Ասաց Ալբերտ Բազեյանը
Այս մի հերթական արտահերթ նստաշրջանն էլ ավարտվեց, եւ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց բոլորին ու հատկապես Սադոյանին։ Չնայած վերջինիս համառ դիմադրությանը՝ հաստատվեց համայնքային զարգացման ծրագիր։
Երկրորդ փորձից, բայց ամբողջությամբ՝ ընդունեցին նաեւ հաստատագրված վճարների մասին օրենքը։ Այն անցկացնելու համար կառավարությունը համաձայնեց պատգամավորների գրեթե բոլոր առաջարկներին, խոստացավ 20 %-ով ավելացնել միայն Երեւանի կենտրոնում գտնվող կրպակների վճարները, իսկ ծայրամասերում՝ 10 %-ով պակասեցնել։ Ուստիեւ, այսուհետ ձեռնտու կլինի գնումները ծայրամասերում կատարել։
Այս նստաշրջանում ընդունված այդ վերջին օրենքի շուրջ էր մեր զրույցը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանի հետ, որը վերջերս ԱԺ-ում ավելի շատ ժամանակ էր անցկացնում, քան իր աշխատավայրում։
Կարդացեք նաև
– Կարելի է արձանագրել, որ Դուք վերանայել եք խորհրդարանի հետ խոսելու Ձեր ոճը։ «Հաստատագրված վճարների մասին» օրենքն արդեն երկրորդ անգամ ներկայացնելիս Դուք անընդհատ երախտիքի խոսքեր էիք ասում պատգամավորներին։
– Ես երբեք իմ խոսելաոճը չեմ փոխում, միշտ նույն ձեւով եմ խոսում։ Եթե կառուցողական համագործակցության միտումներ կան, եթե մարդիկ պատրաստ են աշխատել, այլ ոչ թե քաղաքական եւ այլ շահարկումներ անել՝ ինչո՞ւ շնորհակալություն չասենք։ Այս դեպքում մենք նաեւ փոխզիջումների ենք պատրաստ՝ եթե մասնագիտական հիմնավորումներ կան։ Իսկ եթե դարձյալ անտրամաբանական վերաբերմունք լինի այն աշխատանքի նկատմամբ, որ մենք անում ենք՝ առաջիկայում ես էլի ինձ կդրսեւորեմ։ Այդպիսի մարդ եմ, ներող կլինեք։
– Օրինագիծը երկրորդ անգամ ԱԺ-ին ներկայացնելուց առաջ այն էական, արմատական փոփոխությունների՞ էիք ենթարկել։
– Ոչ։ Ուղղակի հաշվի էինք առել հանձնաժողովի եւ մոտ 9-10 պատգամավորների առաջարկները։ Օրենքի տրամաբանությունը չփոխվեց. տեքստը 99 %-ով նույնը մնաց։ 3-4 թվեր են փոխվել, որոնց միջոցով օրենքի սոցիալական ուղղվածությունն ավելի ամրապնդեցինք։ Վերանայեցինք փոքրագույն բիզնեսի նկատմամբ մոտեցումները։ Ես գոհ եմ, օրենքի այս տարբերակն ավելի լավն է, քան սկզբնականը։
– Ե՛վ այս օրենքի, ե՛ւ խորհրդարանում վերջին շրջանում այլ քննարկումներից ստացած Ձեր տպավորությամբ որքանո՞վ է մեր ԱԺ-ն ենթակա տնտեսական տարբեր ուժերի լոբբինգին։ Համաձա՞յն եք, որ տնտեսական շահախնդրություններն այժմ անգամ բացահայտ են դրսեւորվում։
– Աշխարհի բոլոր խորհրդարաններն են տնտեսական լոբբիզմի թելադրանքով գործում։ Ես նորմալ եմ համարում այդ երեւույթը, եթե այն հանցագործ տարրերը չեն իրականացնում, այլ գործարարները, արտադրողներն ու վաճառողները, հանրային արդյունք ստեղծողները։
Իհարկե, մեր խորհրդարանում էլ եմ տնտեսական լոբբինգի տարրեր նկատում։ Անկեղծորեն, նորմալ եմ գնահատում եւ այն, ինչ այսօր շատ է շահարկվում, որ ԱԺ-ի բազմաթիվ պատգամավորներ սեփական բիզնեսն ունեն։ Նրանք իրենց լոբբինգն են իրականացնում, այլ շահեր չկան։ Ուղղակի, եթե ԱԺ պատգամավորը շատ է հեռանում իր ընտրողների շահերից եւ անձնական իր բիզնեսին գերի դառնում՝ սա արդեն անընդունելի է։
Հարցազրույցը վարեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ