Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԱՆԴՈՅԱՆԻՆ

Հուլիս 09,1998 21:07
Vasak Darbinyan

«Ի՞նչ է ուզում այս «Առավոտն» ինձնից»։

ԷԴՎԱՐԴ ՍԱՆԴՈՅԱՆ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար «Առավոտ», 8 հուլիսի 

«Առավոտի» աշխատակիցների պատասխանները խմբավորելով՝ պարզեցինք, որ պարոն Սանդոյանից մեր ակնկալիքները բավականին համեստ են։

ԱՄԱՌԱՆՈՑ ուզում են գրեթե բոլոր աշխատակիցները,

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ- 30 հատ,

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ-15 հատ,

ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎ կամ ԶԲՈՍԱՆԱՎ- 1 հատ,

ՈՒՂԵԳՐԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ- 30 հատ,

ՖԻՆԱՆՍՆԵՐ (առանց էկոնոմիկայի)- ընդամենը 30 մլն դոլար,

ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ- 20 հատ,

ԳՐԻՉ- 100 հատ,

ՄԱՏԻՏ- 50 հատ,

ՌԵՏԻՆ- 50 հատ,

եւ գրենական այլ պիտույքներ։

«ՊՐՈՍՎԵՏԼԵՆԻԵ»

«Արտաքին քաղաքականության… բնագավառում ակնհայտ է հստակեցում, այսինքն՝ հիմա արդեն որոշակիորեն հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված»։

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԺ նախագահ «Հայոց աշխարհ», 8 հուլիսի

Ի տարբերություն շատ-շատերի, նախկին վարչապետ եւ ԱԺ ներկա նախագահ Խոսրով Հարությունյանից ընդամենը տասը տարի պահանջվեց՝ որոշակիորեն հասկանալու, թե ինչի մասին է խոսքը՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։

«ՌՈԼԱՆԴԻ ԵՐԳԸ» ՇԱՐՔԻՑ

«Ռաբիսը մշակույթ է, բայց դա էլ չափ ունի։ Օրինակ՝ մի անգամ շուկայում մեկին լսում էի… Անունը չգիտեմ, բայց այնպիսի ահավոր ռաբիս էր, որ Արամ Ասատրյանն ականջիս Պավարոտտի դարձավ»։

ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ ՀՀ մշակույթի նախարար «ՀՀ», 7 հուլիսի

Թագավորները հնում դերվիշի շորեր էին հագնում եւ շրջում հասարակ ժողովրդի մեջ՝ իմանալու, թե ժողովուրդն ինչ է խոսում իրենց մասին։
Ռոլանդ Շառոյանն էլ, ահա, մշակույթի նախարարի շորեր է հագել եւ գնացել շուկա՝ ռաբիս երաժշտություն լսելու, իմանալու, թե մեր երգիչներից ով ինչ մակարդակ ունի… Ահա եւ իմացել է։ Համ էլ առեւտուր է արել, ասում են։

«ԵՐԿԻՐԻ» ԿԱՆՈՆՆԵՐԸ

«… գուցե տեղին է Հիմնադրամի («Հայաստան»- Վ. Դ.) արտաքին եւ հանրային կապերի պատասխանատու Ներսես Մկրտչյանի բաց նամակը «Փեշակդ ինչ ա՞» թեմայով, ուղղված նախկին պատասխանատուին՝ գրական միջավայրում բավականին հայտնի ստեղծագործող Տիգրան Պասկեւիչյանին։

… Այս ամենը, հավանաբար, չէր լինի, եւ անձնական հավակնությունները դրսեւորումներ չէին ունենա, եթե գիտակցվեր հասարակական մթնոլորտն աղտահանելու անհրաժեշտությունը»։

«Երկիր», 8 հուլիսի

Երկրի ճակատագրի հանդեպ ազնիվ մտահոգությամբ համակված «Երկիրը» գալիս է մեզ ապացուցելու, որ ի տարբերություն Տիգրան Պասկեւիչյանի՝ լինում են նաեւ գրական միջավայրից դուրս հայտնի եւ կամ գրական միջավայրում անհայտ ստեղծագործողներ, որոնք գրում են «Փեշակդ ինչ ա՞» թեմայով (ենթադրում ենք, որ սրբագրական վրիպակ է սպրդել. պետք է լիներ՝ «Փեշակդ հինչ ա՞») եւ քաջ գիտակցում են «հասարակական մթնոլորտը աղտահանելու անհրաժեշտությունը» (այստեղ իզուր վրիպակ մի փնտրեք. «ախտահանել» բառը ոչ թե «Երկիրում» է սխալ տպագրված, այլ հավանաբար մենք սխալ գիտենք)։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031