Լրահոս
Օրվա լրահոսը

ԳիԱրՔՄի առաջին դեմք, մեր խոնարհ ծառա Աղամալյանը

Հուլիս 08,1998 00:47

Առաջիկա տասը օրերում ստեղծվելիք Քաղաքական խորհրդի, դրա կազմում ՀՀՇ եւ «Շամիրամ» կուսակցությունների աննպատակահարմարության, էլեկտրաէներգիայի սակագների սահմանման սխալ քաղաքականության եւ սրանց շուրջ էր ԳիԱրՔՄի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանի երեկվա ասուլիսը։

Քաղաքական խորհրդի ստեղծման հրամանագիրն արդեն կա։ Այդ խորհրդում ներգրավված են 12 քաղաքական եւ 2 հասարակական կազմակերպություններ։ Հիմնականում խորհրդարանական կուսակցություններ են, որոնք սատարել են Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելուն։ «Դրանք այն կազմակերպություններն են, որոնք 95 թվականի խորհրդարանական արդար ընտրությունների դեպքում կլինեին խորհրդարանում»։ Ի տարբերություն ԱԺՄ-ի (որն ունի մեկ պաշտոնյա` Դավիթ Վարդանյան, խորհրդարանում՝ խմբակցություն- Լ. Ա.)՝ ԳիԱրՔՄի-ն լծակներ չունի եւ իր ողջ հույսը դնում է այս խորհրդի ստեղծման վրա։ Բայց այս խորհուրդը դեռ չձեւավորված՝ արի ու տես, որ թե՛ ՀՀՇ-ն, թե՛ ԱԺՄ-ն արդեն փորձում են ձեւավորել մի կարծիք, որ այս խորհուրդը ի սկզբանե դատապարտված է։ Դրա ստեղծմանը խանգարում են նաեւ (ըստ Աղամալյանի) կառավարության որոշ օղակներ։ Բացի այդ, որոշակի բարդություն է ստեղծում նաեւ կանոնադրության մեջ չարձանագրելը, թե խորհրդի նախագահը նույն ինքը ՀՀ նախագահն է (չնայած նախագահն իր համաձայնությունը տվել է)։

Ի դեպ, խորհրդի անդամ բոլոր կուսակցությունները պետք է ներկայացվեն առաջին դեմքերով («Առավոտի» այն հարցին, թե ով է ԳիԱրՔՄի 1-ին դեմքը, պրն Աղամալյանն ասաց՝ «Ձեր խոնարհ ծառան՝ ես»)։ Պրն Աղամալյանն իր դժգոհությունն արտահայտեց, որ այդ խորհրդում ընդգրկված են նաեւ ՀՀՇ-ն ու «Շամիրամը»։ Բայց նա այս քայլը վերագրեց նախագահի խոհեմությանը՝ «որպեսզի վրեժխնդրության պատրվակներ չլինեն»։ Այլ բան է, որ այդ կազմակերպությունների կողմից բարոյական չէ մտնել խորհուրդ, քանի որ «դա խորհրդատվական մարմին է, որը պետք է օգնի կողմնորոշվել նախագահին։ Բայց չէ՞ որ ՀՀՇ-ն 8 տարի խորհուրդներ էր տալիս, որոնք հասցրին մեր երկրի տնտեսության քայքայմանը, տնտեսական եւ քրեական հանցագործությունների աճին, Ղարաբաղի կորստին»։ Պրն Աղամալյանը ՀՀՇ-ն համարեց ոչ ընդդիմություն, քանի որ ՀՀՇ-ն չի ընդդիմանում… Կոնյակի գործարանի հարցի այսօրվա քննարկումն էլ այնքան հասկանալի չէ հռետորին։

Մի խոսքով, ՀՀՇ-ին ձաղկելը պրն Աղամալյանի խոսքի աղն էր։ «Առավոտի» եւ «Հայքի» որոշ հրապարակումների էլ անդրադարձավ նա եւ ի պաշտպանություն իրեն՝ հայտնեց, որ 91-93 թվականներին աշխատել է Հատուկ ծրագրերի վարչությունում, ղեկավարել իրազեկավերլուծական դեպարտամենտի աշխատանքները։ «Այդ տարիներին մենք հաղթանակներ էինք տանում ոչ միայն ռազմադաշտում, այլեւ քարոզչության եւ դիվանագիտության մեջ»։

Դմիտրի Ադբաշյանի եւ Աղասի Արշակյանի հրապարակումները պրն Աղամալյանը նաեւ իր կարծիքը համարեց. «Իրո՛ք, քաղաքացիական ավիացիայում տարվող քաղաքականությունը կործանարար է եւ կարող է տանել ավիացիայի կորստին»։ ԳիԱրՔՄի առաջին դեմքը բավական ուրախ էր, որ կառավարությունում քննարկվում է «Արդյունաբերության եւ առեւտրի նախարարի ստրուկտուրայի փոփոխման շուրջ», սակայն ցավում էր, որ իր պատրաստակամությունը՝ մասնակցել այդ աշխատանքին, չի հաջողվում. «Այդ ամենն արվում է կուլիսների հետեւում։ Չի ներգրավվում ԳիԱրՔՄի-ն»։

Այստեղից սահուն անցում անելով էներգիայի բնագավառին՝ ասաց, որ էներգետիկայի հանձնաժողովից ստացել են էլեկտրաէներգիայի արժեքի գնագոյացումը։ Ստանալով այդ հաշվարկները՝ դրանք վեր են լուծվել. «Միայն նվազեցնելով ՋԷԿ-երի ծախսերը, վերակառուցելով արտադրողևսպառող կապը, կրճատելով վարչակազմը՝ էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է նվազեցնել մինչեւ 17-18 դրամ»։ Ավելի հիմնարար փոփոխություններից հետո կարելի է մի քանի ամսվա ընթացքում գինն իջեցնել մինչեւ 13 ու մի քիչ դրամի։ ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահը հայտնեց նաեւ իր պատրաստակամությունը՝ մասնակցել ցանկացած բանավեճի։

Պատասխանելով լրագրողներիս 1-2 հարցերին (ավելին չառաջացան), պրն Աղամալյանը Քաղաքական խորհուրդը համեմատեց Անվտանգության խորհրդի հետ, ասաց, որ խորհրդի կազմը հաստատում է նախագահը եւ որ խորհուրդը քննարկելու է պետության համար ցանկացած կարեւոր հարց։ Ի դեպ, Քաղաքական խորհրդին կից՝ ստեղծվելու է տնտեսագիտական հանձնաժողով։ Այս պարագայում էլ է ԳիԱրՔՄի-ն պատրաստ իր ուսերին վերցնել առաջինը լինելու ողջ ծանրությունը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031