Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԻՐՈ ԳԵՐԵԶՄԱՆՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

Հուլիս 10,1998 01:16

Ո՞ւմ հայտնի չէ Լոպե դե Վեգայի հանրածանոթ «Շունը դեզի վրա» ստեղծագործությունը եւ դրա հիման վրա նկարահանված բավական հաջող ֆիլմը։ Իսկ ուշադրություն դարձրե՞լ եք, թե ձեր շրջապատում որքա՜ն շատ են նման «պարտիզպանի շները», որոնք ապրում են «ոչ՝ ինձ, ոչ՝ քեզ» սկզբունքով եւ դրա արդյունքում՝ շատ հաճախ նրանց կորցնելուց հետո ենք արժեքը հասկանում։

Շատ տիպիկ մի պատկեր. կինը խնդրում է ամուսնուն նվիրել իրեն առաջիկա հանգստյան օրերը, կամ գոնե մի երեկո, միասին համերգ, թատրոն, հյուր գնալ, իսկ ամուսինը կրկնում է այնքան ծանոթ «շատ ավելի կարեւոր գործեր ունեմ» հերթապահ միտքը, ասել կուզե, նա պատրաստ է իր օրը կամ երեկոն անցկացնել որտեղ եւ ում հետ ասես, միայն ոչ կնոջ…

Բայց հապա թող փորձի այդ նվիրված, սիրող կինը երեկոյան հարդարվել, գեղեցկանալ, առանց ուշադրություն դարձնելու մշտապես «զբաղված» ամուսնու զարմանքից չռված աչքերին եւ հայտարարել, որ իրեն շտապ անհրաժեշտ է տեսնել ընկերուհուն կամ մայրիկին, եւ այդ ընթացքում հաջողացնի այտերին թեթեւ եւ բնական շառագույն հաղորդել, իսկ աչքերին՝ արտասովոր փայլ… Օօ՜օ՜… բնականաբար կարելի է անսխալ կռահել ապշահար ամուսնու ռեակցիան՝ անվերջ հարցեր, կասկածներ եւ, իհարկե, հանկարծակի հայտնված անզուսպ ցանկություն՝ այս երեկոն անցկացնել միմիայն սիրելի կնոջ հետ…

Կարծում եմ, շատ կանայք են առիթ ունեցել երբեմն-երբեմն դիմելու այս եւ նմանատիպ այլ խորամանկ հնարքների օգնությանը, որպեսզի փոքր-ինչ ուշադրության արժանանան… Սակայն վերջիվերջո, գալիս է այն օրը, երբ կանացի անսպառ երեւակայությունն ու ջանասիրությունը հոգնում եւ սպառվում են՝ նման ձեւերով ուշադրություն կորզելուց։ Իսկ արդյունքը տարբեր է լինում՝ կախված տվյալ կնոջ խառնվածքից եւ կյանքի արժեքների նկատմամբ ունեցած չափանիշներից։ Մի մասն այլեւս անօգուտ համարելով սեփական ամուսնուն դուր գալու բազմաբնույթ փորձերը, ձեռքը թափ է տալիս եւ գլխովին խրվում կենցաղի, առօրյայի, զավակների հոգսերի ու գործերի մեջ եւ այլեւս ինքն իրեն զրկելով «կին կոչվելու իրավունքից», ոչինչ անբնական չի տեսնում սեփական տանը, երբեմն էլ բակում, շուկայում եւ այլուր, անլվա, գզգզված, ճմրթված հայտնվելու մեջ…

Մի մասը փորձում է վերագտնել իրեն աշխատանքում, սկսում է կարիերա ստեղծել։ Այս դեպքում, իհարկե, գոնե պատշաճ հագուկապն ապահովված է, սակայն առկա է ծառայողական սիրավեպերի անմիջական վտանգը…

Եվ, վերջապես, կանանց առավել կանացի մասն ամուսինների անտարբերության հետեւանքով դառնում է ակամա դավաճան, եւ եթե ինչ-ինչ բարոյական, կրոնական, հասարակական կարծիքով պայմանավորված նորմեր չեն թողնում, որ ոմանց դավաճանությունը լինի գործնական, ապա գոնե մտովի դավաճանությունը, թեթեւ կամ բավական խոր ֆլիրտը (սիրավեպ) երաշխավորված է…

Նկարագրածս վերջին երկու դեպքերում շատ մեծ է հավանականությունը, որ «սիրասուն» ամուսինը հանկարծակի կբռնկվի կրկնակի սիրով սեփական կնոջ նկատմամբ, քանզի տղամարդու բնույթն է այդպիսին՝ սեփականատիրական… Ի դեպ, նմանատիպ հարաբերություններ նկատվում են նաեւ մինչամուսնական կապերում։ Երիտասարդն ամիսներ շարունակ ապարդյուն փորձում է տիրանալ օրիորդի սրտին։ Վերջինս անդրդվելի է, նրան իր ազատությունը, ինքնուրույնությունը ինչ-որ մեկի սեփականությունը դառնալու հետ փոխելու հեռանկարն ամենեւին էլ չի գրավում։ Եվ ահա, ժամանակի ընթացքում տղայի համառ սիրահետումներն անում են իրենց «սեւ» գործը։

Աղջիկը հայտնում է իր պատրաստակամությունը՝ դառնալ այդ բոլոր առումներով կատարյալ երիտասարդի կինը։ Եվ ինչ, շուտով սկսվում եւ գնալով շատանում են ժամադրություններից ուշացումները, խոստացված եւ չեղած զանգերը, գեղեցիկ անցյալ են դառնում վարդի փնջերը, որոնք թվում էր անվերջ պիտի զարդարեն աղջկա սենյակը… Եվ եթե մի ոչ հեռավոր օր չդրվի վերջակետ եւ երիտասարդը առարկություն չընդունող տոնով չհայտարարի, թե աղջիկը չափից ավելին է պահանջում, ձգտում է սահմանափակել իր ազատությունն ու իրավունքները, թե արդեն շատ են ձգձգվում այս տանջալից հարաբերությունները, ապա մնում է մյուս ելքը՝ կայացած ընտանիք եւ միմյանցից օտարված ամուսիններ…

Հոգեբանները միայն անհասանելին գնահատելու տղամարդկանց ունակությունը բացատրում են նրանց ի ծնե, դարերից եկող «որսորդի» բնույթով։ Տղամարդն էությամբ «որսորդ» է, եւ իր «որսը» հետաքրքիր է այնքան ժամանակ, քանի դեռ չի բռնվել, իսկ բռնվելուց հետո՝ քանի դեռ չի հասցրել ձանձրացնել՝ մի լավ ուսումնասիրելուց եւ խաղալուց հետո…

Գուցե դրանով է բացատրվում տղամարդու այլայլվելը, երբ նրան անմիջականորեն ի ցույց են դնում զգացմունքները։ Նման բացահայտ սիրո խոստովանությունները տղամարդուն փակուղու առաջ են կանգնեցում։ Մի կողմից հաճելի է գործ ունենալ ինքնավստահ, անբարդույթ, գործարար կնոջ հետ, մյուս կողմից կնոջն առանց սիրահետման տիրանալը, նրան «փախչող որսի» դերում չտեսնելը շփոթեցնում է ցանկացած տղամարդու։ Եվ եթե վերջինս այնքան էլ վստահ չէ իր զգացմունքների վրա, անսպասելի «այո»-ն կամ «ես քեզ սիրում եմ»-ը նրան ստիպում են ուղղակի փախչել…

Նման զգացմունքային ծովահենությունը երբեմն կնոջն էլ է բնութագրական, սակայն հիմնականում դա զուտ տղամարդկային հատկություն է, համոզված են հոգեբանները, որոնք պնդում են նաեւ, որ անորոշ հարաբերություններ գերադասող տղամարդկանց մեջ, գոյություն ունի խոր թաքնված վախ մտերմիկ հարաբերությունների նկատմամբ։ Սիրահետման շրջանը մեծ լարում չի պահանջում, բայց աղջկա «այո»-ից հետո ստիպված ես որոշում կայացնել, վերցնել որոշակի պարտավորություններ, իսկ պատասխանատվությունն ու պարտականությունը այն զգացմունքներն են, որոնցից ցանկացած տղամարդ խորապես վախենում է։ Փոխարենը, զգալով, որ կինը կարող է եւ մտադիր է փախչել իրենից, հնարավոր է, որ նա նորոգի իր սիրահետումները (ի դեպ, սա վերաբերվում է նաեւ ամուսնական զույգերին) եւ այս մուկնուկատուն կարող է անվերջ շարունակվել։ Իսկ գուցե հենց սա՞ է կայուն ընտանիքի նախապայմանը՝ սիրելի մարդուն կորցնելու ներքին վախը։ Եթե այդ վախը միշտ վառ մնա, գուցե հայտնի ասացվածքը՝ «Սիրո գերեզմանն ամուսնությունն է», չառնչվի ձեր ընտանիքին…

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031