Կառավարության շենքի մոտ հավաքված աղքատ ու անատամ, հոգնած ու տառապած մարդկանց հերթական բողոքող խմբին տեսնելով՝ ակամա հիշեցի ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի նախընտրական ճառերից մեկը. «Բոլոր հանցագործություն կատարողները կամ պատվիրողները պատժվելու են։ Բոլոր տնտեսական հանցագործություն կատարողները պետք է պատժվեն, բայց չպիտի ստեղծվի հեղափոխական մթնոլորտ։ Չպիտի ամեն մեկն իր հարեւանի մեջ թշնամի փնտրի։ Այս ամեն ինչը պետք է կատարվի օրենքով, օրենքի սահմաններում, բայց չպիտի դառնա պատճառ ամբոխի տրամադրության, որովհետեւ մենք լուրջ կվտանգենք մեր տնտեսությունը։ Հայաստանում ոչ ոք կոպեկ չի ներդնելու, եթե վստահ չլինի, որ ինքը կարող է իր մեկ դոլարի տերը դառնալ։ Ուզում ենք աշխատատեղեր ունենալ, մեր արդյունաբերությունը զարգացնել, մեր մանր ու միջին բիզնեսը զարգացնել, ուրեմն պետք է այդ հարցերը վստահենք նոր ընտրված իշխանություններին…»։
Հանրապետության երբեմնի հսկաներից մեկը՝ «Լույս» արտադրական միավորումն այսօր սնանկ է ճանաչվել։
«Լույս» ա/մ աշխատողներն արդեն մի քանի տարի է աշխատավարձ չեն ստացել։ Կառավարության շենքի մոտ հավաքվել էին նրանք, օրեր առաջ (հունիսի 24-ին) ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանին բերած իրենց նամակի պատասխանն ստանալու։ Նամակը նրանք հանձնել էին աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանին, որը խոստացել էր, որ պատասխանը կլինի հուլիսի 7-ին, ժամը 14-ին։ Այդ օրը երեկ էր։ Մարդիկ սպասում էին, եւ մինչ գործարանի տնօրեն պրն Գասպարյանը մենակ, առանց բողոքողների ներկայացուցիչների մտավ կառավարության շենք, մենք զրուցեցինք բանվորների հետ.
«Գործարանում եմ 40 տարի, կինս մահացավ, թաղելու փող չունեի։ Դիմեցի, որ 2 տարուց ավելի չվճարած աշխատավարձս տան, չտվեցին։ Ասացին՝ սպասիր։ Բա մեռելը կսպասի՞»։ «Գործարանը սկսեց չաշխատել 1993-ից՝ Սաքոյանի օրոք։ Սարքավորումները վաճառեցին, հոսքային գծերը Իրան տարան, «կիսլառոդնի ստանցիան» արկղերը չբացած՝ հանձնեցին պարսիկներին։ Երեք օր ժողովուրդը կանգնեց՝ չէր թողնում, որ տան, բայց վերջը տարան»։
Գործարանի գլխավոր ինժեներ պրն Աղաբաբյանի հետ զրույցից իմացանք, որ անցած տարվա վերջից գործարանը չի աշխատում, չկան շրջանառու միջոցներ, կան հին, կուտակված պարտքեր։ Գործարանի երկու մանկապարտեզները պարտքերի դիմաց տրվել են բանկերին։ Սակայն հարցերն այս ձեւով լուծելուն (բանվորների բողոք) գլխավոր ինժեները դեմ է, որովհետեւ «գործարանի ղեկավարությունը մշակել է ծրագիր, որով ցույց էին տրված այն աշխատանքները, որոնք պետք է կատարվեն, որ գործարանն աշխատի»։
Կարդացեք նաև
Գործարանի տնօրեն պրն Գասպարյանն ինձ հետ զրուցելուց առաջ ասաց, թե ինքը «մի տականք լրագրողի արդեն դատի է տվել՝ ավելորդ բառեր ասելու համար»։ Հետո էլ ինձ զգուշացրեց, որ ոչինչ չգրեմ, իսկ եթե գրեմ, ապա, ըստ տնօրենի՝ «մեր հարաբերությունները շատ ուժեղ կվատանան»։ Իմ այն հարցին, թե ի՞նչ հարաբերություններ նկատի ունի նա (մենք առաջին անգամ էինք հանդիպում), պրն տնօրենը պատասխանեց՝ մարդկային։
Տնօրենը մեծ ջանք էր գործադրում կառավարության շենքի մուտքից իր գործարանի բանվորներին հեռացնելու եւ շատրվանների մոտ տեղափոխելու համար (անավանդ քիչ առաջ շենք էր մտել ՆԳ եւ ԱԱ նախարարը, որն ամեն վայրկյան կարող էր դուրս գալ, ինչը եւ իրոք կատարվեց)։ Իսկ բանվորներին չէր բավարարում այն, որ նամակի պատասխանը հայտնել են ոչ թե իրենց, այլ՝ տնօրենին. եւ անպայման ուզում էին, որ իրենց ներկայացուցիչները հանդիպեն վարչապետին։ Ի վերջո, բանվորների մի փոքրիկ խումբ իրավունք ստացավ ներս մտնել։ Առայժմ հայտնի չէ, թե նրանց ինչ են պատասխանել։
«Լույս» ա/մ 2500 հոգիանոց կոլեկտիվն ընդամենը երկու պահանջ ունի։ Այն է՝ վճարել վաստակած աշխատավարձը եւ աշխատանքով ապահովել։ Հակառակ դեպքում՝ բանվորները խոստանում են 2500 մարդով նստել բողոքի ցույցի եւ «փակել Թիֆլիսի շոշեն» (Թբիլիսյան խճուղի- Մ. Ե.)։
Այսպիսով, կփակվի նաեւ Սեւանում հանգստանալ ձգտող բազմաթիվ մեծ ու միջին պաշտոնյաների ճանապարհը։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ