Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՓԱՍՏԵՐ ՈՒՆԻ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՀՅԴ-Ի ԴԵՄ

Հուլիս 08,1998 00:28
gexam manukyan

«Ազատություն» կուսակցության հունիսի 30-ի հայտարարության մեջ պնդվում էր «օրեցօր ավելացող դաշնակցական-տնտեսական օբյեկտների, մասնավոր սեփականատերերից խլվող շենքերի, երեխաների ճամբարների, տնտեսվարող սուբյեկտների դաշնակցականացման, երկրի ղեկավարության մակարդակով սրանևնրան շենքեր ու տարածքներ հանձնելու մասին»։

Այս ամենի հիմնավորում որպես՝ «Ազատություն» կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Նազարյանն ասաց. «Մենք ինչ որ ասել ենք Դաշնակցության հասցեին՝ դրա տերն ենք։ Դաշնակցականներին հատկացրել են շենքեր։ Դաշնակցականներին հատկացրել են պաշտոններ։ Դաշնակցականներին հատկացրել են եկամտաբեր հիմնարկներ։ Էլ ի՞նչ ասեմ։ Մի օրինա՞կ, խնդրե՛մ: Երեւանի ֆոնդային բորսային հատկացվել է տարածք։ Ան- հա-տո՛ւյց։ Հանրապետության նախագահի որոշմամբ, Հանրապետության փողոցի թիվ 5բ վարչական մասնաշենքի 1-5-րդ հարկերն անհատույց օգտագործման համար հանձնվել են Երեւանի ֆոնդային բորսային, որի ղեկավարը դաշնակցական է»։

Արդյոք իրոք նաեւ «Սեդ Մարսեդ» ընկերության ղեկավար Սեդրակ Սեդրակյանը դաշնակցակա՞ն է։ Մեր այս հարցն ուղղված էր արդեն ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին (լուսանկարում). «Ուղղակի մի փաստ ներկայացնեմ. որ Սեդրակ Սեդրակյանը չէր կարող կուսակցական լինել,- պատասխանեց նա,- Սեդրակ Սեդրակյանը մի քանի տարի է, ինչ ֆոնդային բորսայի նախագահ է, իսկ նույն Հրանտ Բագրատյանի չափի՜ց դուրս ժողովրդավար, չափի՜ց դուրս արեւմտյան չափանիշներով ապրող եւ հումանիստ անձնավորության վարչապետության ժամանակ, եթե նույն Սեդրակ Սեդրակյանը դաշնակցական լիներ, եւ այդ մասին նվազագույն կասկածն անգամ ունենային Հայաստանի այդ ժամանակվա վարչախմբի կարկառուն դեմքերը, Սեդրակ Սեդրակյանն առնվազն աշխատանքից կազատվեր, իսկ ծայրահեղ դեպքում՝ քրեական որեւէ պատասխանատվության կենթարկվեր։ Բայց կարող եմ պաշտոնապես հայտնել Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անունից, որ Սեդրակ Սեդրակյանը ոչ միայն դաշնակցական չէ, այլ որեւէ հարաբերություն չի ունեցել եւ չունի ԳՄ-ի կամ դաշնակցության այլ մարմինների հետ»։

Ի դեպ, Դաշնակցությանը հատկացված շենքերի վերաբերյալ պնդումներից մեկն էլ «Հայձուկ» միավորման շենքը նրանց հատկացնելուն էր հանգում։ Գեղամ Մանուկյանը հստակեցրեց, թե շենքն իրենց ինչ պայմաններով է հանձնվել. «Նախ, «Հայձուկը» պետական հիմնարկություն է, եւ դրա շենքն ամբողջապես կառավարության հաշվեկշռում է։ Երկրորդը, այս շենքը պատմական հուշարձան է եւ ըստ սեփականաշնորհման մասին օրենքի՝ ենթակա չէ մասնավորեցման։ Այդ պատճառով, այն Դաշնակցությանն ուղղակի վարձակալության է տրված։ Ինչպես եւ նախկինում՝ դեռ 1992-ին տրվել էր Եզնիկ Կողբացու 50 ա հասցեում գտնվող շենքը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի 1994-ի հայտնի հրամանագրից հետո բռնազավթվեց եւ ավերվեց։ Ընդհանրապես, Բագրատյանի հայտարարության պնդումը «դաշնակցական-տնտեսական օբյեկտների» մասին՝ շատ խոսուն վկայությունն է այն մտայնության եւ պատկերացումների, որ մազաչափ անգամ մոտ լինելով իշխանությանը՝ կարելի է ցանկացած տնտեսական օբյեկտ ձեռք գցել, մի քանի սերտիֆիկատով պանրագործարաններ սեփականաշնորհել, ինչպես անում էր Բագրատյանն իր մերձավորների համար։ Այդ պատկերացումներն են, որ սարսափելի են»։

Մերկապարանոց չլինելու համար, Գեղամ Մանուկյանին էլ խնդրեցինք փաստարկել, հիմնավորել իր այս վերջին հայտարարությունը. «Մեր տեղեկությունների համաձայն, եւ դա նաեւ մամուլում է հրապարակվել. Սիսիանի պանրագործարանը Բագրատյանի հոր անունով էր սեփականաշնորհվել։ Կարելի է մանրամասնել նաեւ նրա եղբոր կապերը գորգագործության հետ։ Նրա մերձավոր շրջապատի կարկառուն նախարարներից Արմենակ Ղազարյանի գործունեությանը հիմա չեմ ուզում անդրադառնալ կամ այժմ ընթացող Ռուդոլֆ Թեյմուրազյանի դատավարությանը։ Այսօր կարելի է հետեւել Բագրատյանի շրջանի մի քանի նախարարների գործունեությանը, որոնք նախապես այդ կապիտալը չունեին, որ այսօր՝ տնտեսական մեծագույն հնարավորություններով, բիզնեսով են զբաղվում»։

Վերջում նշենք, որ Վանո Սիրադեղյանը չէր ցանկացել, որ ոչ ինքը, ոչ էլ ՀՀՇ-ից որեւէ մեկը նախապես պատասխանի Հրանտ Բագրատյանի ներկայացրած փաստարկներին. «Թող հրապարակվի՝ նոր»,- ասել էր նա։ Եվ ուրեմն, այս ամենը գուցե դեռ շարունակություն ունենա։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031