«- 50 օրվա նախարար եմ, բայց այնքան բան եմ արել, որ նույն «Առավոտի» 10 էջը չի հերիքի այդ մասին գրել։
– Իսկ ի՞նչ եք արել։
– Կառուցվածքային մեծ փոփոխություններ։ Ես չեմ ուզում քննադատել նախորդ երկու նախարարներին, որ իմ ընկերներն էին, բայց նրանք երկուսն էլ առաջ էին տանում նախորդ նախագահի այն քաղաքականությունը, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Ես հակառակն եմ անում։ Դա քիչ չէ»։
ՀՀ մշակույթի նախարար ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆԻ հետ հարցազրույցից, «ՀՀ», 7 հուլիսի
Ասվածի երգ-տարբերակը կհնչի այսպես.
Մանկությունս մի Գորշուկ էր,
Աշխար տեսնելու գնում էր,
Իշուկն ամեն երեկո
Ինձ զռռալով ննջեցնում էր,
Բայց չզգալով՝ ամեն տարի
Ինձ նախարար դարձնում էր։
Հիսուն օրը չոքեց դուռըս,
Սեւ մազերս թափեց բուռըս,
«Առավոտը» կոտրեց դուռըս,
Էլ ես ումի՞ց հանեմ մուռըս։
Նախկիններից մարդ չմնաց,
Ընկեր էին, բայց ո՞վ մնաց,
Ազգիս համար այս աշխարհում
Կատեգորիան կեղծ էլ մնաց…
Հակառակը ես եմ ասում,
Բա… բացատրելու տող չմնաց…
Կարդացեք նաև
ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺԸ
«Մեզ մոտ էլ կան հիմնահարցեր Սեւանի մակարդակի իջնելու, կենդանական եւ բուսական աշխարհի ոչնչացման, որը հետեւանք է ադրբեջանական պետության շրջափակման»։
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ՀՀ բնապահպանության նախարար, «Առավոտ», 7 հուլիսի
Շրջափակումը, պարզվում է, ոչ միայն խանգարում է երկրի զարգացման բնական ռիթմին, ոչ միայն դժվարացնում է ներկան ու խոչընդոտներ ստեղծում ապագայի համար, այլեւ հետադարձ ուժով վատ ազդեցություն է թողնում անցյալի վրա…
Իրոք. ինչո՞ւ պիտի 30-ական թվականներից սկսած՝ իջներ Սեւանի մակարդակը, եթե 60 տարի անց Ադրբեջանը չշրջափակեր Հայաստանը…
Այս օրինակը գալիս է մեզ ապացուցելու, որ այժմ տարածում գտած, օրինակ, մուրացկանության պատճառները պետք է փնտրենք ապագայում, երբ մի 100 տարի հետո հակամարտություն ունենանք, ասենք, Չինաստանի հետ… Չէ՞ որ բացառված չէ, որ Չինաստանը 100 տարի անց շրջափակի Հայաստանը, ձեւացնելով, թե ինքը ազգերի ինքնորոշման սկզբունքը ստորադասում է, դիցուք, տարածքային ամբողջականությանը։
ՈՐ ԱՍՈՒՄ ԷԻ՞…
«Ֆրանսիայի դեսպանն ասում է այն, ինչը ես վաղուց ասել եմ. Հայաստանին սպասվում է միջազգային մեկուսացում»։
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, ԱԺ պատգամավոր, «Առավոտ», 9 հուլիսի
Ոչ ոք չի կասկածում՝ եթե Դավիթ Շահնազարյանը ժամանակին ասեր, որ Հայաստանին պայծառ ապագա է սպասվում, զարգացման լայն հեռանկար, կենսամակարդակի աննախադեպ աճ՝ ապա Ֆրանսիայի դեսպանն էլ նույնը կասեր։ Ցավոք, Դավիթ Շահնազարյանը բոլորովին այլ բան է ասել, ու Ֆրանսիայի դեսպանն էլ ստիպված կրկնել է նրա մռայլ գուշակությունը։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ