Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԻՐԱՆԻ ՄԹԵՐՄԱՆ ԳՈՐԾԸ ՁԱԽՈՂՎԵՑ

Հուլիս 08,1998 01:30

«Հայկական պտղի» այսպիսի առատություն լինում է 10 տարին մեկ. մոտավոր հաշվարկներով՝ 10-15 հազար տոննա

Կառավարական մակարդակով անտարբերություն

Ծիրանը ունիկալ մշակաբույս է (լատիներեն անվանումն է «արմենիկա»), որը մեզ մոտ՝ Հայաստանում, 6-7 տարին մեկ է առատ բերք տալիս, եւ այս տարի այդ տարին է։ Եվ միաժամանակ հասունացող ու շուտ փչացող այս պտղի իրացումը թողնել շուկայի եւ աշխատող մենևմիակ գործարանի (Արմավիրի պահածոների գործարան) հույսին, կնշանակի հանցավոր անփութություն, կառավարական մակարդակով անտարբերություն, որքան էլ վարչապետ Արմեն Դարբինյանը խոսի գյուղմթերումների կարեւորության մասին։

Այսպիսի կարեւոր ու հրատապ բերքահավաքի օրերին, երբ պետք էր ամենաբարձր մակարդակով «շտաբ» կազմել, հավաքել ճյուղի բոլոր պատասխանատուներին, գյուղնախարարության, Հայկոոպի, բանկի աշխատողներին, գործարանների տնօրեններին, եւ օպերատիվ միջոցառումներով փրկել դրությունը, պահուստային ֆոնդերից գումար տրամադրել վերամշակող գործարաններին, ոչինչ չի արվում։ Չէ՞ որ հեղեղի, աղետի դեպքում միջոցներ գտնվում են, ինչո՞ւ այս դեպքում եւս սրտացավ մոտեցում չցուցաբերել, առավել եւս՝ սա այն միջոցառումն է, որը անպայման շահույթ կբերի, ու կշահեն բոլորը. շուկայի վերավաճառողին 20 դրամով իր բերքը հանձնող գյուղացին, բերքահավաքի այս եռուն օրերին գործարանի դուռը փակած տնօրենը, հայաստանցի սպառողը։ Բոլորը։

Իսկ գյուղնախարարն արտասահմանում է

Ծիրանի «հետքով» գնացող լրագրողին մեկ շաբաթ առաջ գյուղատնտեսության նախարար Վլ. Մովսիսյանի քարտուղարուհին ասաց, որ նախարարը արտասահմանում է, մի երկու օրից կգա, բայց հավանաբար լրագրողի չի կարող ընդունել, քանի որ նորից է արտասահման գնալու։ Եթե պարոն նախարարը արտասահմանյան փորձն է ուսումնասիրում, ուրեմն պիտի ասել, որ ծիրանի «բախտը չբերեց», գուցե հացահատիկի, կարտոֆիլի, լոլիկի, խաղողի իրացումը, մթերումը հնարավոր կլինի կազմակերպել։

Բայց երեւի գյուղնախարարությանը մեղադրելը սխալ է, քանի որ այս գործում առանց ֆինանսական ներդրման ոչինչ անել չի կարելի։ Մոտ երկու ամիս գյուղնախարարություն ելումուտ անելիս այն տպավորությունն եմ ստացել, որ նրանք «հին ադաթից» ընկել են, նորն էլ՝ չեն գտել։ Հիշո՞ւմ եք Օստապ Բենդերի՝ փող աշխատելու 400 համեմատաբար ազնիվ միջոցներից մեկը. Բենդերը մի կինոստուդիայի փորձում է սցենար վաճառել։

– Ես համր ֆիլմի սցենար եմ բերել։

– Համր ֆիլմի ժամանակներն անցել են։

– Ես հնչուն ֆիլմի սցենար էլ ունեմ։

– Հնչուն ֆիլմի ժամանակները դեռ չեն եկել։

Եթե իմ պատկերացումները այս հիմնարկի վերաբերյալ սխալ են, ներողություն եմ խնդրում, բայց մի բան պարզ է. մասնավորի հետ աշխատելու նրանց մեխանիզմները այնքան էլ հստակ չեն։ Օրինակ՝ նախարարության Պարենի մարքեթինգի վարչությունը, վարչության պետ պրն Միքայել Գրիգորյանի ասելով, կոչված է նոր պայմաններում այդ ոլորտի մեջ քաղաքականություն մշակելու, գործարար ծրագրեր մշակելու հարցում գործարարներին աջակցելու եւ այլն, եւ այլնի համար։ Իսկ երբ հարցնում ես, թե ինչո՞ւ ա՛յս, ա՛յս մթերող գործարանները չեն աշխատում, պատասխանում է.

– Մասնավոր է, ես ի՞նչ կարող եմ անել։

Եվ ինքը ճիշտ է, քանի որ այստեղ ավելի բարձր մակարդակի, կառավարական մոտեցում է պետք։ Բայց երբ փորձում ես ճշտել, թե կառավարությունում ով է զբաղվում այդ խնդրով, անմիջապես մատնացույց են անում գյուղնախարարությանը։

«Մենք շնչահեղձ ենք լինում»

Կառավարության ագրարային վարչությունը այլեւս չկա, եւ հիմա կոչվում է Տնտեսական ենթակառուցվածքների եւ գյուղատնտեսության վարչություն։ Վարչության պետ պրն Օհանյանը առաջարկեց ինձ հետաքրքրող խնդրով դիմել ագրարային գծով մասնագետ Արաքսյա Մարգարյանին, վերջինս էլ «ավելի ստույգ տեղեկություն իմանալու համար» տվեց վարչության պետ Ալֆրեդ Խաչատրյանի հեռախոսի համարը։ Գյուղնախարարության երկրագործության վարչությունը հիմա շատ երկար անվանում ունի. բուսաբուծության, սերմնաբուծության եւ տնկարանային տնտեսության կազմակերպման վարչություն։ Պրն Ալֆրեդ Խաչատրյանն ասաց, որ իրենք շնչահեղձ են լինում, քանի որ մայիսի վերջին արդեն նախատեսել էին ծիրանի բերքի այս ծավալները, նախապատրաստել են փաստաթուղթ, որով կառավարությանն առաջարկել էին, թե որքան գնում կարելի է կազմակերպել, ու դրանից ավելի ոչինչ ի վիճակի չեն անելու։

– Երեք տարի է՝ այս պրոբլեմը կա. գործարանները (մասնավորապես Շիրազլուի, Արտաշատի գործարանները) ի վիճակի են աշխատելու, բայց չեն աշխատում, քանի որ ֆինանս չունեն։ Եթե նրանց վարկ տրվեր, այս ահավոր վիճակը չէր լինի։ Եթե գործարաններին վարկ տային, ու նրանք կարողանային գոնե 30-40 դրամով գյուղացուց վերցնել բերքը, թեկուզ՝ 3000 տոննա, մնացածը շուկայի, արտահանման (որի ծավալները տարեցտարի աճում են) միջոցով կսպառվեր, եւ այսօրվա խայտառակ պատկերը չէր լինի։ Պարոն Խաչատրյանը այլ ելք էլ է առաջարկում. եթե Հայկոոպը կարողանար իրականացնել ծիրանի թորում (ապրանքային տեսք չունեցող, էժան մթերքով), կունենար ամենահրաշալի եւ ամենաէժան օղին, ու կառաջարկեր հայ սպառողին, որը հրապարակի վրա եղած էժան ու անորակ օղին է գնում։

Գյուղմթերքների համար նախատեսված վարկը սառեցվել է

Գյուղնախարարության արտաքին կապերի գծով փոխնախարար Իշխան Մարտիրոսյանը իմ այն հարցին, թե արդյոք գյուղմթերքների հաշվով վարկեր չկան տրամադրված, ասաց, որ եղել է մեծածախ շուկայի վարկ՝ Եվրոբանկի կողմից տրամադրված, 11 մլն դոլարի չափով, որից 3,5 մլն-ը նախատեսված է եղել գյուղմթերումների համար։ Բայց անցյալ տարվա վերջերին վարկը սառեցվել է։

– Ինչո՞ւ։

– Բացատրությունը հարցրեք ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Մուրադյանից։ Որքան ես գիտեմ, կոմերցիոն վարկ էր, բարձր տոկոսադրույքով, բացի դրանից, գումարը փոքր էր, այդ գումարով մեծածախ շուկայի հարցը հնարավոր չէր լուծել, ուստի սառեցվեց։ Մի հարց է ծագում միայն. եթե մեր աչքի առաջ ծիրանի պես որակյալ մշակաբույսի մթերումը ձախողվեց, եւ նույն ճակատագրին են արժանանալու մյուս պտուղևբանջարեղենները, վարկը սառեցնելուց մեր պետությունը շահե՞ց, թե՞ տուժեց։

Գյուղացուն քանի՞ անգամ կարելի է խաբել

Պարենի մարքեթինգի վարչության պետի տվյալներով, Արմավիրի պահածոյի գործարանը աշխատում է շուրջօրյա եւ երեկվա դրությամբ 330 տոննա ծիրան է ընդունել, բոլոր արտադրամասերն աշխատում են շուրջօրյա։ Վարչության պետը զարմանք է հայտնում, թե ինչու գյուղացիներն իրենց փչացող մթերքը չեն հանձնում գործարան։ Նախ, մի գործարանը ինչքա՞ն կարող է ընդունել, եւ երկրորդ, գյուղացիները ծիրան տան, փոխարենը ի՞նչ վերցնեն. ջե՞մ, պովիդլո՞, վերցնեն ի՞նչ անեն, կամ եթե ապառիկ հանձնեն, քանի՞ տարի հետո կարող են ստանալ։ Չէ՞ որ հայ գյուղացին խաղողի, պոմիդորի՝ գործարան հանձնելու դառը փորձն արդեն ունի։ Եվ հետո, կասկած է հարուցում այն տվյալը, թե ծիրանը գործարան է ընդունվում 40-45 դրամով, այն դեպքում, երբ ապրանքային տեսք ունեցող մթերքի շուկայական միջին գինը 30-40 դրամ է։

Ճղակոտոր ծառեր

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» հայկական առածը այս օրերին բոլորի շուրթերին է. գերբեռնված ծառերն ամեն երեկո թափահարվում են ուժեղ քամուց, վերջում էլ անձրեւը ծանրացնում է բերքը, եւ ծառերը ճղակոտոր են լինում ծանրությունից։ «Ծառերը հարբած են, երեխեք, զգույշ եղեք, կարող են ձեր վրա ընկնել»,և զգուշացնում են այգետերերը երեխաներին։

Ծառերի կոտրվելը եւս դժվար կորուստ է, քանի որ առանց այն էլ հանրապետությունում 1000- 2000 հեկտար այգիներ էներգետիկ ճգնաժամի, ոռոգման ջրի ընդհատումների պատճառով շարքից դուրս են եկել, հատկապես Հոկտեմբերյանի, Բաղրամյանի շրջաններում։

Թեեւ վաղուցվանից «ծիրանի պասպորտիզացիա» չի եղել, բայց պրն Խաչատրյանի մոտավոր հաշվարկներով՝ հանրապետության տարածքում կա 3500-4000 հեկտար ծիրանի ոչ լիարժեք այգի։ Ծիրանի իրացման կարեւոր գործի տապալումը հուսահատեցրել է գյուղացուն, եւ նա աշնանը կերկմտի՝ թողնե՞լ, թե՞ քանդել ծառերը։

Իր աչքի առջեւ փչացող ծիրանն ափսոսալով, այգետերը, փոխանակ ուրախանալու բերքի առատությամբ, բարձրաձայն մտածում է. «Երանի էս բերքի կեսը տար, բայց կարողանայի վաճառել, ոտքի տակ չգնար, ափսոս է»։

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031