարկի աշխատող եւ կամ՝ ընդհանրապես ոչ մի տեղ էլ չեն աշխատում ու ոչինչ էլ չեն ստանում։

Բայց, կներեք, այդ դեպքում ո՞նց են, ասենք, էլեկտրաէներգիայի ու մյուս տանու վարձերն այդպես բարեխղճորեն մշտապես մուծում. ֆոկուսնի՞կ են, ինչ է։ Եթե իսկապես ֆոկուսնիկ են, թող բարի լինեն գեթ մի անգամ էլ հանուն իրենց հայրենիքի այդ ֆոկուսներն անել։
Ուզում ենք ասել, որ հույսեր ու ելքեր դեռեւս լիուլի կան, բայց, ճիշտը որ խոստավանենք, հույսի հարցում մեր իշխանությունները երբեմն անհարկի վրիպումներ են թույլ տալիս։ Հենց թեկուզ կոնյակի գործարանի գծով։ Այս առումով ժամանակին քյավառցիք տեղը տեղին մարգարեացել էին. «Էդ արաղը որ ծախում ես, դրանից լա՞վ բան ես առնելու»։ Այսինքն՝ գործարանը ծախեցինք, որ փոխարենն ի՞նչ առնենք։ Էդ գնով ի՞նչ կտան, որ առնենք։ Բայց, եկեք ու տեսեք, որ ժողովուրդը վերոհիշյալ գործարքի մեջ էլ քչփորում ու հուսատու շերտեր է հայտնաբերում։ Օրինակ՝ ասում են. «Լավ էր, որ էդ գործարանը ծախեցին. մարդա մի տասը միլիոն դոլար ջեբները կդնեն ու դրանից հետո կարան ազնիվ, առանց կաշառք ուտելու ահագին վախտ արդար աշխատեն»։

Ժողովրդի հաջորդ հույսն, իհարկե, ընդդիմությունն ու Սադոյանն են։ Ու անպայման նաեւ նրանց շնորհիվ է, որ ժողովուրդն, այսուհանդերձ, սպասում է գարնան գալստյանը, չնայած, իհարկե, ընդդիմության հետ կապված էլ որոշակի անհարթություններ ու անհասկանալի պահեր կան։ Եթե իշխանություններն ամեն ինչ անում էին, որպեսզի կոնյակի գործարանի խնդիրն ԱԺևում քննարկվեր ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին իսկ խաղին զուգահեռ, դա միանգամայն հասկանալի էր։ Բայց թե ինչո՞ւ ընդդիմությունը սույն գործարանի հետ առնչվող հանրահավաքը որոշեց անցկացնել նույն առաջնության շատ ավելի կարեւոր մեկ այլ խաղի պահին, անբացատրելի է։ Մնում է ենթադրել, որ մերոնք դեմ են ոչ թե կոնյակի գործարանի վաճառքին, այլ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Այսինքն՝ ժողովրդի համար շարունակում է բաց մնալ «մեր ընդդիմությունը ծախվա՞ծ է, թե՝ անխելք» հավերժական հարցը։

Ի վերուստ հայի հոգսերն անպակաս են եղել, եւ դրանք եղանակ չեն ճանաչել, եւ տարվա յուրաքանչյուր եղանակ մեզ համար յուրովի է բարդ. թե՛ ձմեռը, թե՛ աշունը, թե՛ գարունը եւ թե՛ հատկապես ամառը։ Հատկապե՛ս ամառը, քանզի Հայաստանում հենց այս պահին ամառն է առանձնապես տժժացնում մեզ։

Իսկ ինչ վերաբերում է բանաստեղծներին, նրանք, հանուն զգացմունքայնության ուժգնության եւ հանուն տաղաչափական կոմֆորտի, իրավունք ունեն երբեմն սխալվել։ Օրինակ՝ «Ո՞ւր գնա Թամարը» չափածո վիպերգի հեղինակը մեզ փոքրուց արդեն համոզել էր, որ Սոչին մոտ չի, բայց երբ շատ մեծացանք, հասկացանք, որ այն ժամանակ Սոչին հեչ էլ հեռու չէր եւ միայն հիմա է, որ մոտ չի։ Ու հիմնականում այդ հեռվությունն է պատճառը, որ այս ճռճռան շոգին մնացել այստեղ ու ճռճռան հոդվածներ ենք մոգոնում։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031