Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՆԱԽԱԳԱՀ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ… ԱՐԺԱՆԻ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ»

Հուլիս 09,1998 23:41

-Պարոն Շահնազարյան, խնդրեմ՝ համապարփակ գնահատական տվեք այսօրվա քաղաքական իրավիճակին։

-Ընդհանրապես, քաղաքակիրթ երկրներում ընդունված է իշխանությունների առաջին հարյուր օրվա ընթացքում զերծ մնալ նրանց որեւէ գնահատական տալուց։ Այդպիսի չգրված պայմանավորվածություն կար նաեւ տվյալ դեպքում, որը, սակայն, առաջինը հենց իշխանությունները խախտեցին։ Նկատի ունեմ նախագահի անպատեհ հարձակումները որոշ քաղաքական գործիչների վրա, երբ նա կոնյակի գործարանի գործարքի վերաբերյալ հանդես եկավ սեփական գնահատականներով։

100 օրվա ընթացքում համենայնդեպս ինձ համար որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Միակ անսպասելին այն էր, որ այս իշխանությունը շատ ավելի շուտ ցույց տվեց իր բացարձակ անճարությունը, քան ենթադրում էի։ Կարծում էի, թե այսօրվա իշխանության էությունը, կամ, ավելի ճիշտ՝ էության բացակայությունը լայն հասարակությանը պարզ կդառնա աշնանը, սակայն դա կատարվեց շատ ավելի շուտ։ Ներկայիս իշխանության էությունը մարտնչող դիլետանտիզմ է։ Թե՛ ներքին, թե՛ արտաքին եւ թե՛ տնտեսական ոլորտներում արդեն իրագործված քայլերը այլ գնահատական ունենալ չեն կարող։ Տնտեսության վիճակը այս վերջին 2-3 ամիսների ընթացքում էլ ավելի է վատթարացել։ Աղետալի է բյուջեի մուտքերի վիճակը, ինչի ամենավառ ապացույցը կառավարության պահվածքն է։ Դա միայն իմ գնահատականը չէ։

Ակնհայտ է միտումը, որ տնտեսությունը, հարկային քաղաքականությունը հաստատագրված հարկերի հիմքի վրա դնելու փորձ է անում։ Դա ամենեւին էլ միայն փոքր եւ շատ փոքր բիզնեսին չի վերաբերում։ Որեւէ քայլ չի կատարվում, որպեսզի հարկային մուտքերում ուղղակի հարկերի տեսակարար կշիռը մեծացվի, իսկ անուղղակիները՝ փոքրացվեն։ Կատարվում է հակառակը։ Շատերի համար է ակնհայտ, որ Հայաստանը շատ մոտ ապագայում կհայտնվի տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ։ Ինչ-որ դիլետանտներ հասել են իշխանությանը, բայց չգիտեն, թե ինչ անեն դրա հետ։

-Արդյոք ամբողջ ներքին քաղաքականությունը միայն տնտեսակա՞ն վիճակով եք պայմանավորում։

-Իհարկե՝ ոչ։ Ընտրություններից հետո ես առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանում կարծես թե վերացել է քաղաքական դաշտը եւ այն պետք է նորից ձեւավորվի։ Հայաստանում բացարձակապես ջախջախված են բոլոր ընտրական ինստիտուտները։ Դա սկսվեց 1995 թվականից եւ վերջին նախագահական «ընտրություններում» հասավ կատարելության։ Դրան ինչ անուն ուզեք կարելի է տալ, բացի ընտրությունից։ Այսօրվա իշխանությունը՝ սկսած նախագահից, շատ լավ գիտե, որ իրեն չեն ընտրել, ժողովուրդն էլ լավ գիտե, որ ինքը չի ընտրել։

Այն ուժերը, որոնք այսօր փորձում են նորից ձեւավորել քաղաքական դաշտ, կարեւորագույն խնդիրը պետք է տեսնեն ընտրական ինստիտուտների վերականգնման մեջ։ Դրանից է կախված թե՛ տնտեսության, թե՛ արտաքին քաղաքականության, եւ թե՛ ներքին քաղաքականության ապագան։ Ցավոք, չկան անգամ թույլ հույսեր ներշնչող դրական նախադրյալներ։ Առ այսօր ընդունված էլ չէ ընտրական օրենսգիրքը։ Հայտնի էլ չէ, թե ինչպիսին կլինի այն։ Ներկայիս՝ այս խորհրդարան կոչվածը, իհարկե, ինչևոր օրենք կընդունի, սակայն դա կլինի տվյալ պահի քաղաքական թելադրանքի դրսեւորումը։

-Ինձ հետաքրքրում է նաեւ ձեր տեսակետը արտաքին քաղաքականության վերաբերյալ։

-Թե՛ անցյալ տարի, թե՛ նախընտրական շրջանում քանիցս առիթ եմ ունեցել ասելու, որ շատ պասիվ արտաքին քաղաքականություն է իրականացվում, ինչի պատճառը ներքին վիճակն է։ Ասել եմ նաեւ, որ եթե Հայաստանում լինի այն իշխանությունը, որն այսօր ունենք, ապա մեր պետությանը շատ մեծ վտանգ է սպառնում միջազգային մեկուսացման ենթարկվելու առումով։ Վերջին ամիսներին կատարված քայլերում չեմ տեսնում որեւէ տրամաբանություն, եւ ոչ միայն տրամաբանության, այլեւ հետեւողականության բացակայություն է ակնհայտ։ Փաստացի, բայց չընտրված նախագահը հայտարարում է՝ Ֆրանսիան Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն Ֆրանսիայի դեսպանն ասում է այն, ինչը ես վաղուց ասել եմ. Հայաստանին սպասվում է միջազգային մեկուսացում։

Ստրատեգիական գործընկեր Ռուսաստանը հայտարարում է, որ Հայաստանը զբաղվում է շանտաժով։ Միջպետական, դիվանագիտական հարաբերություններում խիստ հազվադեպ են նման սուր գնահատականները։ Մի խոսքով, քանի կա այսօրվա իշխանությունը, Հայաստանը որեւէ լավ հեռանկար փայփայել չի կարող։Խոսեցինք տնտեսական, քաղաքական ճգնաժամերի մասին, սակայն ամենածանրը բարոյականության ճգնաժամն է։ Այն առկա է։

Որեւէ պետական մարմին բացարձակապես չի մտածում պետական շահերի մասին։ Նույնիսկ չեն մտածում տվյալ օրվա երեկոյան շահերի մասին։ Գերիշխում են միայն տվյալ պահի շահերը։ Կառավարության այս կեցվածքը ցույց է տալիս, որ այդ մարմնում հասկանում են՝ իրենց ժամերը հաշված են։ Դրա հետեւանքն էին վերջին հիստերիկ շարժերը ԱԺ արտահերթ նիստերում։ Դրանք անցան կանոնակարգի եւ օրենքների բացահայտ խախտումներով։ Հայաստանում օրենք խախտելը արդեն ամենօրյա նորմ է դարձել։ Նախընտրական շրջանում ես ասում էի՝ եթե Քոչարյանը ընտրվի, Հայաստանին իրավական քաոս է սպասվում։ Դրա բոլոր նախանշանները կան։ Ինքը՝ Քոչարյանը, բազմիցս խախտել է օրենքներն ու Սահմանադրությունը։ Օրինակները բազմաթիվ են։ Մի խոսքով, Հայաստանի երրորդ հանրապետությունն իր ամբողջ պատմության ընթացքում երբեք չի եղել նման անհեռանկարային վիճակում։

-Որեւէ ելք տեսնո՞ւմ եք։

-Այն ուժերը, որոնք առաջնահերթ խնդիրը համարում են ազատ, օրինական ընտրական ինստիտուտների վերականգնումը, պետք է համախմբվեն։ Պետք է բոլորը հասկանան՝ պետությունը ոչ թե անձերը, այլ քաղաքական ուժերը պետք է ղեկավարեն։

-Պարոն Շահնազարյան, իսկ կարո՞ղ եք կոնկրետ մեկ օրինակով նշել, որ իշխանությունը խախտել է օրենքը։

-Նախագահի առաջին հրամանագրերից մեկով որոշ մշակութային արժեքներ, որ Հայաստանում էին հայտնվել առաջին համաշխարհային պատերազմից հետո, վերադարձվեցին Գերմանիային։ Մի կողմ թողնենք հարցի քաղաքական եւ բարոյական կողմերը, խոսենք զուտ իրավական կողմի մասին. բացեք Սահմանադրությունը եւ կտեսնեք, որ նախագահը չունի նման լիազորություն։ Իրավական հիմք չունեին նաեւ նախագահի հրամանագրով հրավիրված ԱԺ վերջին արտահերթ նիստերը։ Այն նախագիծը, որ մի քանի օր առաջ մերժվել է, նորից մտցվում է խորհրդարան եւ հավանության արժանանում։

Միաժամանակ նախագահը հրաժարվում է կատարել օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները՝ ԱԺ արտահերթ նիստ չի գումարում, թեեւ կա պատգամավորների 1/3-ի ստորագրությունը։ Զարմանալի ոչինչ չկա։ Այս իշխանությունները նույնիսկ Սահմանադրության օրը չեն նշում։

Ազգային շահը պետական շահին հակադրելու փորձեր են արվում, ու չէի ասի, թե անհաջող։ Դա կործանարար ճանապարհ է։ Այսօր ամենամեծ ազգային շահը ժողովրդավարական, իրավական պետություն կերտելն է։ Նախագահ, կառավարություն եւ խորհրդարան՝ արժանի են միմյանց։

-Ժամանակին դրական կարծիք եք արտահայտել Հրանտ Բագրատյանի եւ բացասական՝ Վանո Սիրադեղյանի մասին։ Վերջերս մեկը մյուսին ծանր մեղադրանքներ ներկայացրին…

-Ես գնահատել եմ եւ մինչեւ հիմա էլ գնահատում եմ Բագրատյան վարչապետին, իսկ ինչ վերաբերում է այդ սկանդալներին, ապա թող նրանք խնդիրը պարզեն ավելի քաղաքակիրթ ձեւերով՝ առանց անձնականի։ Ինչ վերաբերում է Սիրադեղյանին, ապա ժամանակին, ավելի կոնկրետ՝ 1996 թ. նախագահական ընտրություններից հետո, ես հետեւողականորեն պահանջում էի ՆԳ եւ պաշտպանության նախարարների հրաժարականները։ Ասում էի՝ քանի դրանք իշխանության են, Հայաստանին լուրջ վտանգ է սպառնում։ Եվ ոչ միայն Հայաստանին, այլեւ՝ տարածաշրջանին։ 1996 թվականին եմ դեռեւս հայտարարել, որ Հայաստանի գլխին կախված է ռազմական հեղաշրջման վտանգը։ Դեպքերի զարգացումները հաստատեցին դա։ Այսօր, երբ ես խոսում եմ ընտրական ինստիտուտների վերականգնմամբ շահագրգիռ ուժերի համախմբման մասին, տեսնում եմ, որ ՀՀՇ-ն այդ կազմակերպությունների մեջ չէ։ Քանի դեռ ՀՀՇ-ում ներկայիս ղեկավարությունն է, բացառում եմ, որ այդ կազմակերպությունը քաղաքական վերակենդանացում ապրի։ Այն իրականում կշարունակի մնալ ներկայիս իշխանության ոչ բացահայտ, բայց ամուր հենարանը։

-Պրն Շահնազարյան, գլխավոր դատախազը վերջերս հայտարարություններ արեց, թե աղմուկ հանած որոշ սպանություններ առնչվում են, այսպես ասած, «28-ի գործին»։ Դուք, իբրեւ ԱԱՊՎ-ի նախկին ղեկավար, ի՞նչ տեսակետ ունեք։

-Դատախազության աշխատակից Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ մահափորձի գործով ժամանակին ձերբակալություններ կատարվել են։ Եթե չեմ սխալվում, եղել էր երկու դատավճիռ։ Այժմ քննությունն ընթացքի մեջ է։ Հույս ունեմ, որ քննչական մարմինները արդյունքների մասին տեղյակ կպահեն հասարակությանը։

Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031