Լրահոս
Օրվա լրահոսը

…Դուք մեկնեք գյուղեր եւ հարցրեք

Հուլիս 10,1998 00:55
lori

Լոռու մարզի դպրոցներում մանկավարժական կադրերի պահանջարկ կա, որն առավել զգալի է գյուղերում։

Մարզխորհրդի նիստում նշվեց, որ այսօր մեխանիզմ չկա մանկավարժին գյուղ գնալ պարտադրելու, այդ պատճառով անհրաժեշտ է մանկավարժներին շահագրգռել, իսկ դա արդեն համայնքների ղեկավարների խնդիրն է։ Ի դեպ, գյուղական համայնքի մի ղեկավարի՝ այդ առիթով դժգոհությունից պարզվեց, որ շահագրգռում էլ են, համոզում էլ են («ինչ ուզեցին՝ տվինք. տուն, այգի, հողամաս»), սակայն միառժամանակ գյուղում մնալուց հետո քաղաքից եկած ուսուցիչները նույն ճամփով հետ են գնում՝ Մուրացանի «Առաքյալի» հերոսի օրինակով։ Մեղադրել չենք կարող, մանավանդ որ Մուրացանն ինքն էլ կարծես թե չէր մեղադրում եւ «ըմբռնումով» էր վերաբերվում երեւույթին։ Պարզապես, կարելի է մեխանիզմներ մշակել գյուղից քաղաք սովորելու մեկնած կադրերին ավարտելուց հետո առնվազն 2 տարով գյուղ գործուղելու ուղղությամբ։

ԴԺգոհություններ կան, թե գյուղերում դասալսումներ չեն արվում՝ ուսման որակն ստուգելու նպատակով, մինչդեռ քաղաքի ուսուցիչներն էլ վիրավորված իրենց գիտելիքների նկատմամբ ցուցաբերվող անվստահությունից, գանգատվում են, թե շարունակ տեսչական ստուգումներ են անցկացվում։ Ի դեպ, այդ ստուգումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե ավելի հաճախ կատարվեն նաեւ բուհերում. այն պարզ տրամաբանությամբ, որ ուսուցիչն իր գիտելիքները բուհից է փոխանցում դպրոց՝ այնտեղ սերմանելու, եւ եթե տեսչությունները կամ արտահաստիքային տեսչական խմբերը իրավասություն չունեն բուհերում ստուգումներ անցկացնելու, եւ, բացի դրանից, այն «էթիկայի տեսանկյունից» ճիշտ չէ (ինչպես նշեցին մարզպետարանի կրթության վարչությունում), ապա կարծում ենք, այդ հոգսի «նեղությունը» պետք է կրեն բուհերից վեր կանգնած շրջանակները։

Մասնագետների պակասի պատճառով գյուղական որոշ դպրոցներում ոչ միայն օտար լեզու չեն անցնում, այլեւ, ռուսերենն էլ անցնում են ոչ լիարժեք (մի դասարանում մասնագետ կա, մեկում՝ չկա)։ Դպրոցի տնօրեններից ոչ բոլորն ունեն համապատասխան կրթություն, լավագույն դեպքում տնօրենն ու ուսմասվարն են մանկավարժ (իսկ վատագույնը միայն պատկերացնել է պետք)։ … Իսկ գյուղական շատ դպրոցներ ոչ միայն մանկավարժի պահանջարկ ունեն, այլեւ՝ աշակերտի։ Բնակչության սակավության պատճառով այդ դպրոցներում որոշ դասարաններ ժամանակ առ ժամանակ կարող են չլինել։ Թումանյանի տարածաշրջանի Ջիլիզա գյուղն, օրինակ, նոր ուստարում հինգերորդ դասարան չի ունենա, քանի որ նախորդ տարում էլ չորրորդ չի ունեցել, իսկ 8-ամյան ավարտած 4 աշակերտ, դեռ պարզ չէ, թե արդյո՞ք 9-րդում սովորելու հնարավորություն կունենա, քանի որ դպրոցը եղել է ութամյա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031