Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱ-ԲԱՑԱԿԱ

Հուլիս 11,1998 00:17
vahan hovhannisyan

ՀՅԴ հուլիսի 10-ին սկսված Գերագույն ժողովը հատկանշական է նրանով, որ ի տարբերություն նախորդների ո՛չ նկուղներում է անցկացվելու, եւ ո՛չ էլ տեղից տեղ է քոչելու։ Այս անգամ դաշնակցականներին է տրամադրվել հանրապետության լավագույն սրահներից մեկը՝ կառավարության նիստերի դահլիճը։

Հարկ է արձանագրել, որ այն սկսեց շուրջ 25 րոպե ուշացումով։ Այսինքն՝ հետաձգվեց այնքան, մինչ հանրապետության նախագահը կժամաներ։ Իսկ մինչ այդ բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչներ էին տեղ զբաղեցրել դահլիճում։ Արձանագրենք, որ դահլիճից բացակա էր հայաստանյան այսօրվա ընդդիմությունն ընդհանրապես։ Չկար ՀՀՇ-ն, չկար «Շամիրամը»։ Կարծես թե կոմկուսի ներկայացուցիչն էլ չերեւաց։ Այն էլ ասենք, որ ԱԺՄ-ն ու ԱԻՄ-ը ՀՅԴ ժողովին կարեւոր նշանակություն չէին տվել. ոչ թե Վազգեն Մանուկյանը, այլ նույնիսկ Արշակ Սադոյանը չկար։ ԱԺՄ-ն ներկայացված էր Սեմյոն Բաղդասարյանով, իսկ ԻՄ-ը՝ մամուլի հարցերի պատասխանատու Ռուբեն Վարդանյանով։ Հայրիկյանը ոչ ինքն էր եկել, ոչ էլ իր տեղակալ Ներսես Զեյնալվանդյանին ուղարկել։

Ցանկություններ առ ՀՅԴ

Ինչեւիցե, դա չխանգարեց, որպեսզի ողջույնի սրտառուչ խոսքեր ուղղվեին առ Դաշնակցությունը։ Անհնար է դրանցից գոնե երկու մեջբերում չանելը։ Մեկ, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց՝ եկել է միասնական գործողությունների ժամանակը, ու եթե սոցիալիստամետ կուսակցությունները չկարողանան համաձայնության գալ, ապա այն ուժերը, որոնք ռեւանշի զգացում են ապրում, իրենց մտադրություններն իրականացնելու լավագույն հնարավորությունները կստանան։ Սա արդեն նոր խոսք է հայ քաղաքական լեքսիկոնի մեջ։ Արամ Սարգսյանն այն էլ ասաց, թե ընդդիմադիր վիճակից առավել նախընտրելի է կառավարության հետ կոնստրուկտիվ եւ գաղափարական մրցակցության մեջ լինելը։ Մի խոսքով, նրա հիմնական ասելիքն ամփոփվեց այն մտայնությամբ, թե այսօրվանից արդեն հարկավոր է նախապատրաստվել գալիք խորհրդարանական ընտրություններին։

Հրանտ Խաչատրյանից ընդամենը երկու միտք ենք ցիտում. «Դաշնակցությունը պիտի արագորեն դուրս գա ծեծվածևճնշվածի դերից»։ Սա՝ մեկ, եւ երկրորդը. «Դաշնակցական պաշտոնյաները պետք է օրինակ եւ չափանիշ դառնան ժողովրդավարության, պարկեշտության, ազնվության, համարձակության, օրինապահության, չարի եւ կեղծիքի դեմ անհանդուրժողականության»։

Ճշտի եւ ձեռնատուի տեսություն

Մինչեւ օրվա կարեւոր իրադարձությանն անդրադառնալը, որն, անշուշտ, ՀՅԴ Հայաստանի ԳՄևի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի քաղաքական զեկույցն էր, արձանագրենք նաեւ, որ ըստ որոշ կանխատեսումների, այս ատյանի աշխատանքներն առնվազն 10 օր կտեւեն։ Չի բացառվում նաեւ երկու շաբաթի սահմանագծի հատումը։ Իսկ ժողովին մասնակցում է 63 պատգամավոր՝ չհաշված ՀՅԴ Բյուրոն եւ բազմաթիվ հրավիրյալներ՝ շարքերից։

Ինչեւիցե, գանք Վահան Հովհաննիսյանի խոսքին։ Նա ասաց, թե բոլոր համագումարներում ելույթ ունեցող բոլոր հռետորների պես ինքը եւս պետք է արձանագրի, որ պատմական ժամանակաշրջան ենք ապրում, իսկ այս վերջին 10 տարում մեկ ամբողջ դարի պատմություն է խտացել։ Հայաստանը շատ արագ անցավ պերեստրոյկաևազգայինևազատագրական պայքարևապստամբություն ճանապարհը, սակայն «այդ ամենը, խոստովանենք, գաղափարական հենքի վրա չէր սկսվում, այլ բնազդային ազգասիրության»։ Այդ ժամանակ էր, որ ՀՅԴ-ն վերադարձավ Հայաստան, սակայն «նույնքան անծրագիր, որքան ապստամբությունն էր Հայաստանում»։ Բազմաթիվ են պատճառները. Վահան Հովհաննիսյանը դրանցից թվարկեց մի քանիսը, մանավանդ՝ թե ՀՅԴ-ն չհանդուրժվեց Հայաստանում։

Հայ Դատ բառակապակցությունն ատամների կրճտոց եւ հիստերիկ շարժումներ էր առաջացնում այն մարդկանց մեջ, ովքեր իրենց ներշնչել էին այն արատավոր միտքը, թե արժանապատիվ ապրելու պայքարը հղի է բազմաթիվ վտանգներով։ «Իրար հետեւող ՀՅԴ ղեկավար մարմինները բազմիցս լսում էին ականջների մեջ լցվող թույնը. դե, վերջացրեք, ինչքան կարելի է, մի քննադատեք այդքան սուր։ Ասեք ձեր պատգամավորներին, ձեր մարմիններին, այդքան սուր չքննադատեն, մի քիչ զուսպ լինեն, հանդուրժող։ Ասեք ձեր բանտարկյալներին, թող մի քիչ համեստ իրենց պահեն, այդքան չխոսեն, չգոռան։ Եվ ինչ իրարից թաքցնենք՝ մեկ-մեկ էլ տեղ էր հասնում այդ թույնը։ Մեկ-մեկ լսում էինք նաեւ ոչ թե ձեր մարմինները, ձեր պատգամավորները, ձեր բանտարկյալները թող իրենց համեստ պահեն, այլ մեր պատգամավորները, մեր բանտարկյալները, մեր մարմինները»։

Դրանից հետո Վահան Հովհաննիսյանը ճշտի եւ ձեռնտուի տեսություն զարգացրեց։ Որեւէ Կենկեն կամ ԳՄ-ն չի գնացել ձեռնտու ճանապարհով, այլ միշտ ընտրել է ճիշտը։ Դրա համար էլ Դաշնակցության դեմ պայքար սկսվեց, ինչը որոշակի պառակտման հիմք դարձավ։ «Շշնջում էին մեր ականջների մեջ. դուք էս հողի-ջրի տղերք եք, վերջապես, ի՞նչ գործ ունեք սփյուռքահայերի հետ։ Նրանք Հայաստանը չեն հասկանում։ Թող զբաղվեն Արեւմտյան Հայաստանով։ Մենք մեր Հայաստանի ներսի հարցերը կլուծենք։ Բայց չխաբվեցին Հայաստանի դաշնակցականները։

Իսկ Սփյուռքում միաժամանակ, այդ նույն գործիչները, շշնջում էին մեր ընկերների ականջներին՝ Հայաստանում էս ո՞ւմ վրա եք հենվել։ Այնտեղ ՀՅԴ-ն լուրջ մարդիկ չունի։ Մենք ձեզ հետ բոլոր հարցերը կլուծենք, միասին հանձնախմբեր կստեղծենք, կնկարվենք միասին, կգնանքևկգանք, սիրուն կապրենք, ի՞նչ գործ ունեք այդ աղաղակող, աղմկողների հետ։ Բայց չխաբվեցին Սփյուռքի մեր ընկերները»։

Այնուհետեւ Վահան Հովհաննիսյանը շատ համառոտ անդրադարձավ ներկա քաղաքական կացությանը։ Ըստ էության, դա մի տեսություն էր, թե ինչը չի կարող Դաշնակցությունը չտեսնել։ Միաժամանակ նկատի էր առնված թե՛ դրականը, թե՛ բացասականը։ Մի կողմից «շատևշատ քայլեր այնպես չեն կատարվում, ինչպես մենք կուզեինք»։ Խորհրդարանը ցրված չէ, ուշանում է ընտրական օրենսգիրքը։ Կառավարության քայլերն առնվազն վիճելի են։ Սակայն, մյուս կողմից, դանդաղ եւ անշեղ ընթացք կա դեպի ճիշտը։ Ընթացքի մեջ են սահմանադրական վերափոխումները, ստեղծվում է Քաղաքական խորհուրդ, ինչը լուրջ քայլ է ժողովրդավարացման ուղղությամբ։ Եվ ամենակարեւորը՝ «Ղարաբաղի ճակատագիրը ոչ թե անհայտ վեց հոգի են լուծում, այլ ամբողջ մեր ժողովուրդը»։

Վահան Հովհաննիսյանն իր խոսքն ամփոփեց այսպես. «Շատերը խոսում են ՀՅԴ պատասխանատվության մասին, մեկ էլ հանկարծ լսում եմ մեր ընկերներից, որ չէ, ՀՅԴ-ն պատասխանատու չէ, որովհետեւ իշխանության գլուխ չէ։ Այո՛, ՀՅԴ-ն իշխանության գլուխ չէ, բայց ո՞վ ասաց, որ պատասխանատու չէ։ Պատասխանատու է, պատասխանատու էր նաեւ նույնիսկ այն ժամանակ, երբ հալածված էր իշխանությունից»։
Ասենք, որ Վահան Հովհաննիսյանն այն էլ նշեց, թե, ըստ երեւույթին, իրենից այլ ելույթ էին սպասում։

Խոսակցություններ միջանցքում

Մեր առաջին զրուցակիցը հենց ինքը՝ Վահան Հովհաննիսյանն էր։ Թե ինչո՞ւ իր խոսքում որեւէ ակնարկ չարվեց Դաշնակցության առաջիկա անելիքների մասին, ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, որ հնարավորություն է տալիս դաշնակցական ընկերներին սեփական տեսակետներն արտահայտել, ու գնահատել այս 100 օրը։ Նա ասաց նաեւ, թե չէր ցանկանա, որ իր ելույթը կանխատրամադրող բնույթ ունենա։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031