Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՌՆԱԾԻՆՆԵՐ. ԿԱ՞Ն, ԹԵ՞ ՉԿԱՆ

Հուլիս 10,1998 00:00
amusnutyun

Չար լեզուներն ասում են, թե վերջին տարիներին չափազանց մեծացել են հայ կանանց եւ աղջիկների կապերն այլազգիների հետ։ Հիմնականում ընդգծվում են իրանցիների հետ ամուսնական եւ արտաամուսնական կապերը։ Թե որքանով է իրական այս վտանգը, փորձեցինք պարզել։

Անվիճելի է, որ բոլոր հիմքերը կան այդ վտանգից զգուշանալու։ Հայաստանն այսօր հարյուր տարվա մենությունից ազատվել է եւ դռները բացել է դրսի ամեն տեսակի ուժերի առջեւ։ Երբեմնի գաղտնին եւ քողարկվածը ջրի երես է դուրս եկել ու տարօրինակ կերպով փորձում է կլանել ամեն ինչ։ Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը՝ գործազրկություն, սոցիալական խորացված շերտավորում, աղքատության եւ մուրացկանության տարածում եւ այլն, ստիպում են մարդկանց ապրելու, ավելի ճիշտ՝ գոյատեւելու այլեւայլ ուղիներ որոնել։ Այդ ուղիների որոնմամբ ավելի շատ զբաղվում են դեռատի աղջիկներն ու կանայք։ Շատերն այլեւս հոգնած հարուստ եւ ապահովված փեսացուի սպասումից, մյուսները՝ ռուսաստաններից չվերադարձող ամուսնուն, հորը կամ եղբորը սպասելուց, երրորդները՝ օրվա հացի կարոտ։

Իսկ քաղաքում (այս դեպքում նկատի ունեմ Երեւանը, քանի որ այլազգիներն առավելապես այստեղ են կուտակված) հայտնվում են, թեպետ արտաքուստ ոչ բարետես, սակայն լիքը գրպաններով իրանցիներ, թուրքեր, ռուսներ, վրացիներ եւ այլք, որոնք իրենց բիզնեսով զբաղվելուն զուգահեռ, դեմ չեն մեկ այլ բանով եւս զբաղվել։ Այս փողատեր նորաթուխների ձեռքն էլ ընկնում են այն աղջիկներն ու կանայք, ովքեր ավելի շատ օրվա հացի, ապահով կյանքի (թեկուզ կարճ ժամանակով) կամ գույնզգույն հագուկապի կարիք ունեն։ Դարձյալ նույն չար լեզուներն ասում են, թե հանրապետությունում արդեն չորս հազար երեխա է ծնվել այլազգիների հետ արտաամուսնական կապերից։ Այս թիվը չի գրանցվում որեւէ պետական փաստաթղթում, որեւէ պետական հիմնարկ չի զբաղվում այս հարցով։ Պատճառը նախ այն է, որ այդ երեխաներն ավելի հաճախ գրանցվում են որպես միայնակ մոր երեխաներ, այդպիսով ստանալով մոր ազգանունը (այսինքն՝ հայկական), իսկ որպես հայրանուն գրվում է պապի կամ քեռու անունը։

Այդպիսի մի քանի կանանց հետ զրույցից իմացա, որ նրանք այնքան էլ չեն տառապում այն մտքից, թե իրենք պարսիկի երեխայի մայր են եւ ինչ էլ դնեն երեխայի անունը, ի վերջո, արյունն այլեւս այն չէ։ Սովորաբար, այդպիսի կանայք իրենց դժբախտ չեն զգում։ Սա այն դեպքում, երբ տվյալ երեխաստեղծ իրանցին կամ թուրքը երեխայի ծնվելուց հետո էլ դեռ շարունակում է նյութապես ապահովել տվյալ կնոջը։ Իսկ երբ դադարում է այդ օգնությունը, խաբված կնոջ բերանից միայն նզովք եւ զայրույթ է հնչում։ Ցավալին այն է, որ չկա որեւէ օրենք, իրավական որեւէ հարթություն, որին հենվելով, տվյալ կինը կարող է պաշտպանել իր իրավունքները։ Այս կանայք խաբվում են ե՛ւ օտարի կողմից, ե՛ւ սեփական երկրի օրենքները որեւէ կերպ չեն պաշտպանում նրանց շահերը։ Մնում է միայն միայնակ մոր նպաստը «վայելել» եւ փնթփնթալ սեփական երեխայի վրա։ Իսկ պետությունն այս հարցում հիշեցնում է հայտնի կենդանու ականջում քնածին։

Մեր պտույտը մայրաքաղաքի մի շարք ՔԿԱԳ-ներ (քաղաքական կացության ակտերի գրանցման բաժիններ)՝ ոչ մի արդյունք չտվեց։ Ամեն տեղ մեզ պատասխանում էին, որ նման փաստեր իրենք չունեն եւ խառնածինների ծննդյան մասին որեւէ տեղեկություն՝ նույնպես։ Այնուամենայնիվ, կարողացանք ստանալ, այսպես կոչված, «ՊՏրՑցտվօռ» ինֆորմացիան։ Ըստ այդմ, իմացանք, որ 1998 թ. չորս ամիսների ընթացքում հանրապետության տարածքային ՔԿԱԳ-ների կողմից գրանցվել է 13264 ծնունդ (հիշենք, որ այս թվում չի տարանջատված խառն ամուսնություններից ծնված երեխաների թիվը)։ Գրանցվել է 3666 ամուսնություն եւ 584 ամուսնալուծություն։ Այս թվերի առյուծի բաժինը երեւանյան գրանցում ունի։ Այսպես՝ 3863 ծնունդ գրանցվել է միայն Երեւանում, 1183 ամուսնություն եւ 309 ամուսնալուծություն՝ դարձյալ նույն Երեւանում։ Սակայն չկարծեք, թե օտարերկրացիներին մեզ մոտ բոլորովին մոռացել են եւ չեն գրանցում։ Քավ լիցի։ Կա մի թեթեւ թիվ, որը հրապարակվում է։ Հավանաբար, սա է կարելիի սահմանը։

Ըստ թվերի վերոհիշյալ դեմոկրատական հրապարակայնության, իմանում ենք, որ 3666 գրանցված ամուսնություններից 97 ամբողջը օտարերկրացիների հետ է։ Հետաքրքիր է, որ որեւէ ամուսնալուծություն այլերկրացիների հետ չի գրանցվում։ Իսկ օտարների հետ ամուսնությունների ցուցակում հարեւան իրանցիները գրավում են միջին տեղերից մեկը։ Չմոռանանք, որ խոսքը գրանցված ամուսնությունների մասին է։ Ամուսնությունների հիթ-շքերթի առաջին տեղում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են, ընդ որում՝ 24-ը ազգությամբ հայ են եւ միայն 7-ն են ռուս։ Հաջորդ տեղում այդ նույն Ամերիկան է. 17 ամուսնություն ազգությամբ հայ ամերիկացիների հետ եւ միայն մեկը՝ օտարազգի։ Իրանցիների հետ գրանցված է 8 ամուսնություն, որից 6-ը հայ են եւ 2-ը օտարազգի։ Գրանցված է նույնիսկ մեկ ամուսնություն Թուրքիայի քաղաքացու հետ, այն էլ՝ ազգությամբ հայ։ Ամուսնություններ են գրանցված նաեւ ԼՂՀ քաղաքացիների հետ։ Այս դեպքում Իրանի հետ ԼՂՀ-ն նույն տեղում է։ Ութ ամուսնություն, սակայն ութն էլ հայերի հետ։

Հիթ-շքերթի թվային հատ-հատ նկարագրությունն ավարտենք թվային ընդհանուր պատկերով։ Իսկ այդ պատկերը հետեւյալն է. 1998 թ. չորս ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է օտարերկրացիների հետ ամուսնության 97 դեպք, որից 32-ը՝ օտարերկրացիների հետ։ Ամենատարբեր առիթներով հաճախ է հիշվում մեդալի երկրորդ երեսը։ Իսկ այդ երեսը, սովորաբար, ավելի պերճախոս է լինում։ Պետական փաստաթղթերում գրանցված պատկերն այլ է, իսկ իրական կյանքը՝ բոլորովին ուրիշ։ Սա մի վտանգ է, որին հարկավոր է դիմակայել։ Ամուսնությունը յուրաքանչյուրի անձնական գործն է, ինչպես նաեւ յուրաքանչյուրի անձնական գործն է երեխաներ ծնելը։ Սակայն պետությունն էլ անելիք ունի, մանավանդ, այդ երեխաները լավ օրից չէ, որ ծնվում են, եւ Հայաստանը Ամերիկա չէ։ Երբ երկրի ղեկավարները չեն ցանկանում որեւէ հարցի կոնկրետ պատասխան տալ, դժգոհ հարցնում են՝ իսկ դուք պատկերացնո՞ւմ եք հարցի գինը։ Այս դեպքում մենք ենք ուզում հարցնել՝ իսկ դուք, պարոնայք, պատկերացնո՞ւմ եք հարցի գինը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031