Երկրապահական տարբերակ
Ուղիղ մեկ ամիս առաջ 6 քվեարկություն կատարելով, Հայաստանի Ազգային ժողովը մերժեց ընտրական օրենսգրքի 3 տարբերակներն էլ։ Այդ գործում էական ներդրում ունեցավ «Երկրապահ» պատգամավորական խումբը, որը չընդունեց ե՛ւ Էդվարդ Եգորյանի, ե՛ւ Վիգեն Խաչատրյանի, ե՛ւ թե կոմունիստ Ֆրունզե Խառատյանի ներկայացրած նախագծերը։
Խմբի նախագահ Սմբատ Այվազյանն իրենց վարքագիծը պատճառաբանում է երկու իրողությամբ։ Մեկ, որ պետաիրավական հանձնաժողովում աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածություն ձեռք բերվեց, ինչը, սակայն, չհարգվեց։ Եվ երկրորդը՝ խորհրդարանը չընդունեց նաեւ «Երկրապահի» փոխզիջումային առաջարկները։ Իսկ դրանց էությունն այն էր, որ ներկայացված տարբերակներից մեկն ընդունվի իբրեւ հիմք, իհարկե, առանց մի քանի սկզբունքային դրույթների։ Դրանից հետո պետք է սկսվեր բանակցային գործընթացը, ինչը մոտեցումների համաձայնեցման նպատակ էր հետապնդելու։ Սակայն, երբ դա էլ չընդունվեց. «Երկրապահ» պատգամավորական խումբը ստիպված էր մերժողական դիրքորոշում ցուցաբերել բոլոր նախագծերին»։ Բնական է, չէ, որ դիրքորոշումը նաեւ պատասխանատվություն է ենթադրում։ Այստեղ խնդիրը շատ պարզ է. «Մինչ ԱԺ-ում օրենսգրքերի քվեարկությունը, մենք հայտարարեցինք, որ «Երկրապահ» պատգամավորական խումբը, պատրաստ է եւ ի վիճակի է ստանձնել ընտրական օրենսգրքի ընդունման պատասխանատվությունը»։
Դրա կողքին Սմբատ Այվազյանը հարկ համարեց անմիջապես ճշտել, որ խոսքն ամենեւին էլ ընդհանուր քաղաքական պատասխանատվության մասին չէ։ Հիմա գանք խնդրի գործնական մասին։ Երկրապահ պատգամավորների առաջնորդը հաղորդեց, որ Ազգային ժողովում դիրքորոշումը քվեարկությամբ արտահայտելուց հետո, իրենց նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Նրանում ընդգրկված են ԱԺ պետաիրավական հանժնաժողովի անդամներ, փորձագետներ, երկրապահ պատգամավորներ։ ՈՒսումնասիրվում է մյուս երկրների եւ մանավանդ նորանկախ հանրապետությունների ընտրական օրենսդրությունը։ Այս ամենը համադրվում է միջազգային փորձի հետ։ «Ամենաուշը 10 օր հետո մեր նախագիծն արդեն պատրաստ կլինի հետագա քննարկումների համար»,- հայտարարեց Սմբատ Այվազյանը։
Կարդացեք նաև
Սկզբնական շրջանում ընտրական օրենսգրքի քննարկումները զուտ ներխմբային բնույթ կունենան։ Նախնական դիրքորոշումներն ամրագրելուց հետո, երկրապահները, ինչպես Սմբատ Այվազյանը մատուցեց, նախագծի շուրջ բանավեճ կկազմակերպեն խորհրդարանի մյուս խմբերի ու խմբակցությունների հետ։ Մի խոսքով, ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակը օգոստոսի կեսերին արդեն Ազգային ժողովում կդրվի պաշտոնական շրջանառության մեջ, իսկ սեպտեմբերին սկսվելիք հերթական նստաշրջանում վերստին կդառնա խորհրդարանական լսումների առարկա։
Բնական է, չէ, որ չէինք կարող մեծամասնականևհամամասնական տեղերի հարաբերակցության խնդրին չանդրադառնալ։ «Վերջին քննարկման ժամանակ մեր պատգամավորական խումբը որոշում ընդունեց հօգուտ մեծամասնականների։ Մեզ համար ընդունելի է 91 մեծամասնական, 40 համամասնական սկզբունքը»։ Սմբատ Այվազյանը երկրապահների դիրքորոշումն արձանագրելով հանդերձ, միաժամանակ տեղեկացրեց, որ այդ խնդրի շուրջ քննարկումները շարունակվելու են։
Իսկ ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի 2-րդ սկզբունքային դրույթին, այն է հանձնաժողովների կազմակերպման հիմունքը, ապա առկա են տարբեր մոտեցումներ։ «Հանձնաժողովները, մեր կարծիքով, պետք է ներկայացուցչական լինեն։ Ընդհանուր առմամբ, առկա է 2 մոտեցում։ Մեկ, որ քաղաքական բոլոր ուժերը հավասար հնարավորություն են ստանում հանձնաժողովների կազմավորման գործում, անկախ նրանից՝ ներկայացված են ԱԺ-ում, թե՝ ոչ։ Մյուս տարբերակը. քանի որ պետք է ապահովվի պետության մասնակցությունը ընտրություններին, ուրեմն այդ սկզբունքից էլ ելնելով պետք է հանձնաժողովներ ձեւավորվեն։ Դա հնարավորություն կտա բացառել ընտրությունների ձախողումը»։
Իհարկե, բոյկոտն էլ քաղաքական պայքարի ձեւ է, եւ դրա հնարավորությունը քաղաքական ուժերը պիտի ունենան։ Սակայն, ինչպես մանրամասնեց պարոն Այվազյանը, միաժամանակ պետք է ստեղծվեն ընտրությունների ձախողումը բացառող մեխանիզմներ։ Ընտրական օրենսգրքի սեփական տարբերակը երկրապահները դարձնելու են նաեւ արտախորհրդարանական լսումների առարկա։ Այն կքննարկվի ոչ միայն Ազգային ժողովում չներկայացված կուսակցությունների, այլեւ՝ ընտրական համակարգերով հետաքրքրվող միջազգային կազմակերպությունների հետ։
Մեր վերջին հարցով ցանկացանք պարզել, արդյո՞ք, երկրապահներն իրենց աշխատանքային տարբերակի հիմքում չեն դրել խորհրդարանում քննարկված նախագծերից որեւէ մեկը։ Չէ որ խոսվում էր, թե կարող է նախընտրելի համարվել անցյալ տարի Արա Սահակյանի գլխավորությամբ մշակված օրինագիծը։ «Մենք այդ տարբերակներից որեւէ մեկը չենք ընտրել իբրեւ հիմք։ Մեր մոտեցումները ճշտված են եղել ի սկզբանե, եւ փորձելու ենք դրանք արտացոլել նախագծում»։
Հիմնական սկզբունքը, որ դրված է ընտրական օրենսգրքի հիմքում, Սմբատ Այվազյանի մատուցմամբ, արդար եւ թափանցիկ ընտրությունների գաղափարն է։ Ընտրողը պետք է վստահություն ունենա հայտարարված արդյունքի նկատմամբ։ «Բոլոր ուժերը պետք է ձգտեն Հայաստանում դեմոկրատական ընտրությունների արմատավորմանը։ Առաջիկա 5-10 տարիներին մեր առաջնային խնդիրը սա է լինելու։ Եթե մենք ի վիճակի լինենք անցկացնել նորմալ, դեմոկրատական, բարձր մակարդակի ընտրություններ, ուրեմն մեր հասարակությունն առաջընթացիկ տեմպերով զարգացման հնարավորություն կունենա»,և եզրափակեց պատգամավոր երկրապահների առաջնորդը։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ