Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՄ-Ն ԵՐԿՈՒՍ Է ՍՏԱՑԵԼ

Հուլիս 08,1998 00:00

ԳՄ-Ն ԵՐԿՈՒՍ Է ՍՏԱՑԵԼ Ըստ որոշ աղբյուրների, հուլիսի 10-ին սկսվելիք ՀՅԴ հայաստանյան կառույցի Գերագույն ժողովի նախօրեին դաշնակցական կոմիտեությունները գնահատականներ են տալիս ՀՅԴ Գերագույն մարմնի գործունեությանը։ Երեւանի ՀՅԴ կառույցներից առնվազն երեքը, որոնք տեղաբաշխված են Զեյթուն, Նորքի զանգվածներ եւ Ավան թաղամասերում, ԳՄ վերջին երկու տարիների աշխատանքը գնահատել են անբավարար։ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Ուրարտու» մաքսային պահեստում 1 տոննա բեռի բեռնաթափումը կատարվում է ոչ թե 500 դրամով՝ ինչպես սահմանված է պետական գնացուցակով, այլ 50 դոլարով, ինչպես թելադրել են շուկայական հարաբերությունները։ Վաճառականների միության նախագահ Մակիչ Դեմիրյանը, ի պատասխան մեր թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է այդպես, ասաց. «Դե, մենք ապրում ենք հայկական իրականության մեջ։ Թղթի վրա գրվում է մի բան, վճարում ես բոլորովին այլ բան»։ Հետաքրքիր է, թե ո՞ր բյուջե են մուտք գործում սահմանվածից 50 անգամ ավելի վճարումները… Ի դեպ, երեկվա «Առավոտում» նշված է, որ հիշյալ պահեստը գտնվում է մսի կոմբինատի տարածքում, իսկ կոմբինատի տնօրենը ՀՀ վարչապետի հայրն է։ ՊԸ՞ՐԾ «Մի՞թե վերջին նիստն էր սա»,- ուրախությունը թաքցնել չկարողանալով հարցրեց «Առավոտի» խորհրդարանական թղթակիցն ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին։ «Հուսով եմ, որ այո»,- պատասխանեց նա։ Փոքր-ինչ վերապահ պատասխանը կասկածի տեղիք տվեց, թե արձակուրդի ընթացքում հնարավոր են այլ արտահերթ նստաշրջաններ։ «Կաշխատենք խուսափել այդպիսի բաներից,- խոստացավ պրն Հարությունյանը,- ենթադրում եմ, որ նիստերի ընդգծված անհրաժեշտություն չի լինի։ Վարչապետի հետ ենք այդ մասին բանակցել։ Իհարկե, կառավարությունը որոշ օրինագծեր ունի, որոնք հրատապ է համարում, բայց, կարծում եմ, մեզ կհաջողվի ձեռնպահ մնալ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել