«Ես վերջերս մեկ անգամ եւս կարդացել եմ ՀՀՇ-ի ծրագիրը, չնայած գրեթե անգիր գիտեմ եւ մասնակցել եմ այդ փաստաթղթի մշակման աշխատանքներին»։
ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆ ՀՀՇ պատգամավորական խմբակցության նախագահ, «Առավոտ», 7 հուլիսի
Բաբկեն Արարքցյանի փոքր ժամանակվա սիրած ոտանավորներից մեկը երկրորդ ընթերցմամբ հնչում է այսպես.
Կարդա՛, ա՛յ իմ խելոք Բաբիկ,
Կարդա՛, գրի՛ր տարին բոլոր,
Թեկուզ լինես ոտաբոբիկ,
Թեկուզ՝ ԱԺ պատգամավոր
ԱՐՄԵՆԻ ԼԵԶՈՒ
Կարդացեք նաև
«Տեր Աստվածն էլ… Մովսեսի հետ գա՝ չի կարող փոխել այս (մաքսայինև Վ. Դ.) համակարգը։ Ինչքա՞ն կարաս անմեղ օրիորդ մնաս, եթե քեզ անընդհատ ստիպում են՝ արա այս, արա այն»։
ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱԺ հանձնաժողովի նախագահ, «Առավոտ», 7 հուլիսի
… Մանավանդ՝ եթե ստիպում են բացառապես հետեւյալ բառերով. «Վերցրու», «Տուր»… (լինի մաքս, տուրք, թե պարզապես կաշառք)։
ԲԱԶԵՅԱՆԻ ԼԵԶՈՒ
«Այսպիսով (ԱԺ-ի ընդունած օրենքներով- Վ. Դ.) կառավարությունն ավելի նպատակային կաշխատի, եւ սեպտեմբերին կզգանք արդյունքը՝ կամ դրական, կամ բացասական։ Հուսով եմ, որ դրական»։
ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆ ԱԺ փոխխոսնակ, «Առավոտ», 7 հուլիսի
Առնվազն Հայաստանի ներկա կառավարության արհեստավարժության մակարդակն է անհրաժեշտ՝ նպատակային աշխատանքի շնորհիվ մինչեւ սեպտեմբեր հասնելու կամ դրական, կամ բացասական արդյունքի։
Եվ առնվազն պարոն Բազեյանի լավատեսությունը պիտի ունենանք՝ հուսալու, որ այդ արդյունքն, այնուամենայնիվ, ավելի շատ դրական կլինի, քան բացասական։
ՄԱԿԱՐՅԱՆԻ ԼԵԶՈՒ
«Որպես քաղաքական գործիչ ես ինձ չեմ կարող համարել որպես քաղաքական գործիչ, բայց կաշխատեմ նմանվել։ Իսկ տնտեսագե՜տ, ես լավ տնտեսագետ եմ. կարող եմ լավ մեկնաբանել տնտեսագիտությունը, այսինքն՝ բյուջեի համալրման եւ պլանների կատարման համար հիմա դեռ շուտ է, որը որ պետք է, այսինքն, պայմանագիրը կնքվի մյուս տարի՝ եկող տարիների համար։ Առկա դրությամբ՝ շատ շուտ է»։
ՄԻՔԱՅԵԼ ՄԱԿԱՐՅԱՆ ՀՀ մաքսային վարչության պետ, «Առավոտ», 7 հուլիսի
Հիշյալ տեքստը անհամեմատ կշահի եւ ավելի հասկանալի կլինի, եթե կարդանք վերջից. «Է շուտ շատ դրությամբ առկա։ Համար տարիների եկող տարի մյուս կնքվի պայմանագիրը, այսինքն, է պետք որ որը…» եւ այլն։
ՎԱՀԱԳՆԻ ԼԵԶՈՒ
«Այնտեղ (Օղակաձեւ զբոսայգում- Վ. Դ.) նույնիսկ լճեր կային, որոնք 5-6 տարի չէին աշխատել…»։
ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱԺ պատգամավոր, «Առավոտ», 7 հուլիսի
Լճերի չաշխատելու պատճառների վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան.
ա) լճերն արհեստավարժ չեն եղել,
բ) լճերը լցվել են ոչ թե մշտապես ու կանոնավոր, այլ երբեմն եւ փուլ առ փուլ,
գ) լճերը չեն լցվել ազգային խողովակով,
դ) լճերի գոյատեւման միակ աղբյուրը եղել է «Փարոս» ծրագրի շրջանակներում տրվող օգնությունը (հետագայում այդ օգնությունը դադարեց։
Կարծիք կա, թե «Փարոսը» խեղդվել է հիշյալ անջուր լճերում եւ ստացել «Ձախորդ Փարոս» անունը),
ե) լճերն անցել էին այլ աշխատանքի։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ