«PA» թերթի հուլիսի 7-ի համարում «Ընտրում եմ հայրենասիրության դիկտատուրան» վերտառությամբ հրապարակված հոդվածում հարգարժան հեղինակն այն միտքն է հայտնում, թե հայկական զանգվածային լրատվամիջոցները հեղեղված են սեփական պետության եւ ժողովրդի դեմ ուղղված հայհոյանքներով, որոնց հեղինակները լավ վարձատրվող կեղծարարներն են։
Հեղինակը, հայտարարելով, թե ինքը քվեարկում է հանուն հայրենասիրության դիկտատուրայի, գտնում է, թե միայն դա կարող է երկիրը փրկել կեղծ մարգարեներից, չարակամներից եւ այլն։ «Քվեարկում եմ հանուն ազգային եւ պետական շահերի դիկտատուրայի…»,- հայտարարում է հայրենասերը՝ երեւի մոռանալով, որ դիկտատուրայի ժամանակ հանուն այլ բանի չէր էլ կարող քվեարկել։ Հարգարժան հեղինակը քվեարկում է նաեւ հանուն այն օրենքների, որոնք արգելում են վարկաբեկել սեփական երկիրը, սեփական պատմությունն ու ժողովրդին։
Մենք, իհարկե, հասկանում ենք, որ իսկապես «Кто носит форму “Адидас”, он скоро родину продаст», եւ ամենեւին չենք ուզում հիշեցնել, որ 1937 թվականը ճիշտ այսպես է սկսվել։ Ավելին՝ մենք լիովին համամիտ ենք, որ ընդհանրապես անհրաժեշտ է արգելել ցանկացած հեռուստահաղորդում, որը չի փառաբանում Հայաստանը, հայ ժողովրդին եւ հայոց պատմությունը։ Ի՞նչ ժողովրդավարության եւ խոսքի ազատության մասին կարող է խոսք լինել, եթե դա հարվածելու է մեր ազգային արժեքներին, հետեւաբար՝ հակահայրենասիրական է։ Ուստի առաջարկում ենք անհապաղ միջոցառումների հետեւյալ ցանկը։
1. Ցանկացած պատմաբանի, որը կհայտարարի, թե Ավարայրի ճակատամարտում հայերը փայլուն հաղթանակ չեն տարել, հայտարարել թշնամի պետության՝ Սասանյան Պարսկաստանի վարձու գործակալ եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Կարդացեք նաև
2. Ցանկացած լրագրողի, որը կասկածի տակ կդնի հայերի՝ աշխարհի ամենաքաղաքակիրթ եւ արհեստավարժ ժողովուրդ լինելու փաստը, հայտարարել «լավ վարձատրվող կեղծարար» եւ հրավիրել հարկային մարմինների ուշադրությունը։ (Համապատասխանաբար, ցանկացած լրագրողի՝ հայ ժողովրդին գովելու փաստն ընդունել որպես նրա՝ վատ վարձատրման ապացույց եւ ընդգրկել «Փարոս» ծրագրում)։
3. Լրագրողներին արգելել որեւէ հոդված գրել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին՝ իրենց իսկ շահերից ելնելով։ Այս կետը հավելյալ բացատրության կարիք ունի։ Ենթադրենք, որեւէ լրագրող հոդված է գրում Տավուշի մարզում տեղացած կարկտի մասին։ Դա նշանակում է, որ հակակարկտային ծառայությունը լավ չի աշխատել։ Իսկ դա արդեն հակահայրենասիրական է։ Ինչպե՞ս կարող է հինգհազարամյա պատմություն ունեցող Հայաստանում որեւէ ծառայություն վատ աշխատել։ Մենք հո գիտենք, որ «Советский больной самый здоровый больной в мире»։
Եվ վերջապես, ամենակարեւորը։ Մեղադրելով «լավ վարձատրվող կեղծարարներին», հարգարժան հոդվածագիրը մոռանում է, որ նրանք, ախր, ազգությամբ հայեր են եւ հայ ժողովրդի անբաժան մասնիկը։ Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ հայրենասիրության դիկտատուրայի կողմնակիցը ցեխ է շպրտում հայ ժողովրդի անբաժան մասնիկի վրա՞։ Բայց դա նշանակում է՝ սեպ խրել մեր ժողովրդի մեջ, ինչը, ինքներդ էլ հասկանում եք, հակահայրենասիրական է։ Իսկ հակահայրենասիրական հոդվածները, ըստ մեր թիվ 3 առաջարկի, պետք է արգելվեն։
Այնպես որ, երիցս հարգարժան հոդվածագիրը սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է։ Հասկանալի է՝ հանուն հայրենասիրության։ Պարզապես ճյուղն է ափսոս։
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ