Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՆԵՐԻՑ

Հուլիս 10,1998 00:00
namak

Ինքս ինձ՝ այլոց հիշեցնելու պարտադրանքով

Ես իմ գործի զավակն եմ

Անձս բավականին հանրածանոթ է՝ երեւի թե հատկապես նախաերկրաշարժյան եւ հետ երկրաշարժյան ժամանակների խիստ հակասական ու իրարամերժ բնութագրերով։ Առաջին փուլը բավականին լուսավոր է։ Տառապանքի ուղիներով, առանց տեղային իշխանավորներից մեջք ու կռնակ ունենալու, շարքային բանվորից մինչեւ արտադրության հրամանատարական բարձունք։ Տարեկան ընդամենը մի քանի տասնյակ փոխանցիկ վիմպելներ, մարզադրոշներ, քարոզչական պաստառներ պատրաստող կիրովականահպատակ արհեստանոցի վերաճում Սպիտակի կարի արտադրական վիթխարի միավորման, որի արտադրանքի թողարկման ու շահութաբերության ծավալները հաշվվում են հարյուրավոր եւ տասնյակ միլիոնավոր ռուբլիներով։ Ընձեռված լայն հնարավորությունների շնորհիվ՝ հանրային գյուղատնտեսության կապանքներից նեղվող 13 ավանի ու գյուղի «արդյունաբերականացում» ու մոտ յոթ հազար աշխատատեղի տրամադրում բնակչությանը։

Ձեռնարկության տիրույթներում՝ շինարարական-վերանորոգման աշխատանքների աննախադեպ ծավալներ՝ արտադրական, մարզաառողջական, կրթամշակութային, մանկական հիմնարկների, բնակելի շենքերի տպավորիչ ցանցով։ Եվ՝ բազմաթիվ ու բազմապիսի մտահղացում-ցանկություններ, որոնք սպիտակյան ահավոր երկրաշարժի հետեւանքով պիտի մնային սոսկ որպես «ապագայի սեւագրություններ»։ Գործունեությանս հանդեպ մեծ էր հայրենի եզերքի ժողովրդի վստահությունը, ինչի հետեւանքը եղավ ՀԿԿ Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղարի իմ պաշտոնը, որը մայրաքաղաքում հաստատվեց Մեծ երկրաշարժից տառացիորեն 15-20 րոպե առաջ…

Այդ ճակատագրական պահից ի վեր է գոյացել միգամածության վիթխարի այն դաշտը, որը մինչեւ այսօր էլ չի լիցքաթափվել իրադարձությունների ու իրողությունների, ծառայությունների ու թերացումների գնահատումների հակասականություններից։ Մեկ տարի ինն ամիս եղել եմ աղետի գոտու այդ հատվածի ղեկավար առաջին դեմքը՝ կուսշրջկոմի հիմքի վրա ձեւավորված շտաբի պետը։ Թե ինչն է ինչպես ընթացել, ես օբյեկտիվորեն շարադրել եմ «Սպիտակ. երկրաշարժի էպիկենտրոն. միայն փաստեր» գրքում, որի տպագրությունը, հավանաբար, կիրականացվի։ Հիմա հարկ եմ համարում անդրադառնալ միայն այն փաստերին, որոնք մեր նոր պետության կայացման օբյեկտիվորեն խառն ու խրթին ժամանակներում շրջանի՝ ինձ հաջորդող ղեկավարները միտումնաբար ներկայացնում էին եղծել-կեղծելով, խճողելով՝ ժողովրդական ողբերգության ավազանում «սուրբ մկրտվելու», իսկ իրականում ավարառության մեծ բաժինների տիրանալու սեւեռումով։

Սպիտակի շրջխորհրդի նախկին նախագահ, ներկայումս Տավուշի մարզպետ Պավլիկ Ասատրյանին

Դու էլ քո «գործի» զավակն ես Ես քո մասին գիտեմ բուն էությունդ բնութագրող շատ ճշմարտություններից։ Թվեմ դրանցից միայն մի քանի նմուշ։ Հիշիր, թե ով էր քեզ եւ քո ընտանիքին, հարազատներիդ պահել, երբ կրթություն էիր ստանում Բաքվի թուրքական կուսակցական դպրոցում։ Սպիտակի ալրաղաց կոմբինատի երբեմնի տնօրենիդ ու հարազատներիդ անունների հետ կապված 32 հազար տոննա հացամթերքի հափշտակություն, որի առթիվ կազմված քրեական գործի քննության լարված պահին հրկիզվեց դատախազության շենքը։

Մատղաշի՝ քո ղեկավարած գիրացման կայանի 400 գլուխ խոշոր եղջերավոր անասունների ակտավորված թաղում երկրաշարժին տառացիորեն հաջորդած օրերին փորված «հատուկ գերեզմանոցում», իրականում դրանց խոշորաքանակ վաճառք Արագածի շրջանում եւ Երեւանի քիմռեակտիվների գործարանում։ Մերձավորներիդ միջոցով երկրաշարժի աղետյալների հասցեով ստացված պատրաստի մեծաքանակ հագուստեղենի յուրացում։ Հովանավորումն «ակիմովյան տխրահռչակ գործարքների», որոնց ընդհանուր արդյունքում գրանցվել է երկրաշարժի հետեւանքների վերացմանը տրամադրված գումարների 25 միլիոն ռուբլու «արտահոսք», օգնության կարգով Սպիտակին հատկացված, իսկ աշխատանքների ավարտից հետ անփոխհատույց նրան թողնվելիք շինարարամեքենայական հսկա համակարգի փոշիացում՝ ապօրինի բաժնետիրական ընկերություն կազմելու տարբերակով եւ նեղ պահին բոլոր փաստաթղթերը հրդեհի ճարակ դարձնելու փորձված միջոցով։

Ֆեոդալի աշխատաոճին հարիր կամայականություն գործազրկության ծայրահեղ լարված պայմաններում՝ «յուղալի» բոլոր տեղերը բարեկամ-ծանոթների բաշխում։ Սեփականաշնորհման գործում՝ անթաքույց ավարառություն։ Շինարարական հանգույցների, մեքենաների, տրանսպորտային միջոցների, շինանյութերի, հանրային անասունների ու անասնաշենքերի անաճուրդ վաճառքի հսկայաթիվ փաստեր, որոնցից փչում է փողի հոտ։ Ապա հանրահայտ գռփողականությունը, որը գործադրվել է գյուղատնտեսական կոոպերատիվներին երկրաշարժի վնասները փոխհատուցելիս առեւտրական ձեռներեցներին այդ վարկագումարներից կամայականորեն ահռելի գումարներ հատկացնելու ճանապարհով…

Այստեղ դրված բազմակետը, համոզված եմ, քեզ եւս կարող է շատ մեղքեր հիշեցնել։ Ընդ որում՝ նաեւ վայելքների ու բարոյականության ոլորտներից, ուր քո անվանն առնչվում են բազմաթիվ տհաճ միջադեպեր, ամոթալի ծեծուջարդեր, ավտոմատային կրակահերթեր, ընտանիքների քայքայում, նույնիսկ մի կնոջ առեղծվածային սպանությունը։ Այսքանից հետո ինձ ամենեւին արմացք-զարմացք չի պատճառում իմ դեմ քո ռազմավարական ու մարտավարական ջղաձիգ հերյուրանքը, որն իր բարձրակետին է հասնում ամեն անգամ, երբ հնարավոր է թվում անձիս վերադարձը Հայաստան։ Դրանց ոգին հաճախ ես կարողացել «արձանագրել» տալ նույնիսկ հանրապետության պաշտոնական մամուլի էջերում։

Իբր ես տնակների բաշխման գործում թույլ եմ տվել սխալներ։ Իբր զրպարտել եմ «Սպիտակռոսագրոշին» տրեստի տնօրենին։ Ձախողել եմ երկրաշարժի հետեւանքների վերացման առաջադրանքները։ Մահափորձ եմ կատարել, ինչը հավաստելու եւ քրեական վարույթ մտցնելու քո հանձնարարականով ու տրամադրած գործուղման միջոցներով Մոսկվա ժամանեց Հայաստանի ՆԳ աշխատողների մի խումբ՝ խուզարկելու իմ բնակարանը։ Եվ էլի ու էլի վարկաբեկիչ ու խարդավանող հայտարարություններ, որոնք, չնայած քո հետեւողական միջամտություններին, ժխտվել են նախաքննությունների առաջին իսկ փուլերում։ Հիմա հերթը քոնն է։ Ժխտի՛ր վերը բերված փաստերն ու փաստարկները, եթե դա հնարավոր է։ Ժխտի՛ր ամոթալի այն ներդրումներն արդեն մարզպետական քո գործունեության մեջ, նաեւ որի զավակն ես դու։ Հերքիր քո եւ Հայաստանում ֆրանսիական դեսպանության միջեւ կռվախնձոր դարձած 150 զույգ կոշիկին առնչվող «բալլադը»։

Լրագրերից ջնջի՛ր քո բնավորության միակ գնահատելի գծի՝ ինքդ քո մեջ չքաշվելու, թաք չկենալու արդյունք «Ազնվորեն ծառայել եմ կոմունիստներին, այսօր ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) եմ, բայց ավելի համակրում եմ ՀՀՇ-ին» ինքնամերկացուցիչ արտահայտությունը, որն այս տարվա փետրվարին զարդարվեց «Երկրապահ» կամավորական միության հանդեպ քո տածած անսահման սիրո խոստովանությամբ։ Ինքդ քո ստվերից չես պոկվի ու չես կարող հեռու փախչել։ Այդպիսի անելանելի վիճակի առիթով մեր ժողովուրդն ավելի իմաստուն խոսք ունի. «Կարմիր կովն արոտատեղը կփոխի, իսկ կաշին՝ երբեք»։ Տասնհինգ տարի անընդմեջ պիոներ ու պիոներջոկվար, կոմսոմոլ ու կոմակտիվիստ, կոմունիստ ու կուսշրջկոմի քարտուղար, պաշտոն, որից երկու անգամ էլ հեռացվել ես բանսարկությունների համար, «հրապարակայնության ու դեմոկրատիայի զինվոր…»։

Սա է քո գաղափարական հետագիծը։ Ինչ վերաբերում է հնարավորությունների նյութականացմանը, ապա բավական է երկրաշարժի փլատակներից դեռեւս չազատված Սպիտակի համայնապատկերի վրա մատնացույց անել քո երկու առանձնատունը եւ հայտնել, որ նման երկուսն էլ Երեւանում ունես, իսկ հինգերորդի հիմնադրեքը կատարել ես Իտալիայում։

ՆՈՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հ. Գ. Ներիր ինձ, որ ուզում եմ այսուհետեւ ներված համարել քեզ։ Միայն մի պայմանով՝ կարդա այս հրապարակումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031