«Հայկական ավիաուղիներ»ևի շուրջ խոսքն ու զրույցն առավել թեժացավ կոնյակի գործարանի տառապալից սեփականաշնորհումից հետո։ Որոշակի խումբ մարդիկ սկսեցին անհանգստանալ. չլինի՞ թե հայկական օդուղիները եւս սեփականաշնորհվեն եւ սեփականաշնորհվեն ոչ այնքան հաջող։ Հանդիպել «Հայկական ավիաուղիներ»ևի գործադիր տնօրեն պրն Աչոյանին, եւ չհետաքրքրվել վերոհիշյալ հարցով, պարզապես աններելի կլիներ։
Պրն Աչոյանը «Առավոտ»-ի հնչեցրած հարցին փորձեց պատասխանել բարոյախրատաբացատրական որոշ հնչերանգով։ Նրա առաջին միտքը անվիճելի ճշմարտություն էր. «Եթե ավիաընկերությունը սնանկ ճանաչվի, ինչպե՞ս պիտի էդ ընկերությունը վաճառենք եւ ո՞ւմ պիտի վաճառենք։ Մոտիվը հասկանանք, հետո փորձենք անդրադառնալ գաղափարին։ Եթե մեր պետությունը ցանկանում է ավիաընկերությունը վաճառել եւ ցանկանում է, բնականաբար, էդ վաճառքից ինչ-որ բան ստանալ, ինչ-որ գումար, չգիտեմ՝ ինչքան…»։
Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ պրն Մնացականյանն ասաց. «Այսօր մամուլում շահարկվում են վաճառքի մասին լուրեր, որոնք տեղին չեն։ Ես չեմ ուզում գնահատական տալ մեր մամուլին, չնայած ասեմ, որ ես անձնապես գոհ չեմ նրա աշխատանքից»։ Այնուհետեւ ասվեց, որ «Հայկական ավիաուղիներ»-ը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, պետական փակ բաժնետիրական ընկերություն, եւ դեռեւս չի ընդունված սեփականաշնորհման վերջնական ձեւը։ Պրն Մնացականյանի կարծիքով «էսօր էդ թեման շահարկելը բարոյական չէ»։
«Հայկական ավիաուղիներ»-ը, ի դեպ, ներառված է պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների 1996-97 թթ. սեփականաշնորհման ծրագրում։ «Հայկական ավիաուղիներ»-ը «Աէրոֆլոտից» ժառանգել է 3 ԻԼ-86, 11 ՏՈՒ-154 Բ եւ 9 ՏՈՒ-134 Ա օդանավեր։ ԻԼ-86 տիպի երեք օդանավերից երկուսը շահագործվում են եւ ունեն դեռեւս 10-15 տարվա ռեսուրս։ Մեկ օդանավ չի շահագործվում, նրա վերականգնման համար հարկավոր կլինի 5-6 մլն դոլար։ ՏՈՒ-154 Բ եւ ՏՈՒ-134 Ա տիպի օդանավերի միջին մաշվածությունը կազմում է 70 տոկոս։ Վերջիններս շահագործումից դուրս կգան 2001-2003 թվականներին։
Կարդացեք նաև
Մ. Ե.