Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարկերի օգտագործմանը՝ քաղաքական գնահատակա՞ն

Հուլիս 09,1998 00:00
Artur Bagdasaryan

Օտարերկրյա պետություններից ստացված փոխառությունների վերաբերյալ կառավարության հաշվետվությունը պահանջելը նաեւ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությունն էր։ ԱԺ-ում քննարկման ժամանակ առավել համապարփակ ելույթը նրանն էր, եւ ենթադրելի էր, որ հենց նա էլ կգլխավորի այն ժամանակավոր հանձնաժողովը, որը 6-ամսյա ժամկետում պիտի ԱԺ-ին եզրակացություններ ներկայացնի վարկերի օգտագործման արդյունավետության վերաբերյալ։ Իսկ թե ինչու այդպես չեղավ՝ խնդրեցինք մեկնաբանել Արթուր Բաղդասարյանին.

– Հանձնաժողովն արդեն կանոնադրություն է մշակել, ըստ որի նրա բոլոր անդամներն էլ հավասար լիազորություններ ունեն։ Անգամ նախագահն ու քարտուղարն առանց մյուսների գիտության որեւէ քայլ անելու իրավունք չունեն։ Նախագահի ընտրության ժամանակ երկու առաջարկ եղավ։ Պետրոս Մակեյան եւ Արթուր Բաղդասարյան. ես հրաժարվեցի։ Պետաիրավական հանձնաժողովում ծանրաբեռնվածությունը բավական մեծ է։ Հետո իբրեւ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ՝ հաճախ շրջաններ ենք մեկնում, հանդիպումներ ունենում։ Բայց ես ամենայն ակտիվությամբ մասնակցել եմ հանձնաժողովի նիստերին։

– Մամուլում տեսակետ հնչեց, թե հանձնաժողովի գործունեության 6 ամսից 4 շաբաթվա ընթացքում 0 արդյունք է արձանագրվել։ Համաձա՞յն եք։

– Ոչ, չեմ կիսում այդ տեսակետը։ Հանձնաժողովը կաշխատի շատ արդյունավետ։ Մենք այս ընթացքում աշխատանքային ծրագիր ենք կազմել եւ իբրեւ հանձնաժողովի անդամ վստահեցնում եմ, որ մեր ապագա գործունեությունը նման գնահատականների տեղիք չի տա։ Ես համոզված եմ, որ մենք լուրջ ուսումնասիրություններ կատարելու համար բավարար կարողություններ ունենք։ Սակայն ես այս հանձնաժողովի առաքելությունը համարում եմ այն, որ քաղաքական գնահատական պիտի տրվի 74 վաուչերով սեփականաշնորհված պանրագործարաններին (խոսքը Վարդենիսում գտնվող համապատասխան ձեռնարկության մասին է) եւ ընդհանրապես տեղի ունեցածին։

– Արդեն իսկ հանձնաժողովի ձեւավորումից հետո եւս երկու վարկային համաձայնագիր հաստատեց խորհրդարանը։ Եվ Արշակ Սադոյանն առաջարկեց միանգամից այդ վարկերի օգտագործման արդյունավետությունն էլ հանձնաժողովի քննարկման նյութ դարձնել։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին։

– Նորմալ։ Մենք այդ վարկերն էլ անպայման կուսումնասիրենք։ Քանզի դրանցից մեկը ջրի խնդրին է վերաբերում, որն այսօր բոլորին է հուզում։ Եվ մենք այդ վարկը (Համայնքային զարգացման ծրագիրը- Ա. Ի.) միանգամից կներառենք մեր ծրագրի մեջ։ Ես հանդես կգամ նման առաջարկով։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031