«Քննադատությունն, ընդհանուր առմամբ, նորմալ ինստիտուտ է ժողովրդավարական երկրների համար»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆ «Մտավորական Հայաստան» միության նախագահ, ԱԺ պատգամավոր «ՀՀ», 10 հուլիսի
Թոքմաջյանի անվան Երեւանի պետական Քննադատության նորմալ ինստիտուտը (ԵրՊՔՆԻ) հայտարարում է 1998-99 թթ. ընդունելություն հետեւյալ մասնագիտությունների գծով.
1. Զազրախոսություն
Քննությունները՝
ա) փողոցային լուտանքներ եւ դիամատ (գրավոր),
բ) նույնը՝ օտար լեզվով (բանավոր)։
Կարդացեք նաև
2. Քծնանք
Քննությունները՝
ա) սապոնի կիրառությունն անջուր պայմաններում (ցուցադրական ելույթներ),
բ) Հաճոյախոսություններ եւ ծամածռություններ (բանավոր)։
3. Վարկաբեկում
Քննությունները՝
ա) թքել (գրավոր),
բ) մրել (բանավոր),
գ) ցեխ շպրտել (ցուցադրական ելույթներ)։
4. Ինքնավարկաբեկում
Քննությունները՝
ա) հրապարակային ելույթներ (գրավոր եւ բանավոր)։
ԱՉՈԴ ԼՈՒՅՍ
«Ես չեմ ուզում գնահատական տալ մեր մամուլին, չնայած ասեմ, որ ես անձնապես գոհ չեմ նրա աշխատանքից»։
ՏԻԳՐԱՆ ԱՉՈՅԱՆ «Հայկական ավիաուղիների» գործադիր տնօրեն «Առավոտ», 10 հուլիսի
Տիգրան Աչոյանին գոհացնելու նպատակով մամուլի բոլոր միջոցները պատրաստվում են մոտ ապագայում լայն հասարակայնությանը համոզել, որ պարոն Աչոյանի անվան հետ անմիջական առնչություն ունեցող փողկապների գողության պատմությունը ցավալի թյուրիմացություն է։
Այլապես ամոթ է, չէ՞։ Մարդը հո ամբողջ կյանքում դժգոհ չի մնալու մամուլից։
ՀԱՅԻ ԲԱԽՏ
«Հայաստանի հայը կամ ՀՀ կառավարությունը պետք է համոզվի, որ եթե մենք հայ ենք ծնվել, բայց ապրում ենք դրսում, մեր հանցանքը չէ։ Սփյուռքահայն իր կամքով չի լքել հայրենիքը… Այնպես որ, քաղաքացիության իրավունք պետք է տալ սփյուռքահայությանը»։
ՀՐԱՉ ՏԱՍՆԱՊԵՏՅԱՆ ՀՅԴ բյուրոյի ակնառու դեմք, «Ազգ», 10 հուլիսի
Հայաստանի գրեթե բոլոր հայերն էլ, ի դեպ, ընդհուպ մինչեւ կառավարության անդամները, կկամենային հավատացնել, որ իրենք ամենեւին էլ մեղավոր չեն Հայաստանում ծնված լինելու համար։
Մանավանդ որ՝ ոչ էլ երկքաղաքացիության հույս ունեն։
ԷԴ Ո՞ՒՄ ԲՈՍՏԱՆՆ ԵՍ ՔԱՐ ԳՑՈՒՄ…
«Հայաստանում անարդար ընտրությունը մշակույթ է դարձել»։
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԺՄ վարչության նախագահ «Երկիր», 10 հուլիսի
ԱԺՄ վարչությունից «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ Վազգեն Մանուկյանն անհայտ պատճառներով իր միտքը կիսատ է արտահայտել։ Ամբողջական միտքը հետեւյալն է. «Հայաստանում անարդար ընտրությունը դարձել է մշակույթ, սպորտ եւ երիտասարդության հարց»։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ