Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա լյա ֆռանգի»

Հուլիս 08,1998 21:24

 

Այսօրվա Հայաստանում ապրող տղամարդկանց կեսից ավելին ծառայել է խորհրդային բանակում: Պատճառն այն չէ, որ նրանք հայրենասեր չէին կամ զուրկ էին ազգային նկարագրից եւ պետական մտածելակերպից: Պարզապես մինչեւ 1991 թվականը մեր հանրապետությունում այլ բանակ չկար: Հետեւաբար, նրանք, ովքեր 91 թվականին 20 եւ ավելի տարեկան էին, կատարել էին իրենց քաղաքացիական պարտքը եւ, ըստ օրենքի, ոչ մի նոր պարտավորություն ոչ մեկի առաջ չունեն:
Այդ փոքրիկ հանգամանքը հաշվի չեն առել մեր օրենսդիրները, որոնք զինապարտության մասին նոր օրենքում առաջին ընթերցմամբ ընդունեցին մի կետ, համաձայն որի, պետական պաշտոնների կամ պատգամավորական մանդատի կարող են հավակնել միայն այն տղամարդիկ, ովքեր ծառայել են Հայաստանի /այսինքն՝ անկախ Հայաստանի/ զինված ուժերում: Պատճառաբանությունը ավանդական է. Ֆրանսիայում այդպես է:
Մեր օրենսդրական ֆրանսամոլությունը, որը, հավանաբար, գալիս է նախորդ իշխանությունների նախասիրություններից, դառնում է հին հիվանդության նման մի բան: Պետական այրերը եւ պատգամավորները հարյուր տոկոսով համոզված են, որ բոլոր օրենքները, սկսած Սահմանադրությունից, պետք է կամ լինեն «ա լյա ֆռանգի» կամ ընդհանրապես չլինեն: Տվյալ դեպքում, ենթադրում ենք, մտահորիզոնի սահմանափակության պատճառով, մեր պատգամավորները հաշվի չառան, որ Ֆրանսիան գոյություն ունի ավելի քան 200 տարի, իսկ Հայաստանը /իր զինված ուժերով հանդերձ/ սեպտեմբերին նշելու է իր 7-ամյակը:
Օրենքն ինքնին վատը չէ եւ՝ մի 50-70 տարի հետո՝ միանգամայն կիրառելի: Իսկ այսօր այն կարող է էապես աղքատացնել մեր առանց այդ էլ նշանավոր ուղեղներով ոչ հարուստ, ինչպես ընդունված է ասել, կադրային բանկը: Համենայնդեպս, մեր արհեստավարժ կառավարության մեծ մասն ըստ այդ օրենքի իրավունք չէր ունենա զբաղեցնել նախարարական աթոռները:
Իրականում, ծանոթ լինելով հայ իրականությանը, կարելի է ենթադրել, որ հարցը կլուծվի հետեւյալ կերպ: Պետական պաշտոնների եւ պատգամավորության հավակնորդները, որոնք, ինչպես հայտնի է, ունեւոր մարդիկ են, զինկոմիսարիատներից կաշառքով տեղեկանք կվերցնեն, թե իրենք ծառայել են Հայաստանի զինված ուժերում: Առավել աշխույժ ծերուկները տեղեկանք կհանեն, որ իրենք Անդրանիկի զինվորներն էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031