Մեր երկիրն արդեն երեք ամիս առանց կաթողիկոս է։ Կաթողիկոսը բուժվում է ԱՄՆ-ում՝ համաձայն պաշտոնական հաղորդագրությունների։ Մինչ կաթողիկոսը բացակայում էր Հայաստանից, եպիսկոպոսներից մեկը դարձավ քրեական գործով կասկածյալ՝ հաստատվելու դեպքում՝ քրեական հանցագործ։ Եպիսկոպոսը ձերբակալված է։ Սակայն մկրտության արարողությունները Հայ առաքելական եկեղեցում չեն դադարել՝ ժողովուրդը վերջնականապես հավատացյալ է։
Մինչ եպիսկոպոսը ձերբակալված է, էլիտար մշակույթի գլխավոր հրամանատարը մեղադրվեց կաբարե-սրճարանների հարկահանության եւ այլ ոչ մշակութային հակումների մեջ։ Հայտարարվեց դատական հայցի մասին, բայց դատի է տրվում ոչ թե էլիտար մշակույթի հրամանատարը, այլ նա, ով այդ մասին ուզեց խոսել։ Այս միջադեպից առաջ հանրապետության օրենսդիր մարմինը քննարկում էր մի պատգամավորի քրեական հանցագործ լինել-չլինելու հարցը, կամ լինելու դեպքում հատկապես ինչու նրա հանցագործ լինելու խնդիրը։
Այս քննարկումից հետո երկրիս վարչապետի զարմիկը ձերբակալվեց Մոսկվայում եւ վարչապետի քաղաքական կարիերան այս դեպքը չսասանեց, թեեւ կապված էր գլխավոր նախարարի հետ։ Գործն առնչվում էր չեչենական մաֆիային։ Իսկ մինչ այդ, հանրապետության նախագահի գրասենյակից պաշտոնապես հայտարարում են, թե նախագահը երկրի կանոնավորումը սկսեց նոր կահույքից ու վերանորոգման աշխատանքներից։
Ոչ ոք նախագահին չի անհանգստացնի «ինչու» հարցով։ Իսկ օրեր առաջ հանրապետության արտգործնախարար Վարդան Օսկանյանը «ինչ կանեիք նախագահ լինելու դեպքում»՝ հանդես եկավ իրապես դիվանագիտական պատասխանով. «այն, ինչ անում է Ռոբերտ Քոչարյանը»։ Արտգործնախարարին եւս չեն անհանգստացնի «իսկ ինչ կանեիք, եթե նախագահ լինեիք 6 ամիս առաջ» հարցով։ Ինչ վերաբերում է արտգործնախարարի «Հետագիծ» ծրագրով օգտագործած «ցինիցիզմ» բառին՝ մի կասկածեք Օսկանյանի գրագիտությանը։
Կարդացեք նաև
Եվ վերջապես, լրագրողներից մեկն այս ամիս զանգվածային մի լրատվամիջոցից հեռացվելու պատճառով արած հայտարարության ժամանակ հայտնեց, թե չի կարծում, թե որեւէ մեկը կասկածում է իր պրոֆեսիոնալիզմին։ Այս դեպքում եպիսկոպոսի վիճակն ավելի գերադասելի է, քան այսօրինակ հայտարարություն անողինը, քանզի պրոֆեսիոնալ եպիսկոպոսը պիտի ապացուցի իր արհեստավարժությունը, իսկ պրոֆեսիոնալ լրագրողը՝ ոչ։
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ