Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԽ-Ն ՈՒ «ՊՈՒՊՈԻՇԸ»

Հուլիս 11,1998 16:51

 

Ժամանակին ՀՀՇ-ն իր արբանյակ կուսակցություններով /«Հանրապետություն» միավորում/ ջանասիրաբար փորձում էր դուրս մղել բոլոր ընդդիմադիրներին հասարակական-քաղաքական կյանքից, հայտարարելով, որ նրանք՝ ընդդիմադիրները, ֆաշիստ են, ծայրահեղական են եւ մարդասպան: Մի խոսքով՝ «քըխ»: Այդ որակավորումներն այնքան էին կրկնվում, որ ընդդիմադիրները, գալով իշխանության, իրենց «Հանրապետություն» միավորման անունն այդպես էլ դրեցին՝ ՔԽ /քաղաքական խորհուրդ/: Անունով ՔԽ լինելով՝ ՀՅԴ-ն իր արբանյակ կուսակցություններով, բնականաբար, իր էությամբ «քըխ» չէ, այլ ճիշտ հակառակը՝ «պուպուշ»: «Քըխ»-ը տվյալ դեպքում ՀՀՇ-ն է իր արբանյակներով՝ ապազգային, թալանչի եւ դարձյալ մարդասպան: Հետեւաբար, նրանք պետք է դուրս մղվեն հասարակական-քաղաքական կյանքից:
Ճիշտ է, այսօր «քըխի» եւ «պուպուշի» հստակ սահմանազատումներ չկան: Նախկին ընդդիմադիրներն այնպիսի եռանդով եւ խանդավառությամբ են պաշտպանում նախորդ իշխանությունների կողմից նշանակված եւ փայփայված կադրերին /իհարկե՝ նրանց, ովքեր շարունակում են պաշտոն զբաղեցնել/, այնպիսի համոզիչ ձեւով են ներկայացնում նրանց տասնամյակների վաստակը, որ ակամա սկսում ես կասկածել. գուցե նախորդ դարաշրջանի այդքան փնովվող կադրային քաղաքականությունը ճի՞շտ էր, իսկ նույն մարդկանց նախորդ անողոք քննադատությունը՝ պարզապես կատա՞կ:
Գուցե հիմա է՞լ է կատակում ՔԽ-ը, երբ արդեն իր հերթին ասում է, որ ՀՀՇ-ականներն են «քըխ» եւ նրանց պետք է պատժել: Պատժելը՝ պատժենք, բայց սկզբից իմանանք, թե ումի՞ց է պետք սկսել /դա քիչ թե շատ հասկանալի է/ եւ ումո՞վ վերջացնել: Սահմանափակվե՞նք մի քանիսով, դրանով կհագենա՞ն հասարակական կրքերը եւ ՔԽ-ի վրեժխնդրությունը: Թե՞ անհրաժեշտ է մեծացնել ազգային միասնության զոհերի թիվը: Սակայն այդ դեպքում հերթը վաղ թե ուշ կհասնի այսօր գործող բարձրաստիճան պաշտոնյաներին, նախարարներին եւ, ի վերջո, իրեն՝ ՔԽ-ին: Այնպես որ՝ պատժելու մասին խոսակցությունները խիստ չափազանցված են: Դաշնակները կհալածեն ՀՀՇ-ականներին ճիշտ այնքան, որքան ՀՀՇ-ականները ժամանակին հալածում էին դաշնակներին. կգործի չարության էներգիայի պահպանման օրենքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031