/6:5՝ 11- մետրանոցներով/
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բրազիլիան դուրս եկավ եզրափակիչ: Անխուսափելի հաջողության գրավականն էր, անտարակույս, այդ երկրի հայանպաստ դիրքորոշումը եւ մեր ժողովրդի հետ խորը հոգեւոր կապը, որը ստեղծվում է հեռուստասերիալների միջոցով: Սառը հոլանդացիների հաղթանակը միանգամայն բացառված էր. նրանք չունեն տնտեսական բարեփոխումներ անցկացնելու խնդիր, հարեւանների հետ բոլոր հարցերը լուծել են մի հինգ դար առաջ եւ, ամենակարեւորը, չեն կորցնում ջունգլիներում իրենց «մսային արքաներին»:
Իհարկե, դեպի հաջողություն տանող ճիշտ ճանապարհի վրա էին նաեւ Արգենտինան եւ Ռումինիան, որոնց ղեկավարներն այդ նպատակով այցելեցին Հայաստան: Սակայն առաջիններին չեմպիոն դառնալ խանգարեց այն, որ այդ երկրի նախագահը Երեւանում չհայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Էլ չենք խոսում Ռումինիայի ղեկավար Կոնստանտինեսկուի մասին: Լիսաբոնի գագաթաժողովի մասին նման ջերմ բառեր արտասանողը քառորդ եզրափակիչից ավելի երբեք չի գնա:
Իսկ աշխարհի չեմպիոն է դառնալու, անշուշտ, Ֆրանսիան: Այդ երկրի Ազգային ժողովը վաղօրոք ընդունեց ցեղասպանությունը, եւ մնացածը կախված է նրանից, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման որ տարբերակն է գերադասելու՝ փուլայի՞նը, թե՞ փաթեթայինը, այսինքն՝ հաղթելու է հիմնակա՞ն, թե՞ լրացուցիչ ժամանակում: Բայց եթե այս երեք օրվա ընթացքում դեսպան Միշել Լեգրան եւս մեկ անգամ նեղացնի մեր արտգործնախարարությանը, ապա Ֆրանսիան կհաղթի 11 մետրանոց հարվածներով: