Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Առավոտում» հրապարակված հարցազրույցում «ՍԻԼ» կոնցեռնի ղեկավար Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր. «Չգիտեմ ինչ քաղաքական շահերից ելնելով՝ այլեւայլ պաշտոնյաներ միշտ էլ մեզ խանգարել են աշխատել, ուղղակի դրա մասին ասելու առիթ չի եղել»։
Առիթ դարձան «Ազատություն» կուսակցության վերջին հայտարարության փաստարկումները, որոնք ստիպեցին, որ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ մանրամասներ պատմի ոչ միայն դրանց, այլեւ Հրանտ Բագրատյանի վարչապետության շրջանին առնչվող այլ դեպքերի մասին։
«Սիրադեղյանի շրջապատը տիրում է զովացուցիչ ջրերի եւ հյութերի արտադրության շուկային» «Ազատություն» կուսակցության հայտարարության մեջ պարունակվող այս պնդմանը Խաչատուր Սուքիասյանը հակադարձեց, որ այդ շուկայում «տերեր» կամ մենաշնորհ ունեցողներ չկան. «Հայաստանում հանքային ջրերի եւ հյութերի շուրջ 35 արտադրություն կա։ Դրանցից ընդամենը մեկն է՝ «Բջնի» գործարանը, որ մեր եւ ֆրանսիացիների համատեղ սեփականությունն է։ Իսկ հյութերի արտադրություն մենք դեռ չունենք»։
«Ամբողջ այգիներ, բազմաթիվ տարածություններ»
Կարդացեք նաև
Օղակաձեւ զբոսայգու «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ նախկին «Կռունկ» ռեստորան, այժմ՝ Թեքեյան մշակութային միության շենքն ընկած տարածքը «ՍԻԼ եւ Ա» ՍՊԸ-ին (որը «ՍԻԼ» կոնցեռնին մաս է կազմում) վարձակալության հանձնելու պատմությանն արդեն բավականաչափ անդրադարձել էր նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Խաչատուր Սուքիասյանի խոսքից առանձնացնենք միայն որոշ հատվածներ, որոնք հավելյալ տեղեկություններ են պարունակում այդ մասին, «Քաղաքապետարանի ղեկավարությունը մեզ ուղղակի խնդրել էր այդ այգիները վերցնել, որ մեր միջոցներով դրանք պահպանենք։ Մենք նույնիսկ մի քանի անգամ հրաժարվել էինք։
Ի դեպ, մենք ավելի շատ վնասներ կրեցինք։ Բավական մեծ թափով աշխատանքներ էինք սկսել, գումարներ ծախսել, բայց Վանո Սիրադեղյանը քաղաքապետ նշանակվելուց հետո չեղյալ համարեց այդ որոշումը։ Նրա տեսակետն այն էր, որ քաղաքապետարանը պիտի պահի այդ այգիները, եւ դրանք չպիտի վարձակալության տրվեն։ Այո՛, մենք այդ զբոսայգում 3 սրճարան ունենք, բայց դրանցից բացի այնտեղ տասնյակ սրճարաններ կան։ Մենք շարունակում ենք այնտեղ շատրվանների աշխատանքին, մաքրությանը հետեւել եւ առաջացած այլեւայլ խնդիրներ լուծել։ Վստահ եմ, որ եթե զբոսայգու այդ հատվածը ընդհանրապես մեր տնօրինության տակ մնար՝ ավելի լավ վիճակում կլիներ այսօր»։
«Տասնյակ հին գեղեցիկ օբյեկտներ»
«Ըստ էության, «Ազատությունն» իր այս պնդման հիմնավորում ներկայացրեց միայն ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահի դիմաց գտնվող գրախանութը «ՍԻԼ PLAZA»-ի վերափոխելու փաստը։ Այս մասին էլ է Վահագն Խաչատրյանը մանրամասն բացատրություններ ներկայացրել, իսկ Խաչատուր Սուքիասյանը լրացրեց. «Այդ ժամանակ՝ 1994-ին, ոչ ոք չէր ուզում այդ շենքը վերցնել, վերականգնել։ Շուրջ 45 մեքենա աղբ ենք տեղափոխել այդ շենքից։ Ի դեպ, քաղաքապետարանի առաջարկած տարածքն այսօրվա մեր կառուցածի 10 տոկոսն է ընդամենը։ Այս բակում մի քանի ընտանիքներ էին բնակվում, որոնց համար մեր միջոցներով ավելի հարմար բնակարաններ ենք գնել ու նաեւ գումարներ վճարել։ Իրոք, շատ վատ, ահավոր վիճակ էր այդտեղ։ Կարծում եմ, բոլորն էլ հիշում են, թե այդ շենքն ինչից ինչ դարձավ»։
Վահագն Խաչատրյանը հիշել էր, որ ըստ վարձակալության պայմանագրի՝ այդ շենքը պիտի շարունակեր գրախանութ մնալ։ Խաչատուր Սուքիասյանը հաստատեց. «Ընդամենը 20 օր առաջ որոշեցինք նախկինում այդ տարածքում գտնվող գրախանութի հատվածը այլ նպատակների ծառայեցնել։ Մինչ այդ փորձում էինք գրավաճառքի մասնագետներ գտնել։ Դե, չի՛ ստացվում, եկամտաբեր չի։ Հայաստանում գրքի շուկա ձեւավորված չէ»։
Ի դեպ, այդ շենքն այժմ Սուքիասյանների անձնական սեփականությունն է, եւ վարձակալության պայմանագիրն այլեւս չի գործում։
«100-ավոր օրինակներ ունենք»
Վկայակոչելով ընդամենը 1-2 փաստ, «Ազատության» ներկայացուցիչները պնդում էին, թե կարող են շատ ավելին ասել։ Պրն Սուքիասյանին առաջարկեցինք փորձել առաջ անցնել եւ մանրամասներ ներկայացնել այնպիսի փաստերի մասին, որոնք կարող են իրենց դեմ օգտագործվել։ «Հայաստանի Հանրապետությունում Սուքիասյանների ընտանիքը օրենքի շրջանակներից դուրս որեւէ գործունեություն չի ծավալել։ Եթե տարածքներ, շենքեր կամ շինություններ ենք գնել կամ վարձակալել՝ ամբողջն օրինական է եղել։ Մեզ ոչինչ չեն նվիրել, ամեն ինչի համար վճարել ենք։ Ընդ որում, այն ժամանակ այնպիսի գումարներ է մեր ընտանիքը վճարել, որպիսիք ոչ ոք Հայաստանում չի վճարել նման տարածքների համար,- հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը։ – Եթե Հրանտ Բագրատյանն այդ ամենը չգիտեր, ուրեմն իրավունք չուներ ղեկավար աշխատել։ Պիտի պահանջեր համապատասխան փաստաթղթերը (եւ գիտեմ, որ պահանջել է)՝ ու փորձեր որեւէ ապօրինի բան գտնել»։
Գործարարի գնահատականը վարչապետին
Խաչատուր Սուքիասյանը նախընտրում էր առավել ընդհանրական ձեւակերպումները. «Պրն Բագրատյանն իրոք խանգարում էր մեզ աշխատել։ Նախկին վարչապետի աշխատանքային հարաբերությունները եւ ոճը խիստ անձնավորված էր։ Նրա շատ նշանակումներ՝ գործարանների տնօրեններ եւ այլք՝ զուտ անձնական մոտեցումներով էին պայմանավորված։ Օրենքներն էր ըստ այդ չափանիշների փոխում եւ այլն։ Շուկայական հարաբերությունների ջատագով էր համարվում, բայց այդ դերում հանդես չէր գալիս։ Եթե իր թիմից չէիր՝ գործունեություն ծավալելու իրավունք չունեիր, այլապես խնդիրներ կունենայիր։ Եթե նախկին վարչապետը կարող է՝ թող նշի, թե Հայաստանի տնտեսությունը 4 տարի իր ղեկավարելու ընթացքում եղե՞լ է Հայաստանում մի կազմակերպություն, որը նախապես չի գործել, բայց հետո սկսել է ողջ հզորությամբ աշխատել եւ հասել միջազգային նմանատիպ կազմակերպության մակարդակին»։
Մեր բերած օրինակը՝ ավտոմոբիլային բիզնես
Փորձեցինք որոշակիացնել խանգարելու մասին այս ընդհանրական դատողությունները եւ պրն Սուքիասյանին խնդրեցինք ճշգրտել մեր այն տեղեկությունը, թե ավտոմոբիլների մաքսային դրույքաչափերը հենց այն ժամանակ էին բարձրացվել, երբ Սուքիասյանները սկսել էին ավտոմոբիլային բիզնեսով զբաղվել. «Ամենաշատ ներմուծումները մենք էինք անում։ Կորեական, հետո ճապոնական ավտոմեքենաներ էինք բերում։ Ես մինչեւ անգամ գիտեմ, թե երբ են նրանք զրուցել իրենց թիմով որոշել, թե ինչպիսի խոչընդոտներ ստեղծեն, որ մենք «չաճենք»։ Եվ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարեցին, որ ավտոմոբիլային բիզնեսով չկարողանանք ծավալվել։ Մենք էլ հասկացանք, որ ավտոմեքենաներով պետք չի զբաղվել կամ ուղղակի «թույլ» է պետք զբաղվել։ Դրական էր, այլ տնտեսական գործունեություն ծավալեցինք եւ ավելի հզորացանք։ Բայց տասնյակ գործարարներ են զբաղվում ավտոմոբիլների ներմուծմամբ, եւ բոլորը բողոքում էին այդ մաքսավճարներից։ Բագրատյանի պատճառով մի քանի միլիոն դոլարի վճարումներ Վրաստանի բյուջե հոսեցին, քանի որ ձեւակերպումներն այնտեղ էին արվում։ Այ, այս սխալի համար թող պատասխան տան. այդ միլիոնները կարող էին մեր բյուջեում լինել»։
Նշենք նաեւ, որ վերջերս ընդունված («Հայրենիք» խմբի բնորոշմամբ) «պատվերով օրենքի» հոդվածներից մեկն էլ վերաբերում էր ավտոմոբիլների ներմուծման համար մաքսաչափերն իջեցնելուն։
Մեր մեկ այլ օրինակը՝ «Այրարատ» կինոթատրոն
Այս կինոթատրոնն այդ ժամանակ սեփականաշնորհման ցանկում չէր, սակայն որոշ գործարարների հետ նախնական բանակցություններ էին տարվել, որ պարզեն, թե ինչ գնով է հնարավոր վաճառել «Այրարատը»։ «Որքան տեղյակ էի՝ Սեդրակ Սեդրակյանի եւ կառավարության բանակցություններում 260 հազար դոլարի շուրջ էր զրույցն ընթացել։ Երբ ինձ դիմեցին նույն հարցով, ասացի, որ կվճարեմ եռապատիկ ավելին, քան Սեդրակ Սեդրակյանը։ Մինչեւ անգամ մեկ մլն դոլար էի պատրաստ իմ արտասահմանյան գործընկերների հետ վճարել, բայց երբ պրն Բագրատյանն իմացել էր, որ հնարավոր է գնորդը մենք լինենք՝ կառավարությունը, չգիտես ինչու, հրաժարվեց»։ «Այրարատ» կինոթատրոնը մինչ այժմ էլ սեփականաշնորհված չէ։ Ու թե ինչ վիճակում է գտնվում այս կառույցը՝ առանձին խոսակցության նյութ է։
Ո՞ւմ փողերով է Վանոն կառուցել իր տունը
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շարունակում է Կոմիտասի պողոտայում գտնվող մի շենքի 14-րդ հարկի նույն բնակարանում բնակվել։ Իսկ նախկին ներքգործնախարար ու քաղաքապետ Վանո Սիրադեղյանի՝ քաղաքի կենտրոնում գտնվող առանձնատունն, ըստ որոշ գնահատումների, 2 միլիոն դոլար արժե։ Այս տան մասին պրն Սիրադեղյանը հայտարարել էր, թե Սուքիասյաններն են իրեն օգնել կառուցել այն։ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Նախ՝ մեկհարկանի այդ առանձնատունն անհամեմատ էժան է։ Ձեր նշած թիվն ուղղակի անհեթեթ է։ Եվ ապա՝ ինչո՞ւ պիտի մենք չօգնեինք։ Նա եղբորս քենակալն է»։
Հովանավորե՞լ է Սուքիասյաններին
Այս հարցի պատասխանը միանշանակ է թվում, բայց Խաչատուր Սուքիասյանն այլ պատասխան ուներ. «Վանո Սիրադեղյանի քաղաքական իմիջը, ընդհակառակը, մեզ վնասել ու խանգարել է։ Մենք ուշադրության կենտրոնում ենք հայտնվել։ Մեր աշխատանքը ոչ իբրեւ տնտեսական գործունեություն է դիտվել, այլ ինչ-որ չափով քաղաքականացվել է։ Մինչեւ իշխանությունների փոփոխությունը ես եղել եմ միութենական նշանակության գործարանի տնօրեն եւ ունեինք մի քանի արտադրական կոոպերատիվներ, որոնք որոշակի դրամագլուխ էին ապահովել»։
Մարտահրավեր
«Շատ բացասական եմ համարում, երբ պետական բարձրագույն պաշտոնյայի հարազատներն աշխատում են պետական կառույցներում»,- առանց մանրամասնելու ասաց Խաչատուր Սուքիասյանը։ Եվ առաջարկեց, որ Հրանտ Բագրատյանը փորձի նաեւ իր ազգականների, բարեկամների տնտեսական գործունեությանն անդրադառնալ։ «Ի վերջո, ժամանակին քաղաքապետարանին վարչապետն էլ է տարածքների եւ այլնի համար դիմել։ Շատ հնարավոր է, որ նրա թիմից այլ մարդիկ էլ են դիմել։ Իմ կարծիքով, Վահագն Խաչատրյանը մոռացած չի լինի այդ ամենը,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։ – Վերջին հաշվով, մեր գործունեությունը լավ լուսաբանված է։ Թող պրն Բագրատյանի մերձավորների գործունեությունն էլ լուսաբանվի, երեւա, թե ինչ ձեռքբերումներ ունեն այն բնագավառում, որում աշխատում են, ինչ օգուտ են տվել Հայաստանին եւ այլն»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ